Oragir.News-ն ամիսներ առաջ
անդրադարձել էր Ծաղկաձորի «Ռոյալ Սիգնաչր» խաղատան 180 աշխատակիցների ահազանգին, ըստ որի՝ խաղատան նախկին և ներկայիս տնօրենները մարտ ամսից հրաժարվում են վճարել նախկին աշխատակիցների աշխատավարձերն ու վերջնահաշվարկը։
Խաղատան աշխատակիցներից մեկն
Oragir.News-ի հետ զրույցում իր և երեսուն գործընկերների անունից կրկին ահազանգեց, որ իրավիճակը մնում է լարված: Նա պնդեց, որ գործատուները՝ խաղատան նախկին տնօրինությունը և նոր սեփականատերը, միմյանց վրա են գցում պատասխանատվությունը, աշխատողների պարտքը հասցեագրելով մեկը մյուսին։
Մեր զրուցակիցը հայտնեց, որ Ծաղկաձորի «Ռոյալ Սիգնաչր» խաղատան երեսուն նախկին աշխատակիցներ՝ սլոթ-օպերատորներ, գանձապահներ, մատուցողներ, բարմեններ, մաքրուհիներ և այլ անձնակազմ, հոկտեմբերի 9-ին հավաքվելու են կառավարության շենքի դիմաց՝ գործատուից պահանջելու իրենց չվճարված աշխատավարձերը։ Խոսքը 2023 թվականից մնացած պարտքերի և մարտ ամսից չվճարված՝ գրեթե երկու ամսվա աշխատավարձերի մասին է:
«2023 թվականին «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ունանյան Արմենը մեզ ազատել է աշխատանքից՝ առանց նախնական ծանուցման, առանց վերջնահաշվարկի, առանց աշխատավարձի, առանց որևէ վճարման։ Աշխատողներից մեկն անգամ բազմիցս փորձել է կապ հաստատել նրա հետ՝ տելեգրամով, զանգերով, հաղորդագրություններով։ Սկզբում նա ասում էր, թե անպայման կվճարի, բայց այժմ այլևս չի պատասխանում ոչ զանգերին, ոչ ՍՄՍ-ներին։
Ինքը նախկինում տնային կալանքի տակ էր, իսկ ազատվելուց հետո հավաստիացնում էր, թե «Ռոյալ» խաղատանը գույք ունի, որը վաճառելով կկարողանա մարել պարտքերը։ Բայց խաղատան գույքն ամբողջությամբ դուրս է բերվել, ապարատները, սեղանները և մնացածը նա արդեն տարել է։ Իսկ մեր գումարները դեռ չենք ստացել», – ահազանգում է աշխատակիցը։
Վերջերս նոր ղեկավար կազմը մասնակիորեն մարել է կուտակված պարտքի մի մասը՝ ընդամենը մի քանի ամսվա համար, իսկ մնացած գումարը խոստացել է վճարել հոկտեմբերի վերջին։
«Խաղատան նոր տնօրենը՝ Սամվել Պողոսյանցը աշխատակիցների մի մասի պարտքը փոքր չափով մարել է՝ յուրաքանչյուրին 500–600 դոլարի համարժեք դրամով, իսկ մյուս մասը խոստացել են վճարել ամսվա վերջին»,- նշեց աշխատակիցը։
Նախկին աշխատակիցների պահանջը պարզ է՝ ցանկանում են, որ անհապաղ վճարվեն աշխատավարձերը և վերջնահաշվարկները, ինչպես նաև ստանան պաշտոնական պարզաբանում՝ ինչու է ձգձգվել իրենց պահանջների կատարումը: Նրանք այլևս չեն ցանկանում միայն գրավոր դիմումներ ներկայացնել։
«Ամիսուկես առաջ մենք արդեն ներկայացրել ենք բողոք, սակայն պատասխան չենք ստացել։ Մեր դիմումը ուղարկվել էր աշխատանքային տեսչություն, բայց այնտեղից նույնպես որևէ միջոց չի ձեռնարկել։ Հիմա մենք մտադիր ենք կրկին հավաքվել և պահանջել, որ կառավարության որևէ պատասխանատու անձ անպայման իջնի մեզ հետ զրուցելու համար։ Մենք այլևս չենք պատրաստվում սահմանափակվել միայն գրավոր դիմումներով։ Մեր աշխատողների հետ քննարկելուց հետո բոլորը համաձայն են մասնակցել»,- ասում է մեր զրուցակիցը:
Նա նշեց նաև, որ աշխատակիցները գրանցված են, սակայն դա չի ապահովել նրանց իրավունքների պաշտպանությունը։ Գործատուները շարունակում են բացել նոր խաղատներ, ներդրումներ անել, այնինչ՝ նախկին աշխատակիցներին չեն վճարում պարտք մնացած աշխատավարձերը՝ պատճառաբանելով թե «փող չկա»։
«Ես պարզապես ուզում եմ հասկանալ՝ էս ի՞նչ պետության մեջ ենք մենք ապրում։ Կարո՞ղ է նման բան լինել ուրիշ երկրում։ Ո՞ւր է նայում ղեկավարությունը, կառավարությունը։ Մենք գնալու ենք, կառավարության շենքի մոտ բողոք ներկայացնենք։ Էլ ի՞նչքան կարելի է։ Ես երկու ամիս աշխատել եմ, բայց չեմ ստանում հասանելիքս։ Ո՞ր երկրում նման բան կարող է լինել»,- եզրափակում է խաղատան աշխատակիցը: