Օրագիր.news-ի տեղեկություններով, Արդարադատության նախարարի հրամանով արդեն ստեղծվել է անցումային Հոգաբարձուների խորհուրդ՝ Ժամանակավոր խորհուրդ, որը իբր պետք է Երևանի պետական համալսարանը հանի ճգնաժամային իրավիճակից։ Անցումային խորհուրդն ունի երեք անդամ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան։ Խորհրդի առաջին քայլը լինելու է ԵՊՀ ռեկտորի նոր ժ.պ.-ի նշանակումը, քանի որ ներկայիս ժ.պ.-ի՝ Գեղամ Գևորգյանի լիազորությունները դատարանի վճռով հուլիսի 8-ին կասեցվելու են։
Ըստ Օրագիր.news-ի տեղեկությունների՝ անցումային խորհրդին հրահանգված է այս ուրբաթ որպես ԵՊՀ ռեկտորի ժ.պ. նշանակել ԿԳ նախկին փոխնախարար, ԱԺ իմքայլական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին, որը, նախկինում լինելով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, թեև բազմիցս հերքել է ԵՊՀ ռեկտոր դառնալու իր մտադրությունը, սակայն իրականում երբեք չի հրաժարվել իր «մանկության երազանքից»։
Խնդիրը, սակայն, այն է, որ Հովհաննես Հովհաննիսյանը չի համապատասխանում ԵՊՀ ռեկտոր դառնալու կանոնադրական պահանջին։ Ըստ ԵՊՀ կանոնադրության՝ ԵՊՀ ռեկտոր կարող է դառնալ միայն պրոֆեսորը, իսկ Հ. Հովհաննիսյանը նման կոչում չունի։ Ավելին՝ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ Հ.Հովհաննիսյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը տեղի է ունեցել կեղծիքներով. նրանում առկա են բազմաթիվ արտագրություններ, անհրաժեշտ հոդվածները տպագրվել են ոչ գիտական պարբերականներում և այլն։ Ըստ մեր տեղեկությունների՝ մի խումբ համալսարանականներ առաջիկայում պատրաստվում են վիճարկել նաև Հ. Հովհաննիսյանին դոկտորի կոչում շնորհելու ԲՈԿ որոշումը, քանի որ նման հեղինակությամբ անձը վարկաբելու է ԵՊՀ-ն։
Հիշեցնենք, որ Հովհաննես Հովհաննիսյանը անցած գումարման Ազգային ժողովի կողմից ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի հեղինակներից և հիմնական լոբբիստներից էր, ըստ որի՝ հանրային բուհերի ինքնավարությունը պետք է վերացվեր, սակայն օրենքն ուժի մեջ չի մտել, քանի որ նրա սահմանադրականությունը վիճարկվում է Սահմանադրական դատարանում։