Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունիսի 16-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» շարժմանը բյուջեից տրվող գումարների վերաբերյալ տեղեկությունները համարվում են պետական գաղտնիք։ Factor.am-ն է դիմել է Փաշինյանի աշխատակազմ և ծախսերի վերաբերյալ տեղեկություններ խնդրել, որտեղից էլ հայտնել են, որ այն համարվում է պետական գաղտնիք։ Փաշինյանի աշխատակազմից հայտնել են, որ միջոցառման համար ծախսերը իրականացվում են «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի շրջանակներում։ «Ըստ այդմ, հիշյալ միջոցառումների կազմակերպման ծառայությունները ներառվել են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում, ուստի հայցվող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»,- նշված է գրավոր պատասխանում։ Կառավարությունից հայտնել են, որ պետբյուջեից ֆինանսավորվում են միայն այն միջոցառումները, որոնց մասնակցում է անձամբ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը չորրորդ օրն է՝ ոչ մի գրառում չի արել Վեհափառի և բարձրաստիճան մյուս հոգևորականների մասին, չկան նաև սաղմոսները: Լրագրողները Շիրիակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվել են, թե ինչո՞Վ է պայմանավորված Փաշինյանի լռությունը, ինչին ի պատասխան Սրբազանն ասել է․ «Ի՞նչ իմանամ, երևի դեղերը խմել է»։ Աջապահյանը վստահեցրել է, եպիսկոպոսաց դասը Մայր Աթոռի ու Վեհափառ Հայրապետի կողքին է, բայց, ըստ նրա, թեթև տարբերություններ կարող են լինել։ Նա չի կարծում, թե կան եպիսկոպոսներ, որոնք «թելում են Փաշինյանի թելը», բայց, գուցե, կան եպիսկոպոսներ, որոնք կոնֆլիկտի գնալու ցանկություն չունեն։ «Իրենց մոտեցումն այն է, որ եկեղեցին բոլոր դեպքերում պետք է «կայսրինը կայսեր» տա, սա հասկանալի մոտեցում է, բայց «կայսերինը կայսեր»-ը չի կարելի լինել առանց Աստծունը Աստծուն դիտելու»,- լրագրողներին ասել է Սրբազանը՝ նկատելով, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է ունենալ իրեն հնազադ եկեղեցի։
Այսօր առավոտյան Քասախի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով Երևան-Աշտարակ մայրուղին։ Քասախցիների բողոքի ակցիայի ընթացքում «կարմիրբերետավորը» հարվածել է 24News-ի լրագրող Մերի Մանուկյանին, ով տեղում իր մասնագիտական գործունեությունն էր իրականացնում՝ լուսաբանելով բողոքի ակցիան։ Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ լրագրողը փորձել է պարզել, թե ինչու են ոստիկանները բերման ենթարկելու ընթացքում ուժ կիրառել քաղաքացիների նկատմամբ։ Ի պատասխան՝ կարմիրբերետավորներից մեկը կոպիտ տոնով պատասխանել է. «Ինչ ես ուզում, լրատվական բաժին կա, կպատասխանի հարցերիդ», ինչից հետո մեկ այլ բերետավոր մոտեցել է լրագրողին և հարվածել նրան։ Ավելի ուշ Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ այսօր Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտել է ոստիկանության ծառայողի կողմից լրագրողի նկատմամբ բռնությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ գրասենյակը։ «ՄԻՊ աշխատակազմի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է ոստիկանության ծառայողի կողմից լրագրող Մերի Մանուկյանի մասնագիտական գործունեությունը առերևույթ խոչընդոտելու և նրա նկատմամբ բռնություն կիրառելու դեպք: Լրագրողների համար պետք է երաշխավորված լինի մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար պատշաճ միջավայր»,– նշել է Մանասյանը՝ պահանջելով, որ իրավասու մարմինները պատշաճ քննություն իրականացնեն նշված դեպքով: Բացի այդ, մարդու իրավունքների պաշպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբը հունիսի 16-ին մեկնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժին՝ Քասախում բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում:
Մանրամասները՝ տեսանյութում: