Ներքին Միտք 6 ամիս առաջ - 22:12 04-12-2025

Հայաստանում սկսվում է նոր ռեպրեսիվ փուլ՝ ԵՄ «քավորությամբ». Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Հայաստանում սկսվում է նոր ռեպրեսիվ փուլ՝ ԵՄ «քավորությամբ»

ԱԱԾ-ը Քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Արշակ Սրբազանին։

Սրբազանին առաջադրված մեղադրանքը կրում է տարիներով կիրառված, մաշված մի ձեռագրի բոլոր հատկանիշները՝ հիշեցնելով մենթական մտածողությանը բնորոշ «գրպանը պլան գցելու» մեխանիկան։

Ըստ քննչական մարմինի՝ նա դեռ 2018-ին փորձել է վարկաբեկել Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին՝ նրա պայուսակում թմրամիջոց դնելով։

Իրավական առումով՝ թույլ և անհամաչափ, փլուզվող մեղադրանք, քաղաքական իմաստով՝ հաշվեհարդարի դրսևորում:

Մի քանի դիտարկում.

● Նախապես կանխատեսել էի, որ դեկտեմբերի 10–12-ը կայանալիք Եպիսկոպոսաց ժողովից առաջ իշխանությունը կսրի ճնշումները Վեհափառի նկատմամբ՝ փորձելով արհեստական հակադրության միջավայրում թուլացնել նրա դիրքերը։ Արշակ Սրբազանի ձերբակալությունը այդ գործընթացի օրգանական շարունակությունն է՝ ուղղված եկեղեցական վերնախավի նկատմամբ վերահսկողություն հաստատելուն։

● Այս ամենի ֆոնին Բրյուսելը հայտարարում է Հայաստանին 12 միլիոն եվրո տրամադրելու մասին՝ «օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների» և «միջամտությունների» դեմ պայքարի անվան տակ։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը բաց տեքստով նշում է, որ Ռուսաստանն ու նրա «պրոքսիները» ակտիվացնում են իրենց ցանցերը Հայաստանում՝ նույն բանաձևով, ինչ Մոլդովայում։

Այս հայտարարությունը ձևավորում է նոր քաղաքական միջավայր, որտեղ
հակառուսական խոսույթը ծառայում է ներքաղաքական ռեպրեսիաների լեգիտիմացման նպատակին։

Մոլդովական նախադեպը ցույց տվեց, թե ինչպես կարող է «վտանգների չեզոքացման» փաթեթը վերածվել իշխանության ավտորիտար վերարտադրության գործիքի՝ ընդդիմադիր ուժերի, մեդիայի, եկեղեցական կառույցների և հանրային հեղինակություն ունեցող անհատների դեմ ուղղված ռեպրեսիաներով։

Այս համատեքստում 12 միլիոն եվրոն դառնում է ոչ թե տեխնիկական աջակցություն, այլ քաղաքական ուղերձ Փաշինյանի կառավարությանը՝ շարունակելու ռեպրեսիաները «օտարերկրյա ազդեցությունների դեմ պայքարի» անվան տակ։

Հենց այդ համատեքստում էլ պետք է դիտարկել Արշակ Սրբազանի ձերբակալությունը՝ չեկիստական մեթոդներով իրականացված ակնհայտ սադրանք, որը որևէ կերպ չի համապատասխանում իրավական պետության չափանիշներին։

Մայր Աթոռի շուրջ ճնշումների օղակը վտանգավոր կերպով սեղմվում է։

Հայաստանը մտնում է նոր ռեպրեսիվ փուլ, որտեղ ազգային ինստիտուտները և հանրային հեղինակությունը դառնում են իշխանության վերարտադրության թիրախ։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից