Ներքին 6 ամիս առաջ - 13:22 13-04-2026

Եթե ներդրումներն աճել են, ապա որտե՞ղ է դրա արտացոլումը տնտեսության մեջ. թվերը սխալ չեն, բայց դրանց ներկայացման ձևը խեղաթյուրված է և քաղաքականապես շահարկվող. Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր»-ի անդամ Դավիթ Անանյանը ֆեյսբուքում գրել է.

«ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարում է, որ 2025 թվականին՝ 2024-ի համեմատ, Հայաստանում ներդրումներն աճել են 88%-ով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ մոտ 3.6 անգամ։

Թվերը, այո, վերցված են պաշտոնական վիճակագրությունից։ Բայց եթե դրանք չվերլուծենք, ստացվում է այն, ինչ հաճախ փորձում են ներկայացնել՝ ներդրումային բումի պատրանք։

Եկեք նայենք նույն թվերին՝ ամբողջական պատկերով։ Պաշտոնական տվյալներով 2024 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) կազմել են 131.6 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2025 թվականին՝ 605.1 մլն ԱՄՆ դոլար։

Այսինքն՝ աճը կազմում է ոչ թե պարզապես «3.6 անգամ», այլ իրականում մոտ 4.6 անգամ (կամ մոտ +360%)։

Բայց այստեղ սկսվում է ամենակարևորը։

Նույն պաշտոնական աղբյուրի համաձայն, 2024 թվականին իրական հատվածում ուղղակի ներդրումների զուտ հոսքը եղել է -47.5 մլրդ դրամ։ Այսինքն՝ ունեցել ենք ոչ թե ներդրում, այլ ներդրումների արտահոսք։

2025 թվականին այդ ցուցանիշը դարձել է +93.0 մլրդ դրամ։ Այսինքն՝ մենք տեսնում ենք ոչ թե բում, այլ անցում բացասականից դեպի դրական դաշտ։

Երբ բազան բացասական է կամ ծայրահեղ ցածր, ցանկացած վերականգնում թվերով կարող է թվալ «պայթյունային աճ»։

Հիշեցման կարգով նշենք, որ 2024 թվականին, միջազգային գնահատականներով, ՕՈՒՆ-ը կազմել էր ՀՆԱ-ի ընդամենը մոտ 0.3%-ը։ Սա չափազանց ցածր մակարդակ է նույնիսկ զարգացող տնտեսության համար։

Այս ֆոնին 2025 թվականի աճը ավելի շուտ վերականգնման էֆեկտ է, ոչ թե կառուցվածքային շրջադարձ։

Հիմա անցնենք մեկ այլ կարևոր հանգամանքի։ Ներկայացվում է նաև երկրների ցանկ՝ ԱՄՆ, Լյուքսեմբուրգ, Ղազախստան, Սինգապուր, Շվեյցարիա, Ֆրանսիա։ Թվերով․ ԱՄՆ՝ շուրջ 93.9 մլրդ դրամ, Լյուքսեմբուրգ՝ 41.5 մլրդ դրամ, Սինգապուր՝ 18.9 մլրդ դրամ և այլն։

Բայց այստեղ կա մի հիմնարար նրբություն։ Լյուքսեմբուրգը, Սինգապուրը, Շվեյցարիան հաճախ հանդիսանում են ֆինանսական միջնորդ հարթակներ, ոչ թե ներդրողի իրական աղբյուր։

Այսինքն՝ այս ցանկը ցույց է տալիս ոչ թե «ով է ներդրում անում Հայաստանում», այլ՝ որտեղից են գրանցվում ֆինանսական հոսքերը։

Եվ վերջապես՝ ամենակարևոր հարցը։

Եթե ներդրումները իրականում աճել են այս տեմպերով, ապա որտե՞ղ է դրա արտացոլումը տնտեսության մեջ։ Որտե՞ղ է արդյունաբերության կայուն աճը, արտահանման ընդլայնումը, ինչպես նաև արտադրողականության բարձրացումը։

Փոխարենը մենք տեսնում ենք արտահանման անկում, արդյունաբերության տատանումներ և կառուցվածքային տեղաշարժերի բացակայություն։

Եզրակացությունը հստակ է։ Թվերն արտաքուստ սխալ չեն, բայց դրանց ներկայացման ձևը մեթոդաբանական առումով խեղաթյուրված է և քաղաքականապես շահարկվող։

Մենք գործ ունենք ոչ թե ներդրումային բումի, այլ ցածր բազայի վրա ձևավորված թվաբանական աճի, ֆինանսական հոսքերի վերադասավորման և վիճակագրական ցուցանիշների ոչ լիարժեք մեկնաբանության հետ։

Իսկ սա արդեն ոչ միայն վիճակագրության հարց է, այլ տնտեսական քաղաքականության և այդ քաղաքականությունն իրագործողի որակի հարց»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ