2026 թ․ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը՝ իր հետ բերելով բազմաթիվ խնդիրներ։ Քաղաքացիները պետք է ներբեռնեն Armed eHealth հավելվածն ու գրանցվեն համակարգում:
Oragir.News-ը նշված էլեկտրոնային համակարգի հետ կապված բազմաթիվ բողոքներ է ստանում․ մարդիկ նշում են, որ չեն կարողանում օգտվել համակարգից, մշտապես մերժումներ են ստանում, նույնականացումը չի ընդունվում և այլն։
Առողջության ապահովագարական համակարգը փաստացի չի գործում, իսկ նախարարությունից պահանջում են պարտադիր այդ տարբերակով գրանցվել։ «Փաստորեն սա Հայաստանում գործող միակ նմանատիպ էլեկտրոնային համակարգն է, որը նույն խնդիրներն ուներ նաև դեղատների էլեկտրոնային դարձնելու փուլում։ Այսինքն՝ համակարգն ունի թողունակության խնդիրներ։ Երբ շատ մարդիկ միաժամանակ փորձում են օգտվել, այն պարզապես չի դիմանում բեռնվածությանը։ Թեպետ պատասխանատուները նշում էին, որ թողունակությունը մեծացվել է, նոր տեխնիկական միջոցներ են ձեռք բերվել, այս պահին բողոքները շարունակում են շատ լինել»,- անդրադառնալով խնդրին՝ ասում է «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։
Ի՞նչ պետք է անեն այն քաղաքացիները, որոնք ունեն հրատապ առողջական խնդիրներ և շտապ բժշկական օգնության կարիք։
«Մարդիկ ոչինչ չեն կարողանում անել։ Խնդիրների առաջ են կանգնած ոչ միայն քաղաքացիները, այլև բժիշկները։ Լուրջ դժվարություններ կան նաև գրանցման և ընտանեկան բժշկի փոփոխման հետ կապված։ Շատ քաղաքացիներ տարիներ շարունակ չեն դիմել իրենց ընտանեկան բժշկին, ունեցել են նախընտրած այլ մասնագետներ, սակայն այսօր ստիպված են գնալ ընտանեկան բժշկի՝ միայն ուղեգիր ստանալու համար։ Սակայն անգամ այդ գործընթացը շատ դեպքերում չի իրականացվում,- ներկայացնում է փորձագետը՝ շարունակելով․- ըստ նախարարի ներկայացրած թվերի՝ այս պահին անգամ 1 տոկոսը դեռ չի դիմել համակարգին։ Եթե մոտ 600 հազար քաղաքացի սկսի միաժամանակ օգտվել այս համակարգից, կունենանք շատ ավելի լուրջ խնդիրներ, փաստացի՝ կոլապս»։
Իրավիճակի վերաբերյալ ներկայացնելով իր գնահատականը, Անուշ Պողոսյանն ասաց, որ Կառավարության ընդունած այս որոշումը և դրա ենթաօրենսդրական ակտերն ընդունվել են բազմաթիվ խախտումներով. «Գործընթացը եղել է հապճեպ, ռիսկերը չեն գնահատվել, ինչի հետևանքով առաջին հերթին կնվազի մարդկանց վստահությունը ապահովագրության նկատմամբ և կստեղծվի ընդհանուր խառնաշփոթ։ Իմ գնահատականն այն է, որ գործընթացը պետք է իրականացվեր փուլային եղանակով՝ սկզբում ընդգրկելով փոքր, թիրախավորված խմբեր, կատարելով փորձարկում, բացահայտելով խնդիրները և աստիճանաբար շտկելով դրանք։ Այդպես քաղաքացին, հատկապես վճարող քաղաքացին, կհասկանար՝ ինչի համար է վճարում և ինչպես օգտվել ծառայություններից՝ առանց այս քաշքշուկի»։
Մեր զրուցակիցը նշեց, որ այս պահին էլ պարզ չէ՝ ինչ մասնագետներ են ներգրավված հիմնադրամում, ինչպես է ձևավորվել դրա աշխատակազմը։ Խոսքը նախադեպը չունեցող հիմնադրամի մասին է, որը պետք է տնօրինի և կազմակերպի ամբողջ ապահովագրական գործընթացը Հայաստանում։
«Հատկապես մտահոգիչ է հիմնադրամի տնօրենի նշանակումը։ Մինչև 2018 թվականը մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել տվյալ անձի վերաբերյալ՝ կոռուպցիոն և քրեական գործերի համատեքստում։ Այս պարագայում հարց է առաջանում՝ արդյոք կարելի՞ է վստահել հիմնադրամի ղեկավարին և խորհրդին, որը նույնպես ձևավորվել է օրենսդրության խախտմամբ, քանի որ օրենքով սահմանված է, որ խորհրդի անդամները պետք է ընտրվեն մրցութային կարգով։ Այսինքն՝ հիմնադրամի գործունեության հետ կապված բազմաթիվ լուրջ խնդիրներ կան, այն դեպքում, երբ հենց այդ կառույցն է տնօրինելու մեր քաղաքացիների առողջապահական ապահովագրության գումարներն ու ամբողջ գործընթացը»,- եզրափակեց Անուշ Պողոսյանը։
Այս ամենի ֆոնին ակնհայտ է, որ առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը ուղեկցվում է համակարգային խնդիրներով, որոնք, եթե չլուծվեն ժամանակին, կարող են հանգեցնել ոչ միայն տեխնիկական ձախողումների, այլև հանրային վստահության կորստի։
Հասմիկ Մովսիսյան