Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 16:56 21-10-2025

«Շողակաթ» Հ/Ը-ն փակելը բացահայտ ցենզուրա է, դրանից երևում է կառավարության վերաբերմունքը

ՀՀ ԱԺ նիստում քննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որի հետեւանքով «Շողակաթ» հեռուստաընկերությունը, ըստ ամենայնի, կզրկվի եթերից։ Նախագիծը ներկայացնող ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը փորձեց պնդել, թե այն ուղղված չէ հեռուստաընկերությունը փակելուն։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նկատեց՝ արդյո՞ք սա կապված է այն հանգամանքի հետ, որ հեռուստաալիքը հեռարձակել է Մասիսի ընդդիմադիր քաղաքապետի երթը։

«Ինչո՞ւ պետք է հանրության մի մասը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի երթը հեռարձակվի, իսկ հանրության մեկ այլ հատվածի երթը՝ ոչ։ Սա բացահայտ ցենզուրա է»,- ասաց Խաչատրյանը՝ դիմելով ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին։ Հայրապետյանը նշեց, որ կիսում է այն մոտեցումը, որ քաղաքական ցույցեր կամ քաղաքական բնույթի հաղորդաշարեր հոգևոր, մշակութային և կրթական բովանդակության փոխարեն պետք չէ ցուցադրել, սակայն եթե ուզում են ցուցադրել, ապա դա չպետք է լինի հանրային միջոցների հաշվին։

«Հեռուստաալիքը կարող է շարունակել իր գործունեությունը, իսկ պետության կողմից ստեղծված հիմնադրամը կարող է թիրախային ֆինանսավորել ցանկացած հեռուստաալիք՝ «Շողակաթ»-ից մինչև «Երկիր Մեդիա», «Հ2»-ից մինչև 5-րդ ալիք։ Մենք հիմնադրամը ստեղծելիս չենք առաջնորդվելու որևէ սիմպատիաներով կամ նախասիրություններով։ Ցանկացած հեռուստաալիք, որը արտադրում է բարձրորակ և հանրօգուտ բովանդակություն, ստանալու է պետական ֆինանսական աջակցություն»,- ասաց Հայրապետյանը։