Նախօրեին Մասիսի քաղաքապետ, ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը Հայաստանում վայրէջք կատարելուն պես կալանավորվեց։ Դատարանը օրերս Դավիթ Համբարձումյանին մեղավոր ճանաչեց 2018 թվականի հեղափոխության օրերին ցուցարարների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար՝ դատապարտելով 6 տարի 3 ամիս ազատազրկման:
Համբարձումյանն այդ ժամանակ գտնվում էր Ռուսաստանում, հետո հայտարարեց, որ այնուամենայնիվ վերադառնալու է: Ըստ իրավապահների՝ 2018-ի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։
Ավելի վաղ, Համբարձումյանը մեղադրվում էր նաև մեկ այլ դրվագով՝ հեղափոխության օրերին մայրաքաղաքի Էրեբունի թաղամասում ցուցարարների նկատմամբ բռնություններ գործադրելու և զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Այդ դեպքով Մասիսի քաղաքապետը ձերբակալվել էր, սակայն դատարանը նրան ազատ էր արձակել՝ գտնելով, որ ձերբակալումը ոչ իրավաչափ է, միևնույն ժամանակ՝ չկան բավարար չափով ապացույցներ, որ նա կատարել է այդ արարքը։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչպե՞ս եք գնահատում այն, որ Մասիսի համայնքապետը վերադարձավ Հայաստան՝ իմանալով, որ կալանավորվելու է»։
Հարցվածների մի մասը նշեց, որ եթե վերադարձել է, նշանակում է՝ գիտի, որ վախենալու բան չունի, որոշներն էլ ասացին, որ տեղյակ չեն, թե ինչ է կատարվել։
«Շատ դրական, որ էլի թռած քաղաքական գործիչ չենք ունենա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ կալանքը ժամանակավոր է։ «Մարդը մաքուր էր, հանգիստ էկավ, եթե մարդը մաքուր ա, կալանքը ժամանակավոր պատիժ ա, ոչինչ, տղամարդու համար ա»,- նշեց նա։
«Երևի չի վախենոու ոչ մեկից, հույսեր ունի, որ իր արած աշխատանքն ավելի ճիշտ է»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․