Ներքին 11 ամիս առաջ - 12:00 11-08-2025

Անընդհատ խաբում են․ Ծաղկաձորի «Ռոյալ Սիգնաչր» խաղատան 180 աշխատակիցները մարտից աշխատավարձ չեն ստացել

Ծաղկաձորի «Ռոյալ Սիգնաչր» խաղատան 180 աշխատակիցների աշխատավարձերը մարտ ամսից սկսած հրաժարվում են վճարել։

Խնդիրն այն է, որ այս տարվա մայիսին կասեցվել էր Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում գտնվող «Ռոյալ Սիգնաչր» խաղատան կազմակերպման լիցենզիայի գործողությունը` մինչև խախտման հիմքի վերացումը: Սակայն ավելի ուշ դրա գործունեությունն ընդհանրապես դադարեցվել է, իսկ աշխատակիցների աշխատավարձերը, այլ պարտքերը չեն վճարվել, վերջնահաշվարկ չի արվել։

Oragir.News-ի հետ զրույցում խաղատան աշխատակիցներից մեկը նշեց, որ անընդհատ փորձում են աշխատակիցներին մոլորեցնել՝ վստահեցնելով, որ իրենց աշխատավարձերը շուտով կվճարվեն, սակայն անօգուտ։

«Մարտ ամսից աշխատավարձ չեն վճարել, բայց կան մարդիկ, ովքեր նաև հին պարտք ունեն։ Սեփականատերը եղել ա Ունանյան Արմենը, տնօրենների անուններ ա փոխվել, բայց ՍՊԸ-ն իր անունով ա։ Էդ ժամանակվանից ինքն արդեն պարտքեր ա կուտակել ու աշխատողներին աշխատավարձ չի տվել։ Կոնկրետ իմ դեպքում չեն տվել 3 ամսվա աշխատավարձ, հետո պոկերի առաջնություն ա եղել, դրա փողը չեն տվել, արձակուրդային, նաև հիմա 3 ամիս պարապուրդի փող։ Ես որ հաշվում եմ իմ ամբողջ հասանելիքը մոտ 1 մլն փող ա կազմում», - ասաց նա։

Աշխատակցի խոսքով` հարկերը չվճարելու և աշխատակիցների պարտքերի պատճառով սեփականատեր Ունանյանը Արմենը որոշել է վարձակալության տալ խաղատունը։

«Ունանյան Արմենը իբր վարձով տալիս ա ուրիշ մարդու։ Էդ մարդը Ռուսաստանի հայ ա։ Տալիս են, էս մարդը չի իմանում, որ սենց խնդիրների մեջ են։ Նոր տնօրենը` Պողոսյանց Սամվելը, որ վերցնում է անվանափոխություն չի անում։ Մենք իրան ենք տեսել որպես տնօրեն։ Հիմա ինքն առանձին ֆիրմայա բացել, որ աշխատացնի, բայց նոր տնօրենին չեն թողնում, որ պլոմբը բացի։

Հիմա ասում ա` կբացվի, բայց տենց էլ չի բացվում։ Մենք աշխատել ենք Սամվելի մոտ, բայց էդ թղթաբանության մեջ իր անունը չկա, ու Ունանյանը ընկերությունը տանում ա սնանկության։ Անընդհատ ասում են էսօր-վաղը, բայց տենց էլ ո՛չ բացվում ա խաղատունը, ո՛չ աշխատավարձերն են տալիս», - պատմեց աշխատակիցը։

Նշենք, որ «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ-ի իրական շահառուն, ըստ պետական ռեգիստրի, Արմեն Ունանյանն է՝ ՊԵԿ նախկին նախագահ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին ղեկավար Վարդան Հարությունյանի գործընկերը, ով օրերս կալանավորվեց։

Նշենք նաև, որ Արմեն Ունանյանի ղեկավարած «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն անցնում էր ԱԱԾ վարույթում քննվող քրեական գործով․ «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի միջոցով ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները կազմակերպում էին մաքսազերծման գործընթացը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել էր մոտ 7 մլն դոլարի վնաս։ Այդ վնասը Ունանյանը փոխհատուցել էր, և քրգործը՝ 2019-ին կարճվել։

Խնդրի առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար Oragir.News-ը փորձեց կապ հաստատել «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն ղեկավարող Արմեն Ունանյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անջատված էր։

Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար Oragir.News-ը կապ հաստատեց խաղատունը վարձակալած Սամվել Պողոսյանցի հետ, ում մեր զանգն անակնկալի բերեց և շփոթեցրեց`ստիպելով խուսափել մեր հարցերին պատասխանելուց։ «Մենք պետք է հանդիպենք աշխատակիցների հետ։ Ես մեկ ժամից ձեզ հետ կզանգեմ»,- ասաց նա և ընդհատեց զանգը։

Սակայն Սամվել Պողոսյանցը մեզ ոչ միայն հետ չզանգեց, այլ նաև մեր զանգերին այլևս չպատասխանեց։

Նշենք, որ նրա խոստացած աշխատակիցների հետ հանդիպումն այդպես էլ չի կայացել։

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան