Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:10 27-10-2025

Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը պաշտոն է ստացել, Էրդողանն ու Ալիևը հրավիրվել են Երևան. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հոկտեմբերի 27-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Այսօր Հոկտեմբերի 27-ն է, Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկը: 26 տարի առաջ այս օրը Հայաստանի խորհրդարանում սարսափելի ահաբեկչություն տեղի ունեցավ։ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանի դահլիճ ներխուժեցին Նաիրի և Կարեն Հունանյան եղբայրները: Ահաբեկչական խումբը «Կալաշնիկով» ավտոմատներից կրակ բացեց վարչապետ Վազգեն Սարգսյանի և առաջին շարքում նստածների ուղղությամբ: Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ գնաց 8 մարդ, այդ թվում երկրի երկրորդ և երրորդ դեմքերը՝ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ` Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ` Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, Ազգային ժողովի պատգամավորներն այսօր ծաղիկներ են խոնարհել Ազգային ժողովի այգում կանգնեցված հուշակոթողի մոտ և հարգանքի տուրք մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակին:

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ եթե սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր ողջ լիներ, ապա Արցախը չէր հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ։ «Եթե հոկտեմբերի 27-ը չբացահայտվի, մեր պետությունը ապագա չի ունենա։ Հոկտեմբերի 27-ին ոչ թե կառավարության ղեկավարությունը գլխատվեց, այլ խարխլվեց մեր պետականությունը։ Եթե Վազգենը կենդանի լիներ, Արցախի հետ կապված նման բան չէր կարող լինել»,- ասել է նա՝ նկատելով, որ այսօր մեր գերխնդիրը համախմբված, հզոր, բանակի կողքին լինելն է։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում կառավարության որոշմանը, ըստ որի կրճատվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը, Միքայելյանն ասել է, որ դա կառավարության որոշումն է, ինքը չի կարող մեկնաբանություն տալ։ Միքայելյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտնի «Արցախը Հայաստան է և վերջ»։ «Բաներ կան, որ մեր լրագրողները մի տեղից մտնում են և վերջ. մարդ է, պահի տակ ասել է. «Արցախը Հայաստան է և վերջ»: Եվ այն ժամանակ, իրոք ուրիշ ձև էր մտածում: Բայց եկավ 44-օրյա պատերազմը, եկավ, չգիտեմ այս խաղերն Արցախ աշխարհի հետ կապված՝ ի դեմս Ռուսաստանի և էս օրն ընկանք»,- նշել է ԵԿՄ առաջնորդը։ Հիշեցնենք՝ 2018-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտում տարած հաղթանակը։

2026 թվականին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին Հայաստանը հրավիրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին խորհրդարանում հայտնել է Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ հրավերը բանավոր է, ոչ թե գրավոր կարգով։ Հարևան երկրների արձագանքի մասին Միրզոյանը չխոսեց՝ ասելով, թե դեռևս ամեն ինչ թարմ է ու դետալային քննարկման առիթ չի եղել։ Ինչ վերաբերում է հարցին՝ ինչպես հայ հանրությունը կընկալի Էրդողանի և Ալիևի այցը Հայաստան, Միրզոյանը պատասխանեց. «Լեգիտիմ և օբյեկտիվ հարց է։ Եղել է հակամարտություն, հոսել է արյուն, ու գրեթե բոլորը զոհ ունեն։ Մեր սերունդը մեծացել է մի նարատիվի շրջանում, որ այդ մարդիկ ընկալվել են թշնամի, այսինքն՝ չեն ընկալվել, այլ իրական թշնամանք է եղել մեր մեջ։ Հիմա հաշտեցման գործընթաց է. խաղաղություն չի հաստատվում բարեկամների միջև, ընկերների միջև, խաղաղություն հաստատվում է մինչև այդ վայրկյանը թշնամանք ունեցող հասարակությունների միջև»։ Նա հիշեցրել է նաև, որ Նիկոլ Փաշինյանն արդեն այցելել է Թուրքիա, հետևաբար դժվար չէ պատկերացնել նաև հակառակը։ Միրզոյանը նաև հայտնել է, որ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը առաջիկայում շատ շոշափելի արդյունքներ կունենա։ «Ինքս շատ լավատես եմ այս առումով և կարծում եմ, որ առաջիկայում պետք է, որ շատ շոշափելի արդյունքներ ունենա Հայաստան-Թուրքիա երկխոսությունը»,- ասել է նա։ Հարցին, թե ի՞նչ նկատի ունի շոշափելի արդյունք ասելով, Միրզոյանը կրկին փակագծեր չբացեց, միայն նշեց, թե նկատի ունի «էնքան շոշափելի արդյունք, որ այդտեղ ներկա որևէ մեկի մոտ կասկած չթողնի, թե իրենք հենց էդ շոշափելին նկատի ունեն»:

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը՝ արդրադատության փոխգնդապետ Ռոբերտ Թամարյանն օրեր առաջ նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։ Այս մասին գրում է Panorama.am-ը։ Այս նշանակումն ուշագրավ է, քանի որ հենց այստեղ են գտնվում կալանավորված Բագրատ Սրբազանը, բարերար Սամվել Կարապետյանը, ինչպես նաև 2 տարվա ազատազրկման դատապարտված Միքայել Սրբազանը։ Ռոբերտ Թամարյանին այս տարվա 2025թ․ մայիսի 8-ին Սրբուհի Գալյանի հրամանով նշանակվել է Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ։ Ուղիղ մեկ տարի նա այդ հիմնարկի պետի պաշտոնակատարն էր, մինչ այդ եղել է պետի տեղակալը։ Ուշագրավ է, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի արդեն նախկին պետ պետ Ռուբեն Խալապյանը նույն օրը՝ հոկտեմբերի 15-ին նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ։ Նշենք, որ այս պաշտոնում Խալապյանը նշանակվել էր 2024-ի փետրվարի 7-ին, մինչ այդ մոտ մեկ տարի նա եղել է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, իսկ մինչ այդ 2021թ․ նոյեմբերի 15-ից ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետն էր։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան