Գևորգ Ղազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«ԱՐԴԻԱԿԱՆ
Այն ցավալի, կարելի է ասել՝ դրամատիկ իրադարձությունները, որ բոլորս ապրում ենք այսօր՝ Եկեղեցի-ՀՀ Իշխանություններ առճակատման համատեքստում, ի թիվս այլոց, որպես ենթահող ունեն հսկայական մի հիմնախնդիր, որին բախվում է համայն արևելյան Քրիստոնեությունը։ Այդ հիմնախնդիրն այն է, որ ավանդապահ արևելյան Քրիստոնեությունը չունի արդիականացված Կանոնագիրք։ Այսպես,
Հայոց Կանոնագիրքը կազմվել է 8-րդ դարում՝ Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսի ձեռքով։ Նա է Կանոնագրքի վերջին խմբագիրը։
Ուղղափառ Եկեղեցու Կանոնագիրքը հարյուր տարով ավելի թարմ է՝ դրա վերջին խմբագիրը 9-րդ դ․ ապրած Կոստանդնուպոլսի Ֆոտիոս (Փոտ) պատրիարքն է։
Խնդիրն այն է, որ ի տարբերություն Տիեզերաժողովների հռչակած դոգմաների, որոնք հավիտենական աստվածային ճշմարտություններ են արտահայտում, եկեղեցական կանոնները հարաժամանակյա չեն, դրանք հրատարակվում են որոշակի պատմական միջավայրում ու ժամանակահատվածում՝ նպատակ ունենալով լուծել որոշակի խնդիրներ։ Այդ է պատճառը, որ կանոնները ժամանակի ընթացքում հնանում են, հակասում իրար և նոր ժամանակներին։ Հենց այդ պատճառով է, որ բյուզանդացի կանոնագետները փորձում էին "մեկնել" 4-9-րդ դդ․ կանոնները, դրանք համաձայնեցնել իրար հետ և այս կամ այն ժամանակի հրամայականներին։ Վերջինը, որ այդպիսի գործ է կատարել, 18-րդ դ․ հայտնի հույն մատենագիր սբ․ Նիկոդեմոս Աթոսացին է։
Հայ իրականության մեջ այսպիսի մի աշխատանք էլ չի կատարվել, կանոնագիտությունը չի զարգացել։
Արդյունքում ունենք «Կանոնագիրք Հայոցի» ակադեմիական երկու հսկայածավալ հատոր՝ մինչև 8-րդ դ․ հավաքված վավերական ու անվավեր կանոնախմբերով, թարգմանական բազմաթիվ խնդիրներով, այսօրվա իրականության համար անընդունելի անթիվ մոտեցումներով, որոնք ոչ թե կարգուկանոն են հաստատում, այլ կատարյալ քաոս ստեղծում ընթերցողի ուղեղում։
Մինչդեռ արդիական Կանոնագիրք ունենալը բացարձակ հրամայական է։ Հին կանոնները պիտի քննվեն, ինչ որ օգտակար է, պետք է պահել, խոտանը մի կողմ դնել, և իհարկե, մշակել նոր կանոններ՝ համահունչ մեր օրերի պահանջներին։ Հակառակ դեպքում Կանոնագրքի այս կամ այն կանոնին հղում անելը բացարձակապես անշնորհակալ ու քմահաճ գործ է։ Ի վերջո, եթե հետևենք Կանոնագրքին, մենք բոլորս էլ պիտի բանադրվենք․․․»