Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 17:00 29-11-2025

Բուլղարիայում հայ բարերարի հիմնած կյուրեղագրերի թանգարանը տոնում է հիմնադրման 10-ամյակը

Բուլղարիայի 1-ին մայրաքաղաքում գործող Կյուրեղյան տառերի միակ թանգարանը նշեց հիմնադրման 10-ամյակը: Թանգարանի հիմնադիր, Բուլղարիայի պատվավոր քաղաքացի Կարեն Ալեքսանյանը Oragir.News-ի հետ պատմեց թանգարանի մասին։

«Թանգարանը գործում է արդեն 10 տարի։ Այն ներկայացնում է Կյուրեղյան տառերի ամբողջական էվոլյուցիան։ Կյուրեղագրով գրելը տարածված է մոտավորապես 500 միլիոն մարդու շրջանում, այդ թվում՝ ռուսների, ուկրաինացիների և ռումինացիների մոտ»,- նշեց Ալեքսանյանը:

Նա ընդգծեց, որ թանգարանում կան գրողների պուրակ, ամրոց և մեծ այգի.

«Տառերն ու քանդակները ստեղծվել են խաչքարի ոճով, վարպետ Ռուբեն Նալբանդյանի կողմից, ում աշխատանքները հայտնի են Հայաստանում և աշխարհում»,- ասաց նա:

Միջոցառման ընթացքում պարգևատրվել են մոտ 20 անձինք, ովքեր իրենց ներդրումն են ունեցել թանգարանի զարգացման գործում:

«Պարգևատրվել են Բուլղարիայի տարածքային նախարար Իվան Իվանովը, «Վերածնունդ» կուսակցության նախագահ Կոստանտին Կոստանտինովը, Սոֆիայի համալսարանի ռեկտորը և այլք: Նրանց թվում էին նաև Շումենի, Կասպիչանի և Նովի-Պազարի քաղաքապետերը, ովքեր ինձ հետ միասին պարգևատրեցին Ռուբեն Նալբանդյանին քանդակագործական աշխատանքի համար»,- թվարկեց թանգարանի հիմնադիրը։

Թանգարանի շուրջ 1000 քառակուսի մետր տարածքում ցուցադրվում են Կյուրեղագրի տառերը, գործող մատուռ կա հարսանիքների և պսակադրությունների համար, կան նաև հատուկ սրահներ Կյուրեղագրի և թագավորների ցուցանմուշներով: Գրողների պուրակում տեղադրված են այն ազգերի ներկայացուցիչների կիսանդրիներ, որոնք գրում են Կյուրեղագրով։

«Այստեղ կան ռուսներ, բելառուսներ, սերբեր և այլ ազգերի ներկայացուցիչներ», – ընդգծեց Ալեքսանյանը:

Քանդակագործ, Էջմիածնի պատվավոր քաղաքացի Ռուբեն Նալբանդյանն էլ Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, որ միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակով և թե՛ լուծումներով, թե՛ ներկայացմամբ տպավորիչ էր․ «Նման միջոցառումներ շատ հազվադեպ են լինում։ Շատերի եմ մասնակցել, բայց սա ինձ համար և՛ պատվաբեր, և՛ հետաքրքիր էր»,— ասաց նա։ Նալբանդյանի խոսքով՝ մոտ մեկ տասնյակ տարի առաջ է ձևավորվել ներկայիս նախագծի գաղափարը․ այն ժամանակ քննարկումներ են ունեցել Կարեն Ալեքսանյանի հետ՝ յուրաքանչյուր տառի իմաստի, չափերի և ներկայացման ձևի շուրջ։

«Մոտ ութ ամիսում մեր արվեստանոցում պատրաստեցինք 30 տառերը, որոնք հետագայում տեղափոխվեցին Բուլղարիա»,— ասաց նա։

Նրա խոսքով, նախագիծը Բուլղարիայում մեծ արձագանք գտավ․ «Այնտեղ շատ բարձր մակարդակով են մոտենում, հարգանքով են վերաբերվում աշխատանքին։ Կարենի Ալեքսանյանի արած գործը գնահատված է։ Բուլղարացիներն ասում են, որ նա իրենց երկրի համար շատ բան է արել»։

Նալբանդյանը նկատեց, նաև որ իր գործերից Օշականի տառերը, որոնք գտնվում են Հայաստանում, նման ուշադրություն չեն արժանանում։ «Շատերն անգամ չգիտեն դրանց պատմությունը։ Որոշ տառեր վնասվել են, ես կրկին վերականգնել եմ»,— նշեց նա։

Ռուբեն Նալբանդյանը նաև հավելեց, որ իր տան տարածքում կազմակերպել է մի փոքր դպրոց, որտեղ շուրջ 70 երեխաներ անվճար սովորում են․ «Էստեղ երեխաները կնոջս ղեկավարությամբ գործում են Օշականի տառերի էսկիզները, գորգեր։ Գաղափար կա նաև բուլղարական Կյուրեղագրի (Կիրիլիցա) տառերը գործելու։ Նախագիծը կարող է շարունակություն ստանալ»։

Նա ընդգծեց, որ Բուլղարիայում տառերի ներկայացման ձևը դարձել է լայնածավալ և զանգվածային․ «Շատ լավ են մատուցում, գրագետ, գեղեցիկ, մարդաշատ։ Դա շատ կարևոր է՝ կարողանալ պատշաճ ցույց տալ կատարած աշխատանքը»։

Նա նաև նշեց, որ կուրեղյան տառերը միակը չեն իր գործերից, որոնք գտնվում են Բուլղարյայում, և ինքը Բուլղարիայի տարբեր քաղաքաներում ունի իր գործերից, որանց թիվը 36-ն է:

Ֆոտոշարք