Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 14:13 22-07-2026

ՀՀ-ի տնտեսության վերաբերյալ հուլիսյան զեկույցն ահազանգում է վտանգավոր միտումների մասին. Դ․ Անանյան

Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հուլիսյան զեկույցն ահազանգում է արդեն ձևավորվող վտանգավոր միտումների մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«2026 թվականի մայիսին տնտեսական ակտիվությունն աճել է 11.7%-ով, իսկ հունվար-մայիսին՝ 8%-ով։ Սակայն նույն ժամանակահատվածում արտահանումը նվազել է 3.7%-ով, ներմուծումն աճել՝ 2.2%-ով, իսկ առևտրային պակասուրդը հասել է տարեկան կանխատեսվող ՀՆԱ-ի շուրջ 7%-ին։ Միայն մայիսին Ռուսաստան արտահանումը կրճատվել է 15%-ով։
Գնաճը հունիսին հասել է 5.1%-ի, իսկ պարենային ապրանքների գնաճը՝ 8.6%-ի։ Նույնիսկ բյուջեի՝ առաջին հայացքից դրական թվացող 0.8%-անոց հավելուրդը ձևավորվել է կապիտալ ծախսերի 54.5% կրճատման և պաշտպանության ծախսերի դադարեցման պայմաններում։

Համաշխարհային բանկն առանձին ընդգծում է Ռուսաստանի հետ քաղաքական զարգացումներից բխող ռիսկերը։ Զբոսաշրջիկների 40%-ը և մայիսյան զուտ դրամական տրանսֆերտների 61%-ը Ռուսաստանից են։ Դրանք ամրապնդել են դրամը, մեծացրել բանկային իրացվելիությունը և աջակցել ներքին պահանջարկին։ Այսինքն՝ Ռուսաստանի նկատմամբ կախվածությունն այլևս միայն արտաքին առևտրի հարց չէ։ Այն միաժամանակ վերաբերում է արտահանմանը, տրանսֆերտներին, զբոսաշրջությանը, ներքին սպառմանը, փոխարժեքին և էներգետիկ անվտանգությանը։
Մայիս-հունիսին Ռուսաստանը սահմանափակել է հայկական գյուղատնտեսական արտադրանքի, ծաղիկների, ձկնամթերքի, հանքային ջրի և ալկոհոլային խմիչքների մուտքն իր շուկա։

Համաշխարհային բանկն արդեն զգուշացնում է՝ եթե այդ սահմանափակումները պահպանվեն կամ ընդլայնվեն, դրանց հետևանքները դուրս կգան արտաքին առևտրի շրջանակից և կհարվածեն տնտեսական աճին, գներին ու սոցիալական պայմաններին։

Իսկ ի՞նչ է հակադրում Հայաստանի իշխանությունն այս վտանգին։ Տրանսպորտային և մաքսային ծախսերի պետական փոխհատուցում և արտահանումը ԵՄ շուկա արագ վերաուղղելու մասին լավատեսական հայտարարություններ։
Եվրամիության օժանդակությունը քաղաքականապես թեև կարևոր է, բայց տնտեսական ծավալով սահմանափակ, իսկ դրա հիման վրա ռուսական շուկան կարճ ժամանակում եվրոպականով փոխարինելու իշխանական սպասումը՝ անհեթեթ։
Եվրոպական շուկան միայն մաքսատուրքի վերացում չէ։ Այն պահանջում է որակի և անվտանգության այլ չափանիշների համապատասխանություն, սերտիֆիկացում, հետագծելիություն, թանկ լոգիստիկա, կայուն մատակարարումներ, բաշխման ցանցեր, նոր փաթեթավորում, մարքեթինգ և տարիներով կառուցվող գործարար կապեր։ Հատկապես թարմ գյուղմթերքը, ծաղիկը կամ ձկնամթերքը հնարավոր չէ կառավարության որոշմամբ կամ եվրոպացի պաշտոնյայի հայտարարությամբ մեկ օրում տեղափոխել այլ շուկա։

Մաքսատուրքից ազատված ապրանքը դեռ վաճառված ապրանք չէ։
Բայց խնդրի ամենացավոտ կողմն այլ է։ Իշխանությունը քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ հետևողականորեն հասցրեց առճակատման, բայց տնտեսությունը թողեց նույն Ռուսաստանից բազմաշերտ կախվածության մեջ։ Չկառուցեց տնտեսական անվտանգության բարձիկներ, չպատրաստեց արտադրողին, չստեղծեց իրատեսական այլընտրանքներ։

Այդ ապիկարության գինն այժմ պետք է վճարի ջերմոցատերը, գյուղացին, ձկնաբույծը, գինեգործը, արտահանողը, սպառողն ու հարկ վճարողը։ Վերջինս՝ նաև այն պատճառով, որ իշխանությունն իր չկատարած աշխատանքի հետևանքներն այժմ փորձելու է ծածկել պետական բյուջեից տրամադրվող փոխհատուցումներով։

Ռուսաստանը Հայաստանի տնտեսական կախվածությունը վեր է ածել քաղաքական հարկադրանքի գործիքի, իսկ Հայաստանի իշխանությունը, չկարողանալով ո՛չ կառավարել ու թուլացնել այդ կախվածությունը, ո՛չ ստեղծել դրա իրատեսական այլընտրանքը, իր աշխարհաքաղաքական իմպրովիզացիայի ամբողջ գինը փոխանցել է Հայաստանի տնտեսությանն ու քաղաքացիներին»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Ձեզ գուցե հետաքրքրի