Oragir.News-ը ներկայացնում է դեկտեմբերի 19-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի կազմից հեռացվել են Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը և Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Էջմիածնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։ «Հեռացված հոգևորականներին փոխարինելու են Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն ընտրվում կամ նշանակվում են՝ կապված աշխարհագրական դիրքի և տվյալ թեմի առաջնորդ լինելու հանգամանքի հետ»,– ասաց տեր Եսային։ Ինչ վերաբերում է եկեղեցու դեմ դուրս եկած սրբազաններին կարգալույծ անելու հնարավորությանը, Մայր աթոռը դեռևս միայն զգաստության կոչ է արել, տեր Եսային նշեց, որ Մայր աթոռը շարունակում է գործել կանոնականության սահմաններում։ «Մայր աթոռն իր գործունեությունն իրականացնում է և այդ կոչերը հնչեցնում է կանոնականության համաձայն։ Սա գործընթաց է, որն ամենակարևորը պետք է լինի կանոնականության սահմաններում՝ պահպանելով եկեղեցու առաքելությունն անխաթար։ Իսկ մնացածը առաջիկայում կտեսնենք»,– ավելացրեց նա։ Խոսելով Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսի հնարավոր հեռացման մասին արցախցիները խնդրագիր-պահանջագրին` տեր Եսային նշեց, որ վեհափառը դեռևս նման նամակ չի ստացել։
Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը: Այս մասին հայտնում են կառավարությունից: Փաշինյանի կաբինետից վստահեցրել են, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հերթական արդյունքն է տալիս տնտեսական համագործակցության խթանմամբ:«Նոյեմբերի 28-ին Գաբալայում երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որի համաձայն՝ Հայաստանին է մատակարարվում 22 վագոն բենզին։ Նախաձեռնությունն առանձնապես կարևոր է նաև երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման համատեքստում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հանրային հեռուստաընկերությունն էլ հայտնում է, որ բեռը պատկանում է 2 մասնավոր ընկերությունների։ Այս պահին ընկերությունների անունները դեռ չեն հրապարակվել։ Ադրբեջանական բենզինով բեռնված գնացքի կադրերով կիսվել է նաև Նիկոլ Փաշինյանը և դրանց կից գրել․ «Խաղաղությունն այլևս իրողություն»։
Հաստատված խաղաղության ֆոնին Բաքվի ռազմական դատարանում ավարտին է մոտենում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը։ Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ` այսօր ամբաստանյալները սկսել են հանդես գալ եզրափակիչ խոսքով։ Առաջինը դատարանին է դիմել Արցախի Հանրապետության չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ադրբեջանական կողմի փոխանցած տեղեկությունների համաձայն, որոնց հավաստիությունն անկախ աղբյուրներից հնարավոր չէ պարզել, Հարությունյանն իբր նշել է, թե 1993 թվականին Քարվաճառի ազատագրման ժամանակ տեղի ունեցած առնվազն երկու միջադեպերը «ռազմական հանցագործություններ էին»։ Նշենք, որ անկախ աղբյուրներից Հարությունյանի կողմից նման հայտարարություններ հնչեցնելու մասին որևէ հաստատում չկա, քանի որ Բաքվի ռազմական դատարանում ընթացող դատավարությանը անկախ լրատվամիջոցներ և օտարերկրյա դիվանագետներ չեն մասնակցում։
Մանրամասները՝ տեսանյութում: