Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին բացահայտեց կոռուպցիայի դեմ պայքարի ՔՊ-ական քաղաքականության հիմքը։
«Այսօր մեր Հակակոռուպցիոն կոմիտեն բավարար տեխնիկական հագեցվածություն ունի և հույս ունեմ, որ դա կանխարգելիչ որոշակի նշանակություն կունենա, մարդիկ մի անգամի փոխարեն յոթ-ութ անգամ կմտածեն՝ գնա՞ն այդ քայլին, թե՞ ոչ, և սա է հենց մեր նպատակը: Մեր նպատակն այն է, որ մենք մեր քաղաքականություններով կանխարգելենք կոռուպցիոն դրսևորումները»,- ասել է վարչապետը Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման 4-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։
Խոսքն այստեղ, ենթադրաբար, գաղտնալսման տեխնիկային է վերաբերում, ինչին անդրադարձել է Փաշինյանն այս ելույթում, ընդգծելով դրա օրինականությունն ու արդյունավետությունը։ Հակակոռուպցիոն կոմիտեն կարողանում է մի քանի տարվա վաղեմության հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ ստանալ, որոնք, ըստ էության, նույնպես գաղտնալսման արդյունքում են պահպանվում։ Այսինքն՝ այնպիսի տեխնիկական հագեցվածություն ունեն, որով կարող են պաշտոնյայի հեռախոսազրույցները լսել ու դրանցում եղած փաստական հիմքով հարուցել վարույթներ։ Եվ Փաշինյանի կարծիքով՝ եթե գաղտնալսման տեխնիկայից վախեցած պաշտոնյան 7-8 անգամ մտածի կոռուպցիայով զբաղվել-չզբաղվելու մասին, ապա կկանխվի կոռուպցիան։
Ազատ աշխարհի երկրներում կարծում են, թե հասարակական, քաղաքական, տնտեսական հարաբերությունների հիմքում ժողովրդավարական արժեքներն են։ Պրագմատիզմի հետևորդների կարծիքով՝ ամեն ինչի հիմքում հավատն է՝ Աստծո, բարու հաղթանակի, արդարության, սկսած գործդ ավարտին հասցնելու նկատմամբ։ Իսկ Փաշինյանը պարզ բանաձև ունի։ Բավարար է մարդկանց վախեցնել, որ նրանք գաղտնալսվում են, և նրանք կոռուպցիայով զբաղվելուց առաջ 7-8 անգամ կմտածեն։
Հաշվարկը պարզ է։ Մինչ պաշտոնյան 7-8 անգամ մտածում է, կաշառք տվողը կարող է օրինական ճանապարհով լուծել իր խնդիրը։ Այս ընթացքում գուցե նաև կլրանա պաշտոնավարման ժամկետը, կամ պաշտոնյան կազատվի վաչապետի sms-ով։ Այսինքն՝ մեթոդն արդյունավետ է այն պարագայում, երբ պաշտոնյան դանդաղ է մտածում, 7-8 անգամ մտածելը տևում է մի քանի ամիս կամ տարի։
Ժողովրդավարության արժեբանական առումով 7-8 անգամ մտածելու մասին փաշինյանական ակնարկը սխալ է։ Ինքնին վատ է, որ պաշտոնյան մտածում է կաշառք վերցնելու, դիրքը չարաշահելու մասին։ Բազմապատիկ վատ է, որ այդ մասին մտածում է 7-8 անգամ։ Այդ ո՞ր պաշտոնյան այդքան ժամանակ ունի, որ կոռուպցիայով զբաղվելու մասին 7-8 անգամ մտածի։ Կամ հայ պաշտոնյան բան ու գործ չունի՞, որ կոռուպցիայով զբաղվելու մասին 7-8 անգամ մտածի։
Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասած երկրների օրինակը վկայում է, որ շեշտը դրվում է ոչ թե վախի, այլ դաստիարակության վրա։ Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում կարևորը արժեքահեն դաստիարակությունն է։ Այս հարցում դեր ունեն ոչ միայն ուսուցիչը, հոգևորականն ու մտավորականն, այլև քաղաքական համայնքն ու առաջին հերթին երկրի ղեկավարը, որից օրինակ է վերցնում ժողովուրդը։ Այսինքն՝ նորմալ երկրում պաշտոնյան ոչ թե 7-8 անգամ մտածում է կաշառք ուզել-չուզելու մասին, այլ սկզբունքորեն մերժում է կոռուպցիան, հարգելով ժողովրդավարական արժեքներն, առաջին հերթին՝ հավասարությունը։ Դաստիարակված պաշտոնյան մեղք է համարում կոռուպցիայի մասին մտածելը, իսկ 7-8 անգամ մտածելը 7-8 անգամ ավելի մեղք։ Նա կոռուպցիան մերժում է ի սեր հավասարության, պետության, օրենքի, մարդու։
Հայաստանում արժեքները, ցավոք, անտեսված են։ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի համար տոնական նվեր կլիներ, եթե Փաշինյանը 20 րոպե խոսեր հավասարության արժեքի հիմնարար նշանակության, օրենքն ամեն ինչից վեր դասելու, բյուրոկրատիայի անվերջ պարզեցման, կառուպցիա կոչվող ապազգային չարիքի դեմ պայքարում յուրաքանչյուրի նվիրումի մասին։ Փոխարենը՝ շեշտը դրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի տեխնիկական հագեցվածության վրա, որն իբր՝ զսպելու է պոտենցիալ կոռուպցիոներին։ Այսպիսի ընդգծումը, հիմք է տալիս ենթադրելու, որ փաշինյանական կառավարման համակարգում արժեբանական ճգնաժամ է, պաշտոնյան չի առաջնորդվում ժողովրդավարական արժեքներով, թքած ունի հավասարության վրա, ժողովրդի հանդեպ պատասխանատվության գիտակցում չունի, այլ միայն վախ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն կգաղտնալսի ու կբացահայտի։
Կարճ ասած՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը սխալ հիմքի վրա է։ Գաղտնալսման վախը չի կանխի կոռուպցիան։ Անդաստիարակ պաշտոնյան 7-8 անգամ մտածելուց հետո, ենթադրաբար, կգտնի ձևը, թե ինչպես գնա այդ քայլին։
Թաթուլ Մկրտչյան