Հունվարի 16-ին, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (աշխարհիկ անունը՝ Արման Սարոյան) հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն ազատելու մասին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշումը և վերականգնել իրեն այդ պաշտոնում։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Արդեն երեկ՝ շատերի կարծիքով գերհապճեպ պայմաններում, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանը որոշում ընդունեց, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ենթակա է վերականգնման՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը։
Չնայած դատարանի որոշման մեջ հստակ նշված է, որ խոսքը վերաբերում է միջանկյալ դատական ակտին, և այն վերջնական ուժ չունի, իշխանության ներկայացուցիչները չեն հապաղել հրապարակային հայտարարություններ անել՝ ներկայացնելով այն որպես վերջնական որոշում։
Մասնավորապես՝ Գևորգ Պապոյանը գրել է. «Դատարանի որոշմամբ Գևորգ սրբազանը կվերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Կտրիճ Ներսիսյանի որոշումները առոչինչ են ոչ միայն դե ֆակտո, այլ նաև՝ դե յուրե»։
Նույնատիպ հայտարարություն է արել նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ նշելով. «Դատարանի որոշմամբ՝ Գևորգ սրբազանը կվերականգնվի թեմի առաջնորդի պաշտոնում»։
Դատական ակտի՝ իբրև վերջնական լինելու մասին ձևակերպումներ են օգտագործել նաև իշխանամետ մի շարք լրատվամիջոցներ։
Ընդդիմադիր շրջանակների գնահատմամբ՝ այդ հրապարակումները կրում են մանիպուլյատիվ բնույթ և հանրությանը ներկայացնում են ոչ թե դատարանի իրական որոշման բովանդակությունը, այլ իշխանության համար ցանկալի մեկնաբանությունը։
Թեմայի իրավական նրբությունները պարզաբանելու և դատարանի որոշման բովանդակությունը հանգամանալից ներկայացնելու նպատակով
Oragir.News-ը զրուցել է փաստաբան Տաթևիկ Սողոյանի հետ։
Տաթևիկ Սողոյանը մեզ հետ զրույցում նախ անդրադարձավ հիմնարար հարցին՝ արդյոք դատական համակարգը կարո՞ղ է միջամտել եկեղեցու ներքին գործերին և ընդունել հայցեր հոգևոր դասի ներկայացուցիչների կողմից։
Փաստաբանի խոսքով՝ Հայաստանում նման նախադեպ չի եղել, և առկա իրավական տրամաբանությունը հուշում է, որ դատական իշխանության միջամտությունը եկեղեցական հարաբերություններին խիստ սահմանափակված պետք է լինի։ Նա նշել է, որ այս հարցում կարևոր է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը, ըստ որի՝ կրոնական կազմակերպությունների դեպքում գերակա է համոզմունքային բաղադրիչը, իսկ վերադաս-ենթակա հարաբերությունները էապես տարբերվում են դասական գործատու–աշխատող հարաբերություններից։
«Կրոնական կազմակերպությունների պարագայում պետությունը չպետք է միջամտի, քանի որ դրանք ունեն ինքնավարություն, և այստեղ գործ ունենք ոչ թե սովորական աշխատանքային հարաբերությունների, այլ հավատքի և նվիրապետության համակարգի հետ»,– ասաց Սողոյանը։
Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ եվրոպական իրավական մոտեցումը ծայրահեղ չէ և թույլ է տալիս պետություններին ունենալ որոշակի հայեցողական տիրույթ, սակայն տվյալ դեպքում հատկապես խնդրահարույց է դատարանի գործողությունների արագությունն ու ձևը։ Սողոյանի գնահատմամբ՝ անգամ սովորական աշխատանքային վեճերի դեպքում նման հապճեպ որոշումներ չեն կայացվում, առավել ևս՝ երբ խոսքը վերաբերում է եկեղեցու բարձրագույն հիերարխիային։
Փաստաբանը հիշեցրել է, որ Հայ Առաքելական եկեղեցու կանոնադրությամբ և ավանդությամբ Ամենայն հայոց կաթողիկոսն ունի բացառիկ լիազորություն՝ թեմի առաջնորդներ նշանակելու կամ պաշտոնից ազատելու հարցում, և դա ենթակա չէ աշխարհիկ դատարանների վերանայման։
«Կաթողիկոսը լիակատար ազատություն ունի թեմի առաջնորդներին նշանակելու կամ այդ պաշտոնից ազատելու հարցում, և որևէ ողջամիտ իրավական հիմնավորում դատարանի այս որոշման համար պարզապես գոյություն չունի»,- ընդգծեց նա։
Սողոյանն ուշադրություն հրավիրեց նաև այն բանին, որ դատարանի որոշումը միջանկյալ է և կայացվել է՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը, մինչդեռ իշխանության ներկայացուցիչները այն ներկայացնում են որպես վերջնական լուծում։ Նրա գնահատմամբ՝ սա վտանգավոր մանիպուլյացիա է, քանի որ հայցի ապահովման միջոցը չի կարող նույնացվել գործի վերջնական լուծման հետ։
Փաստաբանի խոսքով՝ նույնիսկ այն դեպքերում, երբ աշխատանքից ազատված պետական կամ մասնավոր ոլորտի աշխատակիցը դիմում է դատարան, հայցի ապահովման միջոցով պաշտոնում վերականգնումը գործնականում գրեթե չի կիրառվում, առավել ևս՝ այսպիսի արագությամբ։
Ժամկետների մասով Սողոյանը նշել է, որ օրենքը նախատեսում է հայցի ապահովման միջնորդության անհապաղ քննություն, սակայն իրականում դատական պրակտիկայում նման գործընթացները սովորաբար տևում են ավելի երկար։
«Տեսականորեն ժամկետները պահպանված են, բայց փաստացի մենք տեսնում ենք, որ այս որոշումը կայացվել է ընդամենը երկու օրում, այն էլ՝ առանց պատշաճ հիմնավորման հրապարակման»,- ասաց նա։
Սողոյանը հավելեց՝ Դատալեքս համակարգում հրապարակված որոշումը չի պարունակում հայցի ապահովման կիրառման հիմնավորումները, ինչի հետևանքով հանրությունը զրկված է հասկանալու, թե ինչ իրավական պատճառաբանությամբ է դատարանը նման քայլի դիմել։
«Մենք չենք տեսնում՝ ինչու էր անհրաժեշտ կիրառել հայցի ապահովման միջոցը․ այդ հիմնավորումը պարզապես բացակայում է»,- եզրափակեց փաստաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում․