Oragir.News-ը ներկայացնում է հունվարի 29-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Այսօր՝ հունվարի 29-ին, տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Oragir.News-ը երկրորդ նախագահից հետաքրքրվեց՝ մտածե՞լ է արդյոք քաղաքականությունից հեռանալու մասին, և ի՞նչ պետք է լինի, որ նա նման որոշում կայացնի։ Ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ հիմա Հայաստանում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, և ինքը կանգնած է պատասխանատվություն ստանձնելու կամ այդ պատասխանատվությունից խուսափելու ընտրության առաջ։ «Ես համարում եմ, որ ինձնից լավ այս վիճակից ոչ ոք չի կարող երկիրը (հանել) և դրա համար եմ ստանձնել»,- ասաց նա՝ խոստանալով, որ երբ «Հայաստան» դաշինքն առաջիկայում ներկայացնի ընտրություններին մասնակցելու ձևաչափը և իր թարմացված կազմը, այս մասին ավելի մանրամասն կխոսի։ Երկրորդ նախագահն ընդգծեց նաև, որ այժմ ներքաղաքական առումով ունենք ունիկալ իրավիճակ՝ նշելով, որ չի հիշում Հայաստանում տեղի ունեցած որևէ ընտրություն, որտեղ ընդհանրապես նախընտրական պայքարի ժամանակ հարցեր լինեին հետևյալ բովանդակությամբ՝ Արարատ, թե՞ Արագած։ «Երբեք խոսք չի եղել ազգային ինքնությունը պահպանելու մասին, եկեղեցու միասնությունը պաշտպանելու մասին։ Վիճակն իսկապես ունիկալ է։ Իսկապես, ամբողջ ընդդիմադիր դաշտում, երբ դիտում ես մարդկանց հարցազրույցները, ֆունդամենտալ հարցերի շուրջ տարբեր բևեռներում գտնվող, տարբեր հայացքներ ունեցող լավ կամ վատ մարդկանց մոտ խոսույթը գրեթե նույնն է։ Սա նշանակում է, որ կա բավական լուրջ դաշտ համագործակցության համար, նաև թեզերի սինխրոնիզացման համար, լրատվական միջոցների հետ աշխատելու առումով նաև։ Սա բացառիկ իրավիճակ է»,- ասաց նա։ Ռոբերտ Քոչարյանը նկատում է՝ սա լավատեսություն է հաղորդում այն հագամանքին, որ հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկներ և դրանցով մասնակցել ընտրություններին։
Երկրորդ նախագահը ասուլիսի ժամանակ համոզմունք հայտնեց, որ «Թրամփի ուղին» դառնալու է Հայաստանի ամենամեծ անվտանգային սպառնալիքը։ «Այս ֆորմատով հայկական շահն այստեղ չի երևում ընդհանրապես, Հայաստանը նույնիսկ կողմ չէ այստեղ, այլ կիսակողմ է` 25 տոկոսով»,– ասաց Քոչարյանը։ Ըստ նրա` Թրամփի ուղին հայ-ամերիկյան պրոյեկտ է, բայց նախատեսված Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Նա բացատրեց, որ տրանզիտային ուղիները ունեն երկու գործոն։ Առաջինն աշխարհաքաղաքական կշիռ է հաղորդում նրան, ով վերահսկողություն տակ է պահում տարածքը և երկրորդը տնտեսական գործոնն է։ «ԱՄՆ–ն բրդելու է այս ծրագիրն առաջ, բայց իր տնտեսական շահը չեմ տեսնում, միակ բացատրության անունն է` Իրան։ Նրանք ուզում են Իրանը վերցնել հսկողության տակ։ Այսպիսով` այս ծրագրով Հայաստանն իրեն դնում է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման կետում։ Մեկ անգամ արդեն այդ հարվածը կերել ենք, չգիտեմ` ինչի ենք նորից անում»,– հավելեց Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով` այս ծրագիրը կարող է Հայաստանին հանել այդ բախման կետից, եթե ընդլայնվի ու բոլոր խաղացողները դառնան շահառուներ, օրինակ` Չինաստանը կամ Ռուսաստանը: Անդրադառնալով՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին՝ նշելով, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ ինքն էլ ունի որոշակի հիասթափություն: «Եկեք ՀԱՊԿ-ին նայենք որպես ռուսաստանակենտրոն մի կառույց, մենք գործ ունենք Ռուսաստանի հետ, մոռացեք Կենտրոնական Ասիայի երկրների մասին, և Լուկաշենկոն ինչ-որ մի բան այն չասելու կամ չանելու մասին: Դրոշ սարքել և այդ հողի վրա Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել ու ասել, որ զենք չեն տալիս՝ ասեմ, դու ամեն ինչ արել ես, որ քեզ վատ վերաբերվեն»,- նշել է նա:
Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ ներկայումս տեղի է ունենում ՀԷՑ-ի շուկայական արժեքի գնահատում: Նրա խոսքով՝ եթե ՀԷՑ-ի շուկայական արժեքը կլինի, այսպես ասած, հասանելի պետական բյուջեի համար, ապա իրենք դա լիարժեք, ամբողջությամբ կպետականացնեն, կազգայնացնեն և կհանձնեն հավատարմագրված կառավարման միջազգային բարձր պրոֆեսիոնալ ընկերության կամ ընկերությունների խմբի: Կառավարության ղեկավարն ասել է նաև, որ միջազգային գործընկերներին, հատկապես էներգետիկ ոլորտի թոփ ընկերություններին իրազեկել են իրավիճակի մասին: «Հիմա նաև որոշ կարծիքներ են հնչում, բայց շատ նախնական, որովհետև կարող է պարզվել, որ ՀԷՑ-ի ֆինանսական վիճակն այնքան վատ է, և շուկայական արժեքը շատ ցածր է, կարելի է ուղղակի Կառավարության որոշմամբ ինչ-որ գումար հատկացնել և դա դարձնել... Մեծ հաշվով շտապելու բան չունենք: ՀԷՑ-ն այս պահին առնվազն դե ֆակտո պատկանում է Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Փաշինյանը: Այս համատեքստում նա նաև պնդեց, որ էականորեն բարձրացել է ընկերության արդյունավետությունն ու թափանցիկությունը: «ՀԷՑ-ը՝ որպես գործընկեր, բացվել է Հայաստանի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ընկերությունների առաջ, որովհետև նախկինում ՀԷՑ-ի մրցույթներին մասնակցում էին (չեմ ասի` 100 տոկոսով), նախկին կառավարիչների հետ կապված ընկերություններ, և դա, ըստ էության, կոռուպցիոն և փողերի լվացման համակարգ էր, որը մեր կողմից բացահայտվել է, այդ թվում՝ հարուցված քրեական գործեր կան»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: