Ներքին 6 ամիս առաջ - 17:10 07-11-2025

Վանաձորում իրավական կոլապս է․ համայնքի կառավարումը խաթարվել է

Օրերս Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հանրահավաքում խոսել էր թռիչքային զարգացման նախաշեմին գտնվող Վանաձորում նախատեսված 25 միլիոն դոլար ներդրումների մասին։ Բայց Վանաձորի զարգացմանն ուղղվելիք ներդրումային ծրագրերը մնացել են սեղանին։ Վանաձորում արդեն չորս տարի շարունակ համայնքի ղեկավար չի ընտրվում ԴԱՀԿ-ի կիրառած արգելանքի պատճառով։

Oragir.News-ի հետ զրույցում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի անդամ կազմակերպություններից մեկի՝ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի ղեկավար, ՏԻՄ հարցերով փորձագետ Գևորգ Քոթանջյանը պարզաբանում է Վանաձորում ստեղծված իրավիճակը։

«Նախ, իշխանության յուրացման մասին հոդված չկա, հետևաբար իրավական առումով չենք կարող դա այդպես ձևակերպել։ Բայց տեղի ունեցած գործընթացները, ըստ երևույթին, միտված են եղել իշխանությունը վերցնելուն՝ օգտագործելով դատական և հարկադիր մարմինները։ Սա հանգեցրել է այն բանին, որ Վանաձորում տեղական ինքնակառավարումը փաստացի կազմալուծվել է»։

Փորձագետը նշում է, որ Վանաձորում այժմ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի լիազորությունները խիստ սահմանափակ են․

«Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը օժտված չէ այն լիազորություններով, որոնք ունի ավագանու կողմից ընտրված ղեկավարն։ Օրինակ՝ նա չի կարող հաստիքներ ստեղծել կամ կրճատել, չի կարող որոշումներ ընդունել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության մասին։ Դա հանգեցնում է իրավական կոլապսի, երբ համայնքի կառավարման ընթացքը պարզապես խաթարվում է»։

Քոթանջյանի խոսքով՝ ավագանին նույնպես գործելու սահմանափակումներ ունի.

«Վերջին օրենսդրական փոփոխություններից հետո Վանաձորի ավագանին կարող է գումարել միայն արտահերթ նիստեր և քվեարկել տարբեր հարցերի շուրջ, բացի համայնքի ղեկավար ընտրելուց։ Այդ սահմանափակումը էլ ավելի է խորացրել փակուղին»։

Քոթանջյանը բացատրում է, որ ավագանու ներսում քաղաքական բևեռացվածությունը, ՔՊ-ի ու ընդդիմադիր խմբակցությունների հակասությունները ևս խոչընդոտում են կառավարման բնականոն ընթացքը.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի 9 մանդատ, մյուս խմբակցությունը՝ 5։ Դրանց գումարվում է ևս երկու անդամ, սակայն 16 ավագանու անդամներով նիստեր անցկացնել այլևս չեն կարողանում։ Սա նաև քաղաքական խնդիր է՝ կողմերը միմյանց չեն վստահում, ինչի հետևանքով Վանաձորի զարգացման համար նախատեսված ծրագրեր պարզապես չեն իրականացվում։ Դոտացիան բարձրացել է, բայց բյուջեն չի հաստատվում, հետևաբար գումարները հետ են գնում։ Մնացած խմբակցությունները գործընթացը համարում են անիրավ և հրաժարվում են մասնակցել»։

Փորձագետը ընդգծում է՝ դժվար է հստակ նշել, թե ով է մեղավոր այս իրավիճակում․

«Մեկ կողմը՝ իշխանությունը, պահում է իշխանությունը իր ձեռքում և թույլ չի տալիս բնականոն ընթացք ապահովել։ Մյուսը՝ ընդդիմադիր կողմը, բոյկոտում է գործընթացը։ Արդյունքում վնասվում է համայնքի բնակիչների շահը։ Սա դասական օրինակ է, թե ինչպես կարող է քաղաքական հակամարտությունը կազմալուծել տեղական կառավարման համակարգը»։

Քոթանջյանի գնահատմամբ՝ Վանաձորի դեպքը վտանգավոր նախադեպ է, որը, եթե չկասեցվի, կարող է կրկնվել այլ համայնքներում․

«Նման դատական նախադեպեր նախկինում չեն եղել։ Երբ «ՏԻՄ» օրենքը գրվում էր, ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ նման իրավիճակ կարող է առաջանալ։ Եթե այս պրակտիկան անարգել շարունակվի, այն կարող է դառնալ իրավաչափ օրինակ նաև այլ համայնքների համար»:

Անդրադառնալով «Անկախ դիտորդ» դաշինքի հնարավոր գործողություններին՝ Քոթանջյանը շեշտում է, որ դաշինքը քաղաքական մարմին չէ․

«Մեր խնդիրը դիտարկումն է և իրավական գնահատական տալը։ Մենք չենք կարող քաղաքական գործընթացների մեջ միջամտել, դա կուսակցությունների գործառույթն է։ Կարող ենք միայն իրավական տեսանկյունից կողմնորոշել՝ որն է ճիշտ ճանապարհը։ Ցավոք, տեղական մակարդակում խմբակցությունները հաճախ չունեն իրավական պատկերացում և սխալ որոշումներ են կայացնում»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Վանաձորը նշում էր քաղաքի օրը։ Դրանից օրեր առաջ՝ հոկտեմբերի 29-ին, ԴԱՀԿ-ն Վանաձորի ավագանու վրա դրված արգելանքը վերացնելու որոշում է ընդունել։ Շատերը սա ընկալել էին, որպես քաղաքի օրվա առթիվ նվեր։ Սակայն ժամեր անց ԴԱՀԿ-ն իր ընդունված որոշումը չեղարկել է, վերականգնելով արգելանքը։

Հիշեցնենք նաև, որ 2021-ին Վանաձորի քաղաքապետ ընտրված Մամիկոն Ասլանյանի կալանավորումից հետո դատական հայցերով կասեցվել է Վանաձորի նոր համայնքապետ ընտրելու հնարավորությունը, ապա օրենքի փոփոխությամբ՝ Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել Արկադի Փելեշյանը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան