Ներքին 1 ամիս առաջ - 21:54 09-09-2026

Հայաստանում կալանքը շարունակում է մնալ պատժի և քաղաքական հետապնդման գործիք. Անդրանիկ Թևանյան

Հայաստանում կալանքը շարունակում է մնալ պատժի և քաղաքական հետապնդման գործիք։ Կալանքը նաև քաղաքական հակառակորդներին ֆիզիկապես մեկուսացնելու գործիք է դարձել։ Այդպես է բոլոր ավտորիտար և տոտալիտար երկրներում․ Հայաստանը բացառություն չէ։ Այս մասին գրված է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ուղերձում՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։

«Քաղաքացի Նիկոլ Փ․-ն վախենում է իմ դեմ կարված գործի և այդ գործի շրջանակներում Արեգնազ Մանուկյանին քաղաքական հետապնդման ենթարկելու փաստի հրապարակային քննարկումից։

Փակ դատավարություն անցկացնելու որոշումը նրա հիբրիդային վախերի մասին է խոսում։ Եթե Նիկոլ Փ․-ն հիմնավոր փաստեր ունենար և ապացուցված մեղադրանք, ապա չկասկածե՛ք, որ կողմ կլիներ բաց դատավարությանը, որպեսզի հրապարակային թամաշա սարքելու հնարավորություն ստանար։ Բայց քանի որ դրանք չկան, գնում է ծածկադմբոց անելու ճանապարհով․ անունը դրել են «պետական գաղտնիք» և անցել փակ ռեժիմի։

Իրականությունն այն է, որ գեբելսյան ոճի ստերը պայթել են, բայց հոդվածները պահպանվել են։ Հիբրիդային այս գործը մինչև ընտրությունների օրն առավելապես ներքաղաքական նպատակ էր հետապնդում․ նախապատրաստվում էին մանդատագողության և իշխանազավթման։ Հունիսի 7-ից հետո այս գործն արդեն ունի արտաքին քաղաքական և աշխարհաքաղաքական շեշտադրում։

Սրանով Նիկոլ Փ․-ն պաշտոնապես թշնամի է հայտարարում Ռուսաստանին, որի հետ ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները դրսի թելադրանքով վերածվում են թշնամականի, իսկ Հայաստանը դառնում է աշխարհաքաղաքական բախումների մանրադրամ՝ ուկրաինական և մոլդովական տարբերակների խառնուրդային մոդելով։ Այս ամենն, ի վերջո, Հայաստանն արժանացնելու է Արցախի ճակատագրին: Բայց դա Նիկոլ Փ․-ին և, առավել ևս, դրսի ուժերին չի հետաքրքրում։ Նիկոլ Փ․-ի առջև պահանջներ են դրվել․ դրանք են՝
· Հայաստանում ադրբեջանական Սահմանադրության ընդունումը,
· «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հանձնումը թուրքական աշխարհին,
· ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում Հայաստանի անդամակցության դադարեցումը,
· Հայաստանի անվտանգային ճարտարապետության փլուզումը,
· Գյումրիից ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը,
· Երկաթգիծը թուրքական աշխարհին հանձնելը,
· Սահմանազատման և սահմանագծման անվան տակ ադրբեջանական սցենարով Հայաստանի կողմից տարածքային զիջումների իրականացումը,
· Հայաստանի դենացիֆիկացիայի և դեմիլիտարիզացիայի ապահովումը,
· Ատոմակայանի փակումը,
· Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կազմաքանդումը։

Այս և այլ պահանջների բավարարման հիմնական շահառուն Թուրքիան ու Ադրբեջանն են, ինչպես որ Նիկոլ Փ․-ի ձեռքերով Արցախի դավաճանական հանձնման դեպքում եղավ։

Բոլոր այն ուժերն ու գործիչները, ովքեր դեմ են նշված կետերի իրականացմանը և ունեն դիմադրություն կազմակերպելու պոտենցիալ, ապօրինաբար հետապնդվում են և կալանավորվում։ Այս շարքում վերջինը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կալանավորումն էր։

Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ։

Նիկոլ Փ․-ն բաց տեքստով հայտարարում է, որ գործի պատճառն իմ ընդդիմադիր գործունեությունն է, հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթին կողմ լինելը, Արևմուտքի հետ նորմալ, գործընկերային հարաբերություններին կողմ լինելը՝ Ռուսաստանի հետ թշնամաբար չտրամադրվելը և այդ տրամադրությամբ Արևմուտքի հետ հարաբերությունները չկապելը, թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկմանը դեմ լինելը, Հայաստանը հակաիրանական կոալիցիայի մաս դարձնելուն ընդդիմանալը։

Մեր դատավորի բախտն այս առումով չի բերել․ ինքը մի կողմից ճնշվում է Նիկոլ Փ․-ի կողմից և պետք է հակաիրավական որոշումներ կայացնի, բայց մյուս կողմից հասկանում է, որ Հայաստանի անվտանգությանն ու գոյությանը վերաբերող հարցերի հետ գործ ունի և կարող է մասնակից դառնալ «Արևմտյան Ադրբեջան» կոչված նախագծի կյանքի կոչմանը։
Ամեն դեպքում, բոլորը պետք է իմանան, որ վաղ թե ուշ անհատական պատասխանատվության են ենթարկվելու իրենց արածների ու չարածների համար։

Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների շահերի դեմ արված քայլերն արդարացում չունեն, վաղեմության ժամկետ՝ նույնպես։
Այնպես որ, լա՛վ մնացեք։
Անդրանիկ Թևանյան,
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ
09.09.2026.»։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»