ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է մի ծրագիր, որով մինչև 2026 թվականը 300 դպրոց պետք է նորոգվի, կառուցվի կամ վերակառուցվի։
Արդյոք սկսվե՞լ են, ի՞նչ փուլում են, կամ ավարտվե՞լ են շինաշխատանքները, քանի որ 2026-ին շատ քիչ ժամանակ է մնացել։
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ծրագրում ընդգրկված այն դպրոցների հետ, որտեղ պետք է իրականացվեին շինարարական աշխատանքներ։ Առաջնահերթություն տվեցինք այն դպրոցներին, որոնց տեխնիկական վիճակը և սեյսմիկ խոցելիության մակարդակը, ինչպես պարզվել էր փորձաքննության արդյունքում, բավարարում էր առաջին կարգին։
ՀՀ Արարատի մարզի Հնաբերդի միջնակարգ դպրոցից հայտնեցին, որ վերանորոգումն ավարտվել է, երկրորդ շաբաթն է, ինչ տեղափոխվել են նոր դպրոց։ «Պարզապես մենք ունենք կցակառույցի անհրաժեշտություն։ Նախարարը տեղյակ է, ասել ենք, որ կցակառույց պետք է կառուցվի, որովհետև դպրոցի տարածքը փոքր է, և չի համապատասխանում լիցենզիային»,- ասացին դպրոցից։
Այգեկի Մուշեղ Մովսիսյանի անվան դպրոցից հայտնեցին, որ վերանորոգումն ավարտվել է, և սեպտեմբերից լիարժեք դասապրոցես է ընթանում։
Վաղաշենի դպրոցում նույնպես ավարտվել են շինաշխատանքները, և դպրոցի անձնակազմը տեղափոխվել է վերակառուցված դպրոց։ Թե երբ են տեղափոխվել, տնօրենը չկարողացավ հստակ օրը նշել, միայն ասաց, որ տեղափոխվել են վաղուց։
Ստեփանավանի թիվ 1 դպրոցից հայտնեցին, որ դեռևս շինաշխատանքները չեն ավարտվել, հույս հայտնեցին, որ մինչև տարեվերջ վերանորգումը կավարտվի։
Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոցում վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, մասամբ համալրվել անհրաժեշտ գույքով։
Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցի երկու մասնաշենքերն էլ վերանորոգման են ենթարկվել։ «Մեկ մասնաշենքի շինաշխատանքներն ավարտել են, և սեպտեմբերն սկսել ենք նոր մասնաշենքում, բայց նաև հին մասնաշենքում ենք դաս անում։ Երկուշաբթի օրվանից երկրորդ մասնաշենք ենք տեղափոխվելու, թեև էլի գործեր կան, որոնք պետք է ավարտին հասցվեն»,- տեղեկացրին դպրոցից։
Գյումրու թիվ 38 դպրոցն արդեն վերանորոգված է, մնացել է ջեռուցման հարցը։ «Ջեռուցման համար գումար է անհրաժեշտ, չգիտենք երբ կհատկացնեն․ նոր հաշվիչ պետք է վերցնենք։ Նախահաշիվ եմ կազմել, ներկայացրել, սպասում ենք գումարները փոխանցեն, որպեսզի ջեռուցման հարցը լուծվի։ Խնդիրը մարզպետարանին եմ ներկայացրել, որպեսզի ճշտեն՝ նախորդ տարվա տնտեսումից կարո՞ղ են գումար թողնել ինձ, որ դրանով ջեռուցման հարցը լուծենք»,-ասաց տնօրենը։
Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի շինարարական աշխատանքները չեն ավարտվել։ Վերջնաժամկետը նշանակվել է մինչև դեկտեմբերի վերջ․ «Հուսով ենք ժամանակին կավարտեն, կտեղափոխվենք»,- ասաց տնօրենը։
Արմավիրի մարզի Շենավանի միջնակարգ դպրոցի տնօրենը հայտնեց, որ շինաշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2026-ի դեկտեմբերին։ Դասապրոցեսն այս պահին հարևան գյուղում է ընթանում։
Օհանավանի միջնակարգ դպրոցում բոլոր աշխատանքներն ավարտված են, և բոլոր խնդիրները լուծված են․ գոհունակությամբ հայտարարեց տնօրենը։
Արագածավանի թիվ 1 դպրոցից տեղեկացրին, որ վերջին աշխատանքներն են իրականացվում․ գազի, ջրի փորձարկումներ են այս պահին ընթանում։ Հնարավոր է դեկտեմբերին տեղի կունենա դպրոցի բացումը, իսկ հունվարին՝ կտեղափոխվեն։
Լուսակնի միջնակարգ դպրոցի շինաշխատանքները վաղուց ավարվել են, դպրոցը շահագործման է հանձնվել, սեպտեմբերի 30-ից դասեր են անցկացվում։
Գառնահովիտի միջնակարգ դպրոցից տեղեկացանք, որ շինաշխատանքները դեռ շարունակվում են․ «Կոնկրետ վերջնաժամկետ նշված չէ, բայց երևի 2026-ին կավարտվեն»,- հույս հայտնեց տնօրենը։
Նշենք, որ
Oragir.News-ը շարունակելու է ուսումնասիրել հանրապետության բոլոր այն դպրոցների շենքային պայմաններին առնչվող հարցերը, որոնք ներառնված են «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում։
Ավելի վաղ
Oragir.News-ն անդրադարձել էր Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի շինաշխատանքների
դադարեցման խնդրին։