Միտք Ներքին 5 ամիս առաջ - 17:30 19-12-2025

Ո՞ւմ մոտ կգնա Փաշինյանն իր արժանապատիվ հեռացումը քննարկելու

Արժանապատիվ հեռացումը կարո՞ղ է ավանդույթ դառնալ։ 2018-ին Սերժ Սարգսյանը «Մարիոթ» հյուրանոցում հանդիպեց Փաշինյանին։ Վերջինս այդ հանդիպմանը գնացել էր մեկ օրակարգով՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հեռացման հարցը։ Սերժ Սարգսյանն արժանապատիվ հեռացավ, գրելով՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»։

«Պատրաստ եմ ընդունել (Կաթողիկոսին-խմբ.) իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով: Որ պահին պատրաստ լինի հանդիպել, ես պատրաստ եմ»,- Կառավարության դեկտեմբերի 18-ի նիստից հետո ասել է Նիկոլ Փաշինյանը։

Եթե կաթողիկոսը ևս ընդունի Փաշինյանի առաջարկն, ապա իշխանությունից արժանապատիվ հեռացումն ավանդույթ կդառնա։ Եվ որոշ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը կարող է քննարկել իր արժանապատիվ հեռացման հարցը։

Ո՞ւմ մոտ կգնա Փաշինյանն իր արժանապատիվ հեռացման հարցը քննարկելու համար։ Կամ ո՞վ կարող է ապահովել Փաշինյանի արժանապատիվ հեռացումը։

Արժանապատիվ հեռացում հնարավոր է, երբ իշխանության շահառուները համաձայնության են գալիս։ Այսինքն՝ եթե Փաշինյանն ասում է, թե պատրաստ է քննարկել կաթողիկոսի արժանապատիվ հեռացման հարցը, այդպիսով ակնարկում է, թե այդ հարցում կա կոնսենսուս։

Նկատենք, որ Փաշինյանը մի քանի անգամ ակնարկել է, թե Գարեգին Բ-ի ետևում Մոսկվան է։ Հիշեցնենք նաև, որ 2018-ին ռուսներն էական դեր են ունեցել Սերժ Սարգսյանի իշխանության տապալման հարցում։ Փաշինյանը, հավանաբար, իրազեկվել էր ռուսների պլանների մասին ու այդ հիմքով էր վստահ ասում, թե պատրաստ է Սերժ Սարգսյանի հետ քննարկել նրա հեռացման հարցը։ Նույն հիմքով ենթադրելի է, որ եթե այսօր Փաշինյանն ասում է, թե պատրաստ է քննարկել կաթողիկոսի արժանապատիվ հեռացման հարցը, այդպիսով ակնարկում է, թե ռուսները համաձայն են Գարեգին Բ-ի արժանապատիվ հեռացմանը։

Գարեգին Բ-ի արժանապատիվ հեռացումը նաև կարող է ապահովել, որ Փաշինյանը ևս արժանապատիվ հեռանա որոշ ժամանակ անց։ Ինչպես նա այսօր կապահովի Գարեգին Բ-ի արժանապատիվ հեռացումն, այնպես էլ վաղն ինչ-որ մեկը կապահովի Փաշինյանի արժանապատիվ հեռացումը։ Եթե մինչ այդ Հայաստանը դուրս գա ռուսական ուղեծրից, դառնա ԱՄՆ դաշնակից պետություն, ապա Փաշինյանի արժանապատիվ հեռացման հարցում էական կլինի Վաշինգթոնի դիրքորոշումը։

Հարկ է հաշվի առնել, որ Արևմուտքը Հայաստանից գործնական քայլեր է ակնկալում ու երկար չի սպասելու ՔՊ-ի ռուսամետ խաղերին։ Իսկ Փաշինյանը կաշկանդված է ռուսների հետ պայմանավորվածություններով։ Այսինքն՝ իշխանությունը շուտով ծանր բեռ է դառնալու ռուսամետ Փաշինյանի շալակին։ Նա, հավանաբար, չի կարողանում ազատվել Մոսկվայի ճնշումներից, կանգնել անկախության, ժողովրդավարության պաշտպանության դիրքերում։ Հետևաբար՝ կփորձի ազատվել իշխանության բեռից, որից առաջ նրան անհրաժեշտ կլինի մեկը, որը կապահովի նրա արժանապատիվ հեռացումը։

Այստեղ ահա՝ կարևոր է ներքին ակտորների դիրքորոշումը։ Ենթադրելի է, որ ընդդիմադիր ուժերը կզարգացնեն ավանդույթն ու առաջիկա ընտրարշավում պատրաստակամություն կհայտնեն Փաշինյանի հետ քննարկելու նրա արժանապատիվ հեռացման հարցը։ Եթե շատերը պատրաստակամություն հայտնեն, ապա Փաշինյանը հնարավորություն կունենա ընտրելու, թե ում մոտ գնա, ում հետ քննարկի այդ հարցը։

Ոմանց ժամանակավրեպ կարող է թվալ Փաշինյանի արժանապատիվ հեռացման թեման։ Սակայն մի քանի ամսից ընտրություններ են, և ընտրողն իրավունք ունի ձայն չտալու ՔՊ-ին։ Դեկտեմբերի 18-ին Էջմիածնում տեղի ունեցածը հիմք տվեց ասելու, որ Փաշինյանի ծրագրերը մեծ ժողովրդականություն չեն վայելում։ Ուստի՝ Փաշինյանը կարող է ոչ միայն հրաժարվել կաթողիկոսափոխության օրակարգից, այլև մտածել, թե ո՞վ պիտի ապահովի իր արժանապատիվ հեռացումը, եթե 2026-ին պարտվի։

Ի վերջո՝ Փաշինյանի արժանապատիվ հեռացումը ազգային արժանապատվության հարց կարող է դառնալ։ Ներքին խաղաղության ձգտող ժողովուրդը կարող է հավատալ, որ ամեն առավոտ սրտիկ նվիրող Փաշինյանը 2026-ին պարտվելուց հետո չի կեղծելու ընտրությունները, արժանապատիվ հեռանալու է, վարչապետի աթոռը զիջելով ժողովրդի ընտրյալին։ Ավելին՝ եթե արժանապատիվ հեռանալը դառնա քաղաքական ավանդույթ ու նորմ, ապա գուցե այլևս երբեք ընտրակեղծիքներ ու աղետալի հեղափոխություններ չլինեն Հայաստանում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»