Ներքին 8 ամիս առաջ - 18:42 15-12-2025

Ստեփանավանը հռչակվել է Հայաստանի 2027 թ. երիտասարդական մայրաքաղաք

ԿԳՄՍ նախարարությունում կայացել է «ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք մրցույթի» հանձնաժողովի ամփոփիչ նիստը: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը:

2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Վեդի (Արարատի մարզ), Ստեփանավան (Լոռու մարզ), Գորիս (Սյունիքի մարզ), Վաղարշապատ (Արմավիրի մարզ) և Մասիս (Արարատի մարզ) քաղաքները։

Ըստ փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների՝ Հայաստանի 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Ստեփանավանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել հայտատու քաղաքներին ակտիվության համար և նշել մրցույթին մասնակցելու կարևորությունը:

Ըստ նրա՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքով սահմանվել է՝ Հայաստանի բոլոր համայնքներում պետք է ստեղծվեն երիտասարդական կենտրոններ, որոնք ուղղված կլինեն երիտասարդների կարիքների բացահայտմանը, նրանց ներուժի զարգացմանը, հետաքրքրությունների և նախընտրությունների իրացմանը. «Օրենքի այս կետը կխթանի, որպեսզի ՏԻՄ-երը «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին դիմելիս նոր հայացքով դիտարկեն իրենց համայնքի հնարավորությունները»:

Նախարարի տեղակալն ընդգծել է՝ ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհուրդը՝ Հայաստանի նախագահությամբ, քննարկել և հաստատել է՝ 2026 թվականին «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքը» Սյունիքի մարզի Կապան քաղաքն է: Առաջիկա տարում ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստը տեղի կունենա Կապանում՝ անդամ երկրների մասնակցությամբ։ Արթուր Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ այս համատեքստում որոշվել է 2026 թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք դիտարկել Կապան քաղաքը՝ կոչ անելով Ստեփանավանին և բոլոր մյուս համայնքներին՝ մեկտեղելու ջանքերը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում 2026 թ․ տարածաշրջանային բնույթի միջոցառումներն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ՝ ավելի տեսանելի ու ճանաչելի դարձնելու Հայաստանը:

«Ինչպես և նախընթաց երիտասարդական մայրաքաղաքների պարագայում, ԿԳՄՍ նախարարությունը կուղղորդի այլ պետական կառույցների, ինչպես նաև գործընկեր քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ռեսուրսները, որպեսզի Ստեփանավանն առավելագույնս հաջողի 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքի իր դերակատարման մեջ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհավորելով Ստեփանավանին երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ:

Փորձագիտական հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները հայտատու քաղաքների վերաբերյալ և ընդգծել, որ յուրաքանչյուրն ունեցել է ուժեղ և թույլ կողմեր:

Հաղթող ճանաչված Ստեփանավան քաղաքի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ծրագրին մասնակցելու հնարավորության համար և ընդգծել, որ երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի նվաճումը պարտավորեցնող է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին