Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 19:52 28-08-2025

Փաշինյանը հունից դուրս եկավ, ՀԷՑ-ի վճիռը չեն կատարելու, Մակունցը նոր պաշտոն կստանա. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է օգոստոսի 28-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Այսօր Հայ Առաքելական եկեղեցու Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով հերթական դատական նիստն էր, որի ժամանակ մեղադրող կողմը դատարանին միջնորդեց մեղավոր ճանաչել Սրբազանին՝ իշխանությունը զավթելու կոչի հոդվածով: Մեղադրական ճառում դատախազ Վահան Հարությունյանը կրկնեց մեղադրանքի հիմքում Սրբազանի հարցազրույցն է, որտեղ ըստ մեղադրող կողմի, հեղաշրջման կոչ է հնչել։ Ընդ որում՝ մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Դատախազությունը հիմնավորում է, թե Աջապահյանն այս հայտարարությունն արել է նաև 2025-ի հունիսին։ Աջապահյանի փաստաբանական թիմը նախորդ դատական նիստում պնդել է, որ այդ նախադասություններում նա կոչով չի դիմում որևէ մեկին, որևէ մեկին չի հրավիրում, չի կանչում, այլ պարզապես արտահայտում է իր սեփական կարծիքը՝ վերլուծելով երկրում ստեղծված իրավիճակը, ինչի մասին արտահայտում է իր գնահատողական դատողությունները նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մասին։ Նշենք, որ Միքայել Սրբազանի գործով դատավարությունը բավական արագ է ընթանում։ Գրեթե ամեն օր նիստ կա, որոշները շարունակվում են անգամ աշխատանքային ժամի ավարտից հետո: Այսօր ճառով հանդես կգա նաև պաշտպանական կողմը։ Մեղավոր ճանաչվելու դեպքում Միքայել Սրբազանին սպառնում է տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում:

Կառավարության այսօրվա նիստից հետո Փաշինյանը հանդես է եկել ճեպազրույցով։ Փաշինյանը նշել է, որ այն փաստաթուղթը, այն պայմանավորվածությունը, որն արձանագրում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը, սահմանների անխախտելիությունը Սերժ Սարգսյանն անվանում է կապիտուլյացիա։ «Սրանով նա բացահայտում է, որ իր և ոչ միայն իր, ամբողջ գործունեությունն ուղղված է եղել և շարունակում է ուղղված լինել Հայաստանի ինքնիաշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սահմանների անխախտելիության դեմ: Այսինքն, դա շատ ցցուն և խոսուն ինքնախոստովանություն է»,- հայտարարեց նա: Կառավարության ներկայիս ղեկավարը նաև համոզմունք է հայտնել, որ ժողովուրդն իր ընտրություններով Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին իրենց տեղերը ցույց է տվել: «Ինձ ամենաշատը մեղադրում են նրա մեջ, որ ՀՀ նախկին նախագահները մեր քաղաքական կյանքում դեռ գոյություն ունեն։ Հույս ունեմ, որ առաջիկա ընտրություններում այդ հարցը կլուծվի։ Ես պիտի արդարանամ, որ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի լեզուն դեռ պտտվում է ՀՀ-ում որևէ բան ասելու, բայց ես կարծում եմ, որ առաջիկա ընտրություններում մեր ժողովուրդը հնարավորություն կունենա նրանց քաղաքական լեզուն կտրել և արմատախիլ անել»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այն հայտարարությանը, որով նա ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։ Փաշինյանի համոզմամբ՝ Նեթանյահուի հայտարարությունը որևէ կապ չունի ո՛չ Հայաստանի Հանրապետության ու ո՛չ ժողովրդի, ո՛չ հայ ժողովրդի շահերի հետ: «Եվ ընդհանրապես, մենք պետք է հասկանանք, մենք ուզու՞մ ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը լինի աշխարհաքաղաքական մանրադրամ ուրիշների ձեռքում, որը մեր պետության շահերի և ժողովուրդի շահերի հետ կապ չունի»,-ասել է Փաշինյանը։ Փաշինյանի այս հայտարարությունն անմիջապես հայնտվել է ադրբեջանական լրատվամիջոցների գլխագրերում։ «Փաշինյանը համաձայն չէ Նեթանյահուի հետ. Հայոց ցեղասպանություն չի եղել»,- ոգևորությամբ հայտնում է ադրբեջանական մամուլը։

Նիկոլ Փաշինյանն այսօր նաև պնդել է, որ կառավարությունը չի կատարելու «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բռնագանձման հերթական քայլերն արգելող Ստոկհոլմի արբիտրաժի հրատապ որոշումը։ Ավելին՝ Փաշինյանն այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին պատասխանելիս, հունից դուրս եկավ ու հայտարարեց, որ հակառակ դիրքորոշում ունեցող պաշտոնյաները պետք է լքեն գործադիրը։ «Կառավարությունը ես եմ, որևէ մեկը չի կարող իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ։ Ընդհանրապես, եթե կառավարությունում իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե՝ ոչ, ես ինքս նրանց կհանեմ»,- հայտարարեց նա։ Նշենք, որ հենց վարչապետի ենթակայությամբ գործող Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն էր ընդունել, որ միջազգային արբիտրաժի որոշումը պարտադիր կատարման է: «Ի պատասխան ՀԿԾՀ-ի՝ արբիտրաժային վճռի պարտադիր կատարման ենթակա լինելու վերաբերյալ վարչապետի աշխատակազմ ուղարկված մի շարք հարցադրումների, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը մանրամասն ներկայացրել է վերաբերելի իրավակարգավորումներն արբիտրաժային վճիռների, այդ թվում՝ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի հուլիսի 22-ի վճռի պարտադիրության, դրա կամավոր կատարման և ճանաչման վերաբերյալ», - հայտնել էին գրասենյակից։ Անդրադառնալով հարցին՝ արյդոք կառավարությունում հաշվի՞ են առել որոշման չկատարման հետևանքները, Փաշինյանը պնդեց, թե գործադիրը արբիտրաժում հաղթել է։ՀԷՑ Տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին այս հայտարարության համար։ «Մեր իրավաբանական թիմը շնորհակալություն է հայտնում վարչապետ Փաշինյանին։ Եվս մեկ նման հայտարարություն, և արբիտրաժային դատարանում մեր վերջնական հաղթանակն անխուսափելի կլինի»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում: