Ներքին Միտք 8 ամիս առաջ - 20:00 08-10-2025

Ի՞նչ տարբերություն կա Փաշինյանի և քաղաքական գործչի միջև  

Թռչող փիղ և ջութակահար ձի իրականում չկան։ Դրանք առակի, անեկդոտի, մուլտի երևակայական կերպարներ կարող են լինել՝ ժպիտ պատճառելով մարդկանց, հատկապես՝ պատանիներին։ Բայց եթե գիտնականը լուրջ ու հրապարակավ քննարկի թռչող փղի և ջութակահար ձիու տարբերությունները, ապա կարող ենք ենթադրել, որ նա ողջամտության հետ խնդիր ունի։

Նիկոլ Փաշինյանը «Մի րոպե մի բան ասեմ» շարքից նոր տեսանյութ է հրապարակել հոկտեմբերի 8-ին ու խոսել «3–րդ», «4–րդ» հանրապետությունների տարբերությունների մասին։ Փորձառու ու կիրթ բազմաթիվ գործիչներ են բացատրել, որ չի եղել Հայաստանի 2-րդ Հանրապետություն, հետևաբար՝ չեն կարող լինել 3-րդը կամ 4-րդը։ Դրանց մասին օրենքներում, սահմանադրության մեջ, պայմանագրերում, պետական փաստաթղթում որևէ հիշատակում չկա։ Այսինքն՝ այս թեման լեգիտիմ չէ ի սկզբանե, և անիմաստ է քննարկել դրանց տարբերությունները։

Փոխարենը՝ օգտակար կլինի պարզել, թե ի՞նչ տարբերություն կա Փաշինյանի և քաղաքական գործչի միջև։

Քաղաքական գործիչը ազգային ինքնագիտակցություն ունի։ Նա մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր խոսքին, գործին, քանի որ նրա սխալ խոսքի կամ քայլի արդյունքում տուժում է պետությունն ու ժողովուրդը, իսկ ինքը կորցնում է ժողովրդականությունն ու պարտվում ընտրություններում։ Այս հարթության մեջ Փաշինյանը տարբերվում է քաղաքական գործչից։ Եվ եթե չլինեն նախկինները, ապա նա վերընտրվելու որևէ շանս չի ունենա։

Քաղաքական գործիչը ոչինչ է առանց քաղաքական հավակնության։ Իշխանության հասնելու կամ պահելու, քաղաքականության վրա գործնական ազդեցություն ունենալու ձգտում-խնդիր չունեցող քաղաքական գործիչ գոյություն չունի։ Եթե չես ցանկանում լինել ավագանի, պատգամավոր, նախարար, վարչապետ, նախագահ, զբաղեցնել քաղաքական, պետական դիրք, պաշտոն, ապա քաղաքական գործիչ չես։ Այս առումով՝ Փաշինյանին կարելի է քաղաքական գործիչ որակել, սակայն կա էական տարբերություն։ Քաղաքական գործիչը ձգտում է իշխանության իր քաղաքական ծրագիրը, քաղաքական երազանքն ու ազգային իդեալն իրականացնելու համար, իսկ Փաշինյանը քաղաքական երազանք ու ազգային իդեալ չունի։ Նա պարզապես ուզում է պահպանել իշխանությունը։

Քաղաքական գործիչը դրսևորում է առաքինի, օրինակելի վարք, քանի որ ժողովուրդը նրանից օրինակ է վերցնում։ Անառակության կասկածն ինքնին հիմք է հրաժարական տալու և քաղաքականությունից դուրս գալու համար։ Քաղաքական տեքստը լուրջ է ու կոնկրետ, զերծ փոխաբերական, բարբառային, փողոցային, գռեհիկ բաներից, առավել ևս՝ հայհոյանքից։ Փաշինյանն այս առումով՝ էապես տարբերվում է։

Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամի պատասխանատուն քաղաքական գործիչն է։ Անհարկի վերլուծություններով, ապաքաղաքական խոսույթով, գռեհկաբանություներով աղավաղվում է քաղաքական գործչի կերպարն, ու քաղաքական միտքն ընկղմվում է ճահճում։ Փաշինյանը հիմնովին աղավաղել է քաղաքական գործչի կերպարը։ Եթե վաղվա քաղաքական գործիչը նրանից օրինակ վերցնի, ապա ռիսկ կա, որ ավելի մեծ աղետներ կլինեն։

Քաղաքական գործիչը, քաղաքական տեքստ կազմելիս, պարտավոր է Հայաստանը ներկայացնել որպես ինքնիշխան սուբյեկտ, այսինքն՝ առարկան, իրադարձությունը, երևույթը, հարցը դիտել Հայաստանի շահերի տեսանկյունից, ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը կամ ցանկալի դիրքորոշումը դրանց վերաբերյալ։ Նա առաջին հերթին պարտավոր է ընդգծել, որ Հայաստանն 1991-ից ի վեր անկախ է։ Այնուհետև թեման դիտարկել այդ ելակետից։ Փաշինյանը թյուրիմացաբար կարծում է, թե ՀՀ-ն անկախ չէ ու չի էլ եղել, ավելին՝ փորձում է ժողովրդին էլ համոզել, որ ՀՀ-ն անկախ չի եղել ու չէ, ուստի՝ հանցագործություն չէ, որ ինքը ֆորպոստի վարչապետ է եղել ու սպասարկել ռուս-թուրք-ադրբեջանական շահերը։

Քաղաքական գործչին անվայել է առավոտյան մի բան, երեկոյան հակառակ բան ասելը, հանդես գալն իրարամերժ, հակասական դիրքորոշմամբ։ Նա պարտավոր է չտարածել մեծ ստեր հարազատ երկրում, ավելին՝ կանխել դրանց տարածումը։ Փաշինյանն այս հարցում արմատապես տարբերվում է քաղաքական գործչից։

Կարճ ասած՝ գոյություն չունեցող 3-րդ ու 4-րդ հանրապետությունների տարբերությունները ողջամտության տեսանկյունից հետաքրքիր չեն, ինչպես թռչող փիղն ու ջութակահար ձին։ Ու եթե քաղաքացին առաջնորդվի ողջամտությամբ, ապա ձայն կտա քաղաքական գործչին, ոչ թե նրան, որը 7 տարի բարձրագույն պաշտոն զբաղեցնելուց հետո այդպես էլ քաղաքական գործիչ չդարձավ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
23:29 Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
21:38 Մեր երկրի դատաիրավական համակարգը շոուների կազմակերպման բյուրո է դարձել՝ երկրի գլխավոր շոումենի ձեռամբ
22:19 Համլետ ջան, լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյանը հայտնել է ծանր ու ցավալի կորստի մասին
21:45 Գնալդ ապացուցեց էս աշխարհի անարդար լինելը. Նորայր Նիկոյանի կնոջ գրառումը՝ ավտովթարից մահացած տալի հիշատակին

Ձեզ գուցե հետաքրքրի