Ներքին 8 ամիս առաջ - 16:00 07-11-2025

Ավելի քան 100 դպրոցում ուսուցչի թափուր հաստիք կա․ Փաշինյանի հրապարակած թվերը փուչիկ են

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նոյեմբերի 6-ի նիստում խոսել է ուսուցիչների վարձատրության մասին, թվեր հնչեցրել։ Մասնավորապես՝ հայտարարել է, որ Հայաստանում 2 ուսուցիչ 700.000 դրամ է ստանում, որոշ թվով ուսուցիչներ՝ 500.000-ից բարձր են վարձատրվում, իսկ ոմանք էլ՝ 300-400.000 և այլն։

Իրականում ինչպիսի՞ պատկեր է դպրոցներում։

Oragir.News-ն այս թեմայի շրջանակում զրուցել է կրթության փորձագետ, «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Ատոմ Մխիթարյանի հետ։

«Ես որպես պատասխան մի հարց կտամ․ եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչպե՞ս է, որ հարյուրից ավելի դպրոցներում թափուր հաստիք կա։ Երկրորդ՝ ինչո՞ւ է այսօր ուսուցիչների միջին եկամուտը կազմում է մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ոչ ավելի, քան 60 տոկոսը։ Դա նշանակում է, որ ուսուցչի եկամուտը 40 տոկոսով ավելի քիչ է, քան միջին ապրող մարդու եկամուտը Հայաստանում»,- հակադարձում է մեր զրուցակիցը։

«Նույնիսկ եթե հրապարակված թվերը ճիշտ են և Փաշինյանի նշած՝ 300 հազար և ավելի աշխատավարձ ստացող բոլոր ուսուցիչներին գումարենք, կազմում է ողջ ուսուցչական կազմի 7,5 տոկոսը։ Այսինքն՝ նույնիսկ 10-ից մեկը չի ստանում 300, 000 և ավելի աշխատավարձ։ Բա մնացած՝ 92, 5 տոկոսի մասին ինչո՞ւ չեն ասում․․․ էս թվերն ամբողջությամբ մանիպուլյացիա են։ Դա չի նշանակում, որ ուսուցիչների վիճակն իսկապես լավացել է։ Ընդհակառակը՝ ուսուցիչները դուրս են գալիս համակարգից, թափուր հաստիքները շատացել են, և այդ երևույթը հիմնականում բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերում է առկա»,- շարունակեց կրթության փորձագետը՝ անելով հետևյալ հարցադրումը․ «Եթե այդքան լավ է, ինչո՞ւ է մանկավարժական կրթություն տվող բուհերում ընդունելությունը նվազել։ Այսինքն՝ մարդիկ չեն ընդունվում այդ բուհեր, որ հետո ուսուցիչ չդառանան։ Այս ամենը խոսում է այն մասին, որ այս թվերը փուչիկ են, ոչ մի բանի մասին չեն»։

Փաշինյանը նաև նշել է, որ 8000 ուսուցիչ դիմել է ատեստավորման համար։ Հարցին, թե այդ դիմողները կարո՞ղ են հաղթահարել քննության նվազագույն շեմը, և նրանցից քանի՞ տոկոսը կդասվի բարձր վարձատրվող ուսուցիչների շարքը, Ատոմ Մխիթարյանը պատասխանեց, որ ատեստավորման ողջ գործընթացը ձևականություն է։

«Այդ ատեստավորման գործընթացի չորս տարին արդեն լրացել է։ Այս չորս տարվա ընթացքում ուսուցիչների քանի՞ տոկոսն է հետաքրքրված եղել ատեստավորման գործընթացով, պարզվում է՝ ոչ ավելի, քան 20 տոկոսը։ Այսինքն՝ 5 ուսուցչից միայն մեկն է, որ ընդգրկվել է այդ ատեստավորման գործընթացի մեջ։ Եվ շատ ուսուցիչներ ուղղակի բոյկոտում են այդ գործընթացը։ Մի կողմից դա արհեստական է, մյուս կողմից՝ օբյեկտիվ չի, սուբյեկտիվ է, մյուս կողմից՝ դա ոչ մի կապ չունի ուսուցչի հեղինակության, ուսուցչի հմտությունների, կարողությունների հետ։ Դա գիտելիքների թեստային ստուգում է, որը ոչ մի բան ուսուցչի կայնքում չի փոխում։ Ինչ մեթոդով, որ նա դասավանդում էր, նույն բանն անում է՝ նույնիսկ, եթե լավ արդյունք է ցույց տալիս թեստավորման ժամանակ»,- եզրափակեց կրթության փորձագետը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը