Ներքին 1 ժամ առաջ - 20:00 20-08-2026

Բանակում չծառայած պաշտոնյաները կորոշեն ԶՈՒ զինվորների ճակատագիրը. ովքեր են ընդգրկված նոր աշխատանքային խմբում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի N 727-Ա որոշմամբ ստեղծվել է նոր, հրատապ հարցերով զբաղվող մարմին՝ «Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ»:

Այս նախաձեռնությունը, որն առաջին հայացքից միտված է բանակում առկա ծանրագույն խնդիրների լուծմանը, հանրային լայն քննարկումների և մտահոգությունների տեղիք է տվել: Պատճառն այն է, որ խմբում ներգրավված առանցքային պաշտոնյաները, ներառյալ հենց որոշումը ստորագրած վարչապետը, մեծամասամբ չեն ծառայել հայոց բանակում։



Հիշեցնենք, որ աշխատանքային խմբում ի պաշտոնե ընդգրկվել են Սուրեն Պապիկյանը (ՀՀ պաշտպանության նախարար, խմբի ղեկավար), Ժաննա Անդրեասյանը (ՀՀ ԿԳՄՍ նախարար), Անահիտ Ավանեսյանը (ՀՀ առողջապահության նախարար), Էդվարդ Ասրյանը (ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ), Ալեն Սիմոնյանը (ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար), Արամ Հովհաննիսյանը (ՀՀ ռազմական ոստիկանության պետ)։

Խմբում ներգրավվել են նաև՝ ՀՀ ներքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների, ԱԱԾ տնօրենի, Գլխավոր դատախազի և Քննչական կոմիտեի նախագահի՝ համապատասխան ոլորտները համակարգող տեղակալները:



Այս կազմում ներառված քաղաքական բարձրագույն այրերից ովքեր են, որ չունենալով զինվորական փորձ, պետք է համակարգային լուծումներ տան զինվորների կյանքին առնչվող խնդիրներին, և ինչու են նրանք հայտնվել այս խմբում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ծառայել, ազատվել է «Զինապարտության մասին» նախկին օրենքի հիման վրա։ Որպես երկրի գործադիր իշխանության ղեկավար՝ նա հանդիսանում է այս որոշման իրավական հիմքը դնողը և ամբողջ գործընթացի գլխավոր պատասխանատուն:

Սուրեն Պապիկյանը ևս չի ծառայել հայոց բանակում: Ուսանողական տարիներին օգտվել է տարկետման իրավունքից, ապա ազատվել օրենքով սահմանված այլ հիմքերով: Նա հանդիսանում է այս աշխատանքային խմբի պաշտոնական ղեկավարը, քանի որ բանակում կարգապահական ու կանոնադրային խնդիրներն անմիջականորեն առնչվում են իր գերատեսչությանը:

Նշենք, որ խմբի կազմում ներառված կին նախարարներ Ժաննա Անդրեասյանի և Անահիտ Ավանեսյանի պարագայում չծառայելը պայմանավորված է սեռով, իսկ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, Ռազմական ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն ու ուժային կառույցների տեղակալները հանդիսանում են համակարգային կամ կադրային զինվորականներ: Առանձնահատուկ է ԱԽ գրասենյակի ղեկավար Ալեն Սիմոնյանի դեպքը, ով, ի տարբերություն վարչապետի և պաշտպանության նախարարի, 2000-2002 թթ. անցել է պարտադիր ժամկետային ծառայություն և ունի սերժանտի կոչում:

Այս իրավիճակը ծնում է լրջագույն հակասություն. ինչպե՞ս կարող են զինվորական կյանքի, զորամասային ամենօրյա կենցաղի, դիրքերում կանգնելու դժվարությունների և ներանձնային ճնշումների մասին անձնական պատկերացում չունեցող պաշտոնյաները համակարգային լուծումներ առաջարկել:

Զինվորի հոգեբանությունը հնարավոր չէ հասկանալ միայն տեսական զեկույցներով կամ փակ սենյակներում քննարկումներով: Այն անձինք, ովքեր իրենց կյանքում չեն կրել զինվորական համազգեստ և չեն անցել զորանոցային կյանքով, չեն կարող ամբողջությամբ ընկալել, թե հոգեբանական ինչ պատճառները ու կենցաղային բախումներն են հանգեցնում ոչ կանոնադրային հարաբերությունների կամ ծայրահեղ հուսահատության:

Հավելենք նաև, որ Աշխատանքային խմբին հանձնարարվել է 3-ամսյա ժամկետում մշակել և վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Թե որքանով արդյունավետ կլինի այս կազմով աշխատանքը, և արդյոք չծառայած պաշտոնյաներին կհաջողվի հասկանալ հայ զինվորի հոգեբանությունն ու կանխել ողբերգական դեպքերը, առայժմ վաղ է կանխատեսել։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված