Ներքին Միտք 8 ամիս առաջ - 21:30 23-09-2025

Փաշինյանը փայ չունի՞. ինչո՞ւ է պարտակվել թիմակցի առաջարկը

Ինչքան բարձր է կոռուպցիայի ընկալման ինդեքսը, այնքան կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ է։ Արդեն 7-րդ տարին անընդմեջ Դանիան գլխավորում է ցուցակը (90 միավոր), որին հաջորդում են Ֆինլանդիան (88) և Սինգապուրը (84): Հայաստանը 47 միավոր ունի, ինչը վկայում է, որ ՀՀ-ն շատ հետ է այն երկրներից, որտեղ համակարգային կոռուպցիա չկա։

Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, հաշվի չի առնում այս փաստերը։ Նրա կարծիքով՝ 2018-ի հեղափոխությունից հետո ՀՀ-ում համակարգային կոռուպցիան վերացվել է։ Այս մասին ասել է սեպտեմբերի 23-ին «Հայկական ժողովրդավարության ֆորումում» կազմակերպված քննարկման ժամանակ։ «Ես չեմ կարող ձեզ հարցնել՝ ունե՞մ փայ, թե՞ չունեմ, որովհետև ես գիտեմ՝ ունեմ փայ, թե չունեմ: Եվ ես ձեզ ասում եմ՝ չկա, չի եղել և չի լինելու համակարգային կոռուպցիա Հայաստանում»,- նշել է վարչապետը:

Սա թույլ փաստարկ է։ Չկա երկիր, որի ղեկավարն ասում է, թե ինքը կոռուպցիայից փայ ունի։ Նույնիսկ ՀՀ-ից շատ ցածր միավոր ստացած ավտորիտար երկրի ղեկավարը չի ասում, թե փայ ունի։ Հետևապես՝ Փաշինյանի հայտարարությունը, թե փայ չունի, բավարար ապացույց չէ, որ համակարգային կոռուպցիա չկա։

Բազմաթիվ երկրներում նախկին ղեկավարները մեղադրվում են կոռուպցիայի մեջ։ Հետադարձ հայացքով գնահատում են, որ այդ նախկինների օրոք համակարգային կոռուպցիա է եղել։ Նույնկերպ ենթադրելի է, որ Փաշինյանի օրոք համակարգային կոռուպցիայի մասին ժողովուրդը կիմանա իշխանափոխությունից հետո։ Եթե նման մեղադրանք չներկայացվի, ապա կասենք, որ 2018-ից հետո համակարգային կոռուպցիա չի եղել։ Եթե իշխանափոխությունից հետո Փաշինյանը մեղադրվի կոռուպցիայի մեջ, ապա մարդիկ կարող են ասել, որ Փաշինյանը փայ ուներ և 2025-ի սեպտեմբերի 23-ին ստում էր, ակնարկելով, թե չունի։

Հարկ է նկատել նաև, որ Թրանսփարենսի Ինթերնեշնլի հրապարակած ամենամյա զեկույցներում համակարգային կոռուպցիայի մասին ուղիղ տվյալներ չկան։ Հետևապես՝ Փաշինյանի վերը նշյալ հայտարարությունն ունի մանիպուլյատիվ նշանակություն։ Այսինքն՝ եթե ասենք, որ համակարգային կոռուպցիա չկա, և երկրի ղեկվարը փայ չունի, ապա մարդիկ կարող են մտածել, որ այդ ձևով խնդիր չեն կարող լուծել, որովհետև ղեկավարը փայ չունի։ Արդյունքում՝ կոռուպցիան կպակասի։ Եթե մարդիկ համոզված լինեն, որ փայ ունի, ապա կոռուպցիան կշատանա։

Դատելով կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտոնյաների առատությունից, կարելի է ասել, որ Փաշինյանի այս մանիպուլյացիան ապարդյուն է։ Մարդիկ շարունակում են հովանավորչություն փնտրել, կաշառք տալ և իրավունք ու արտոնություն գնել։ Երևանում կա՞ մեծածավալ մասնավոր շինարարություն, որի շինթույլտվությունը կաշառքով չի ձեռքբերվել։ Ամիս կա՞, որ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիայի կասկածներով վարույթներ չբացվեն։ Բանակից փրկագնով ազատվելու մասին օրենքն ընդունելուց հետո բանակից կաշառքով ազատվելու քանի՞ գործ է բացվել։ Վարորդական իրավունքի համար մարդիկ կաշառք չեն տալի՞ս։

Կոռուպցիոն կասկածների առատությունը վկայում է մարդկանց վստահության մասին, որ զարտուղի և հանցավոր այս ճանապարհով կարող են իրենց գործն առաջ տանել, իրավունք, արտոնություն ձեռք բերել, անհիմն հարստանալ և այլն։ Մարդիկ այսպիսի վստահություն կարող են ունենալ, երբ համոզված լինեն, որ կոռուպցիայով ձեռքբերվածը պետության ղեկավարի հակազդեցությանը չի բախվի։

Ի վերջո՝ համակարգային կոռուպցիան վերացական բան չէ։ Եթե կաշառք տալու կասկածանքով վարույթներն ավելի շատ են, քան կաշառք վերցնելու, նշանակում է համակարգը պայքարում է։ Կամ եթե հովանավորչություն հայցողների նկատմամբ ավելի շատ վարույթներ լինեն, քան հովանավորչություն տվողների, նշանակում է համակարգն արդյունավետ պայքարում է կոռուպցիայի դեմ։ Երբ համակարգն այսպես պայքարում է կոռուպցիայի դեմ, այդ ժամանակ ասում են, որ կոռուպցիան համակարգային բնույթ չի կրում։ Օրինակ՝ օրեր առաջ Փաշինյանը ճեպազրույցում հայտնեց, որ իր նախկին թիմակիցը 6 ամիս շարունակ վարչապետից հովանավորչություն է հայցել։ Թիմակիցը 6 ամիս հայցել է հովանավորչություն, քանի որ, հավանաբար՝ վստահ է եղել, որ ՀՀ-ում համակարգային կոռուպցիա կա։ Կողմնակալ դիտորդը կարող է ասել, որ Փաշինյանը 6 ամիս պարտակել է թիմակցի կոռուպցիոն առաջարկը։ Եթե նա առաջին անգամ նախազգուշացներ թիմակցին, իսկ երկրորդ անգամ դիմեր իրավապահին, ապա այսօր կարող էր բաց ճակատ ասել, որ ՀՀ-ում համակարգային կոռուպցիա չկա, ու մարդիկ կհավատային, որ իրոք՝ չկա։ Իսկ եթե թույլ է տվել, որ 6 ամիս շարունակ իրենից հովանավորչություն հայցեն, ապա հիմա ինչպե՞ս է ասում, որ 2018-ից հետո համակարգային կոռուպցիա չի եղել։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»