Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը` Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հաստատել է ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի կրթական նորությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանին բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշումը։
Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակներում, հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էին Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և բուհի մի շարք այլ աշխատակիցներ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու և կաշառք ստանալու հոդվածներով: Դատարանի որոշմամբ՝ Սրբուհի Գևորգյանի և պրոռեկտորի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և գրավը։
Oragir.News-ը 1 տարի առաջ հոդված էր պատրաստել, նշելով, որ Լիլիթ Մկրտչյանը ոչ վաղ անցյալում՝ 2020 թվականին, լուրջ սկանդալների մեջ է հայտնվել։ Նրան հանդիմանում էին թրքամետության մեջ: Վերջինս թուրք պատմաբանների հետ համատեղ ծրագրի էր մասնակցել և ստորագրել մի ձեռնարկի տակ, որտեղ Հայկական լեռնաշխարհը «Արևելյան Անատոլիա» կամ «Կովկաս» էր անվանվում: Այդ ժամանակ անգամ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենը պատրաստվում էր այս հարցով դիմել ԱԱԾ: Այս աղմկահարույց ծրագրին ու դրան Լիլիթ Մկրտչյանի մասնակցությանը 5 տարի առաջ առանձին անդրադարձել էր նաև պատմաբան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, լուսահոգի Արտակ Մովսիսյանը։
Լիլիթ Մկրտչյանն իր հարցազրույցներում չի հերքել իր մասնակցությունն այդ ծրագրին։ Ավելին՝ հայտարարել է. «Եթե ժամանակին գործընկերներս արձագանքեին ու նույն ջանասիրությամբ բացթողումները մատնանշեին, գուցե 2019 թվականին, երբ լույս է տեսել գիրքը, շատ ավելի օգտակար աշխատություն ունենայինք, ինչի համար շնորհակալ կլինեի, բայց կուզեմ, որ այս երկու գործընթացներն իրար հետ ամենևին չխառնեն, որովհետև իրար հետ կապ չունեն»: Այս աղմուկից հետո Մկրտչյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով և պնդել, որ չի մասնակցել Թուրքիայի կողմից կազմակերպված ծրագրի, այլ մասնակցել է ծրագրի, որին նաև թուրք մասնագետներ են ներգրավված եղել:
Նախ պետք է նշել, որ այդ ժամանակ տեղի էր ունենում առարկայական չափորոշիչների սահմանման գործընթացը, խմբի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանն էր։ Նրան է վստահվել 20 դասագրքի չափորոշիչների կազմում, որոնք ԿԳՄՍՆ է ներկայացվել՝ առանց մասնագիտական շրջանակների հետ քննարկելու։
Հետո տվյալ խումբը թուրքերի հետ միասին մասնակցել է Support to the Armenia-Turkey normalisation process ծրագրին, որի վրա ներդրվել է 2-2,5 մլն եվրո։ Ծրագրի շրջանակներում տպագրել են 2 գիրք հայ և թուրք մասնագետների մասնակցությամբ։
Գրքերից մեկը կոչվում է History education in Turkey and Armenia, որտեղ հեղինակները քննադատում են 2013-2016 թվականներին տպագրված գրքերի բովանդակությունը, փորձելով առաջարկել այլընտրանքներ։
Հարկ է նշել նաև, որ ԵՊԱ-ն՝ Երիտասարդ պատմագետների ասոցացիան, որը համարվում է գրքի համահեղինակ ասոցացիաներից մեկը, տվյալ գիրքը չի հրապարակել կայքէջում, պահելով այն գաղտնի, սակայն փաստացի թուրքերի հետ մեկտեղ քննադատել են հայերի վերաբերմունքը թուրքերի նկատմամբ՝ բողոքելով, թե հայերը թուրքերին թշնամի են ընկալում։
Այդ ծրագրի նպատակ դաշտում նշված է, որ հիմնական միտումը մարտահրավեր նետելն է թշնամու կերպարին, քանի որ հեղինակները կարծում են, որ սխալ է թուրքերին հայերի թշնամի համարելը։

Այնուհետև վերոնշյալ գրքի 42-րդ էջում նշված է թե Հայաստանի այսօրվա պատմության դաստիարակությունը կրում է խորհրդային ժառանգությունը՝ Ստալինի ազգությունների քաղաքականությանը համահունչ։ Այսինքն, ըստ գրքի հեղինակների՝ այսքան ժամանակ Հայաստանի պատմության փիլիսոփայության հայրը եղել է Ստալինը։

Արդեն գրքի 43-44 էջերում հայերը մեղադրվում են էթնիկ հակամարտության հրահրելու մեջ։ Մասնավորապես՝ նշվում է, թե նոր դասագրքերը գրվել են Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին։
Ընկալելի կլիներ, որ թուրք մասնագետները հայերին մեղադրեին էթնիկ կոնֆլիկտը խորացնելու մեջ։ Բայց, մասնավորապես՝ խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանի ստորագրությունը դրա տակ պարադոքսալ է։

46-րդ էջում հեղինակները բողոքում են Ցեղասպանության լուսաբանումից, նշելով, թե թուրքերը բացասական լույսի ներքո են և թշնամու կերպարով։ Նորից տրամաբանական է, որ թուրքերը բողոքում են Ցեղասպանությունից, բայց հայ մասնագետների համակարծիք լինելը դրան ապշեցնող է։

Էջ 52-53-ում արդեն Հայկական լեռնաշխարհը «Արևելյան Անատոլիա» կամ «Կովկաս» է անվանվում։



Էջ 56-ում էլ նշված է, որ Հայոց պատմության էջերը միլիտարիզմով են հագեցած։ Մասնագետները բողոքում են, որ 2016 թվականի քառորյա պատերազմը նկարագրելու դրվագներում փառաբանվել է հայ զինվորի կերպարը, կրծիք հայտնում, թե պատերազմը չպիտի ներկայացվեր որպես հայրենիքի պաշտպանության սուրբ գործ։
Այսպիսով, Մանկավարժական համալսարանի նոր ռեկտոր, Ժաննա Անդրեասյանի մտերիմ ընկերուհի Լիլիթ Մկրտչյանն այս իշխանությունների սրտով է։ Նոր ռեկտորի համար Հայկական լեռնաշխարհը Արևելյան Անատոլիա է, Հայաստանում ուսուցանվող պատմությունը քննադատվում է։ Ըստ նրա ու թուրք պատմաբանների՝ թուրքերի կերպարը չի համապատասխանում իրականությանը, իսկ հայերի ռազմատենչությունն անտեղի է։
Ք. Սահակյան