Ներքին Տեսանյութ 27 րոպե առաջ - 21:00 04-11-2026

ՀԷՑ-ից դուրս բերված 64 միլիարդը, Թբիլիսիի խոշոր հրդեհը, «ժամանակ չունեցող» ԳՇ պետը․Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է նոյեմբերի 4-ի ամփոփ լուրերը:

Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի բիզնես կենտրոններից մեկի շենքում, որտեղ տեղակայված է «Ֆորմուլա» հեռուստաընկերության գրասենյակը։ Իրավիճակը կրիտիկական է․ ուժեղ ծխապատման պատճառով հեռուստաալիքի աշխատակիցները փակուղում են հայտնվել և չեն կարողանում դուրս գալ շենքից։ Ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառով «Ֆորմուլա» հեռուստաալիքն անմիջապես դադարեցրել է հեռարձակումը։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական բրիգադները, որոնք փորձում են տեղայնացնել հրդեհի օջախն ու դուրս բերել արգելափակված մարդկանց։

«Հարցը բոլորից առավել մեզ է հուզում»․ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցնում է, որ բանակում խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերը կանխելու համար համապատասխան աշխատանքներ են տարվում։ Լրագրողների այն հարցին, թե կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, ԳՇ պետը կարճ պատասխանեց, թե դա ներկայացնելու համար շատ երկար ժամանակ է պահանջվում, որն ինքն այժմ չունի։ Ասրյանը միայն հայտնեց, որ բանակում ինքնասպանությունների դեպքերն ուսումնասիրում է հատուկ մասնագիտական հանձնաժողով։ Նրա խոսքով՝ իրենք ևս փորձում են հասկանալ պատճառները, քանի որ կան հանգամանքներ, որոնք, ըստ ԳՇ պետի, չպետք է հանգեցնեն նման ողբերգական հետևանքների։

Telegram-ով պատվիրված 250 դոլարանոց «աշխատանքն» ու ձախողված փախուստը ոստիկաններից․ Քանաքեռ-Զեյթունում իրավապահները հատուկ գործողությամբ վնասազերծել են թմրամիջոց տեղադրող 19 և 20-ամյա երիտասարդների։ Օպերատիվ տվյալներով՝ նրանք Ֆանարջյան փողոցից դեպի Լեփսիուս ընկած հատվածում պատրաստվում էին «թաքստոցներում» տեղադրել «մարիխուանայի» 20 փաթեթները։ Սակայն ծրագիրը տապալվել է հենց տեղում․ տեսնելով համայնքային ոստիկաններին՝ երիտասարդները դիմել են փախուստի, նրանցից մեկն էլ այդ ընթացքում գրպանից փաթեթներ է նետել։ Ոստիկանների հետապնդումը, սակայն, երկար չի տևել․ զույգը ձերբակալվել է, իսկ թմրամիջոցի մի մասը հայտնաբերվել է խուզարկությամբ, մյուս մասը՝ փողոցից։ Փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ երիտասարդներն արդեն կալանավորված են։

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը։ Եվրոպական միության հայաստանյան գրասենյակում սա անվանում են անձնագրային համակարգի բարեփոխման անկյունաքարը։ Բանն այն է, որ կեղծիքները բացառող ու անձնական տվյալներն առավելագույնս պաշտպանող կենսաչափական փաստաթղթերի ներդրումը ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատման գլխավոր նախապայմաններից է։ Իրադարձության հանդիսավոր մեկնարկին մասնակցել են Հայաստանի կառավարության ներկայացուցիչները, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաները։ Գործընթացը միայն ձևական բնույթ չի կրում․ Եվրոպական միությունը պատրաստակամություն է հայտնել առաջիկա տարում հատկացնել ավելի քան 6 միլիոն եվրոյի ուղղակի բյուջետային աջակցություն, իսկ ևս 2 միլիոն եվրոյի տեխնիկական օգնություն կտրամադրվի Լիտվայի ներքին գործերի նախարարության ծրագրով։

Հայ-իրանական մշակութային կապերում պատմական իրադարձություն է․ ավարտին է հասցվել պարսից գրականության գլուխգործոցի՝ Ֆիրդուսու «Շահնամեի» ամբողջական արձակ հայերեն թարգմանությունը։ Ինչպես հայտնել է Հայաստանում Իրանի մշակույթի խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդը, 2021 թվականին Գառնիկ Ասատրյանի նախաձեռնած եռամյա հսկայածավալ աշխատանքը հաջողությամբ ավարտվել է։ Զուգահեռաբար, Հայաստանում կտրուկ ընդլայնվում է պարսկերենի ուսուցումը․ այսօր ավելի քան 20 դպրոցներում, ինչպես նաև համալսարաններում ու մշակութային կենտրոններում շուրջ 5000 մարդ պարսկերեն է սովորում։ Իրանական կողմի երկարաժամկետ նպատակն է՝ Հայաստանը դարձնել տարածաշրջանային իրանագիտության առանցքային կենտրոն։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված