Oragir.News-ն ուսումնասիրում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած ծրագիրը, որով մինչև 2026 թվականը 300 դպրոց պետք է նորոգվի, կառուցվի կամ վերակառուցվի։ Ուսումնասիրման շրջանակում
Oragir.News-ը հանդիպել է տարբեր իրավիճակների, երբ վերոնշյալ ծրագրում ընդգրկված դպրոցը՝ կա՛մ վերանորոգվել և շահագործման է հանձնել, կա՛մ շինաշխատանքներն անավարտ են, կա՛մ էլ ինչ-ինչ պատճառներով աշխատանքները դադարեցվել են։
Մասնավորապես՝ օրեր առաջ
Oragir.News-ն
անդրադարձել էր Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում գտնվող Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի խնդիրներին, որտեղ շինաշխատանքները դեռ չեն ավարտվել։ Մեր հարցումներից պարզ դարձավ, որ սույն դպրոցի աշխատանքները պետք է ավարտվեին նախորդ ամիս, և արդեն իսկ շահագործման հանձնված լիներ, սակայն, տեղեկացանք, որ աշխատանքները դադարեցվել են սույն թվականի հունիսից, իսկ թե ինչն է պատճառը, նույնիսկ դպրոցի տնօրինությունը դժվարացավ պատասխանել։
Oragir.News-ն այս դեպքի հետ կապված հարցում էր ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ խնդրելով պարզաբանել դպրոցի վերակառուցումը դադարեցնելու պատճառը։
ԿԳՄՍՆ-ի տրամադրած պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Համաձայն Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան N 5 ավագ դպրոցի վերակառուցման աշխատանքների պատվիրատուի՝ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի տրամադրած տեղեկատվության՝ դպրոցի վերակառուցման աշխատանքները շարունակվում են ըստ պայմանագրով սահմանված ժամանակացույցի. դպրոցը շահագործման կհանձնվի 2026 թվականի ամռանը: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ին»,- նշված է նախարարության պատասխան գրության մեջ:
Բնականաբար, ավելորդ է կենտրոնանալն աշխատանքների դադարեցման պատճառների վրա, քանզի, ինչպես սևով սպիտակի վրա է գրված՝ «վերակառուցման աշխատանքները շարունակվում են»։
Այլ հարց է, թե ինչու են տեղեկությունները մեկը մյուսին հակասում․ դպրոցից հայտնում են՝ աշխատանքները դադարեցված են, ԿԳՄՍՆ-ից պնդում են՝ շարունակվում է։