Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 18:47 19-01-2026

Պարտատոմսերի սուբսիդավորումը հարկատուների համար լրացուցիչ բեռ է ստեղծելու

Պետությունն առաջարկում է պարտատոմսերի թողարկման և շրջանառության ծախսերի մի մասը սուբսիդավորել՝ տարեկան մինչև 3 տոկոսով։ Սա փաստացի նշանակում է, որ պարտատոմսեր թողարկող սուբյեկտների համար եկամտաբերությունը ավելանում է 3 տոկոսով։

Այլ կերպ ասած՝ պետությունը սովորական հարկատուների հաշվին բարձրացնում է որոշ բիզնեսների կապիտալի շահութաբերությունը։ Այսպիսով, հարկ վճարող քաղաքացիներն անուղղակիորեն մասնակցում են բիզնեսմենների պարտատոմսերից ստացվող եկամտին։ Սա կարելի է դիտարկել որպես բիզնեսի սուբսիդավորում հանրային միջոցների հաշվին, ինչը աննախադեպ մոտեցում է։

Տնտեսագետ Սերգեյ Խաչատրյանը, Oragir.News-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային, կարծիք հայտնեց, որ սուբսիդիաները տնտեսությունում պետք է լինեն վերջին գործիքը, ոչ թե առաջինը։

Նրա խոսքով՝ դրանք կիրառվում են այն ժամանակ, երբ այլ բոլոր խթանիչ մեխանիզմները չեն աշխատում։ Մինչդեռ մեզ մոտ սուբսիդավորումը հաճախ օգտագործվում է որպես հիմնական միջոց։

«Պարտատոմսերի դեպքում ևս առաջանում են լուրջ հարցեր։ Եթե, օրինակ, որևէ բիզնես ցանկանում է թողարկել պարտատոմսեր տարեկան 13–15 տոկոս եկամտաբերությամբ, դա արդեն իսկ բարձր ռիսկային ներդրում է։ Ներդրողի ռիսկը, սակայն, չի սուբսիդավորվում․ պետությունը սուբսիդավորում է միայն տոկոսադրույքը՝ առանց ռիսկի նվազեցման կամ կառավարման մեխանիզմների։ Սա համակարգային խնդիր է»,- շեշտեց նա՝ հավելելով, որ սուբսիդիաների հիմնական նպատակը պետք է լինի ոչ թե կարճաժամկետ խնդիրների լուծումը, այլ ընդհանուր վստահության բարձրացումը տնտեսության նկատմամբ։

«Եթե, օրինակ, մենք սուբսիդավորում ենք գյուղատնտեսությունը, բայց միաժամանակ ամեն տարի փոխում ենք արտոնությունների պայմանները կամ հետաձգում դրանց կիրառումը, ապա այդ քաղաքականությունը դառնում է անկանխատեսելի և, ըստ էության, անարդարացված։ Նման պայմաններում սուբսիդիան ոչ միայն չի լուծում խնդիրը, այլ նաև խորացնում է այն։ Այս իրավիճակում առաջանում է հիմնարար հարց՝ պարտատոմսերի միջոցով ներգրավված միջոցներն արդյոք իրականում օգտակա՞ր են դառնում տնտեսության համար, թե՞, պարզապես, ապահովում են որոշ բիզնեսների ֆինանսավորումը հարկատուների հաշվին։ Սա դեռ բաց հարց է»,- նշեց մեր զրուցակիցը։

Սերգեյ Խաչատրյանի դիտարկմամբ, ներդրողների համար առանցքային նշանակություն ունեն նաև իրավական համակարգը և դրա արդյունավետությունը. «Այստեղ մենք ունենք առնվազն երկու լուրջ խնդիր՝ արդարության ընկալման պակաս և դատական գործընթացների երկարաձգված ժամկետներ։ Դանդաղ և ոչ թափանցիկ իրավական համակարգը բիզնեսի համար լուրջ խոչընդոտ է»։

Ամփոփելով միտքը՝ Խաչատրյանն ասաց․ «Այս համատեքստում, պարտատոմսերի սուբսիդավորումը ոչ թե մեղմում, այլ խորացնում է խնդիրը՝ ստեղծելով անարդար մրցակցություն և լրացուցիչ բեռ հարկատուների վրա։ Մնում է բաց հարց՝ այս քաղաքականությունը որքանո՞վ է նպաստում իրական տնտեսական զարգացմանը»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի