«Գումի» շուկայում մի շարք ապրանքատեսակների գներն աճել են։ Վաճառողները, սակայն, փորձում են պահպանել գնային հավասարակշռությունը՝ առանց հաճախորդներին ծանրաբեռնելու։
Oragir.News-ի հետ զրույցում շուկայի մի վաճառող նշեց, որ իր համար ապրանքի արժեքը որոշվում է ոչ միայն գնով, այլև աշխատանքի որակով։ Նրա խոսքով՝ թանկացումներն անխուսափելի են, սակայն ինքն ամեն կերպ փորձում է պահպանել գների կայունությունը․
«Թանկացումներ, իհարկե, կան, բայց ես երբեք գները չեմ բարձրացնում առանց պատճառի։ Կարևորը՝ գնորդը չկտրվի ապրանքից։ Թող շահույթը քիչ լինի, բայց առևտուրը մնա նորմալ, մարդիկ գան ու վստահեն»,- ասաց նա, ապա հավելեց, որ առևտրի հաջողությունը կախված է ազնիվ աշխատանքիչ և որակի պահպանման սկզբունքից։
«Եթե որակը լավ է, գնորդը միշտ կվերադառնա։ Առևտուրը կայուն է, երբ ճիշտ ես աշխատում»,- ընդգծեց վաճառողը։
Վաճառողը նաև պատմեց, որ իր աշխատանքում կարևորում է մշտական հաճախորդների հետ վստահ հարաբերությունները՝ նույնիսկ բարձր գնային պայմաններում։ Նրա խոսքով՝ մարդիկ գնահատում են ոչ միայն ապրանքի գինը, այլև վաճառողի մոտեցումը։
Բացի գյուղատնտեսական ապրանքներից՝ մեր զրուցակիցը զբաղվում է նաև խոտաբույսերի վաճառքով, քանի որ որոշ բույսերի նկատմամբ հանրային հետաքրքրությունը մեծ է․
«Կան խոտաբույսեր, որոնք մարդիկ շատ են սիրում՝ բուժիչ, օգտակար հատկությունների համար։ Իմ ամենասիրած խոտաբույսերից մեկը, ինչպես կատակում են հաճախորդները, «ջահելացնողն» է»,- ժպիտով ասաց նա
Oragir.News-ի հետ զրույցում։
Նույն շուկայում մեկ այլ վաճառող էլ նկատեց, որ ներկրված մրգերի ավելացման պատճառով գներն ընդհանուր առմամբ բարձրացել են։
«Ներկրված մրգերն են գալիս, ժողովուրդը սովոր է մեր էժան մրգերին, որոնք հիմա արդեն թանկացել են։ Մի քիչ առևտուրը նվազել է։ Մոտ տասը օրից սկսելու են ցիտրուս գնել։ Ժողովուրդը դեռ չի կողմնորոշվել՝ դեղձ ուտե՞ն, թե՞ մանդարին»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ այս շրջանում առավել պահանջված մրգերը խաղողն ու Մեղրիից բերված արքայանարինջն է (կարալյոկ)։
«Ամենաշատը խաղողն է գնում, հետո՝ կարալյոկո։ Մարդ կա՝ բանան է սիրում, մարդ էլ՝ մանդարին։ Կոնկրետ մի բան չկա, որ շատ վաճառվի կամ քիչ։ Ամեն մեկն իր նախընտրությունն ունի»,- հավելեց վաճառողը։
Նա նշեց, որ այս տարի շուկայի ամենաթանկ ապրանքը լոլիկն է․
«Ամենաթանկը լոլիկն է։ Նախկինում լինում էր 250–400 դրամ, հիմա սկսում է 500-ից ու հասնում մինչև 2000 դրամի։ Դա կապված է ոչ թե մշակության պակասի, այլ երաշտի հետ։ Շատ շոգ էր, բերքը փչացավ, այգիներում ջուր չկար»,- ասաց նա։
Վաճառողները միաձայն են՝ թանկացումները պայմանավորված են եղանակային պայմաններով և ներկրված ապրանքների ինքնարժեքի բարձրացմամբ, սակայն նրանց նպատակը մնում է նույնը՝ նորմալ առևտուր անել ու պահպանել գնորդի վստահությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։