Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին
Oragir․News -ը մի շարք հարցեր էր ուղղել՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք տեսչությունը քաղաքացիների կողմից ահազանգեր ստացե՞լ է գազալցակայաններում տնտեսվարողների կողմից հեղուկ գազին ջուր խառնելու խնդրի հետ կապված։
Հիշեցնենք՝ մոտավորապես 1 ամիս առաջ ավտոմեքնաների վերանորոգմամբ զբաղվող քաղաքում հայտնի վարպետ Համլետը տիկտոկյան հարթակում նմանատիպ խնդրի մասին էր ահազանգել, որի մասին
Oragir․News-ում հրապարակում եղավ։
Արձագանքելով
Oragir․News-ի հրապարակմանը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից պատասխանեցին, որ նմանատիպ ահազանգեր տեսչական մարմինը չի ստացել․ «ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը չունի ստացված ահազանգեր կամ բողոքներ, որոնք կհաստատեն, որ տնտեսվարողները հեղուկացված ածխաջրածնային գազի մեջ ջուր են խառնում»,- ասվում է պատասխան գրությունում։
««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված է տնտեսավարող սուբյեկտների ստուգումների կարգը։ Կախված տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանից՝ ստուգումները իրականացվում են հետևյալ հաճախականությամբ.
- բարձր ռիսկայնության սուբյեկտների մոտ՝ ոչ ավելի հաճախ, քան տարեկան մեկ անգամ,
- միջին ռիսկայնության սուբյեկտների մոտ՝ ոչ ավելի հաճախ, քան երեք տարին մեկ անգամ,
- ցածր ռիսկայնության սուբյեկտների մոտ՝ ոչ ավելի հաճախ, քան հինգ տարին մեկ անգամ։
Հայտնում ենք նաև, որ ռիսկայնության մակարդակի գնահատումը իրականացվում է ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1570-Ն որոշմամբ սահմանված կարգով։
Ինչ վերաբերում է հեղուկացված ածխաջրածնային գազերի ոլորտում ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումներին, ապա դրանք պարբերական են։ Վերջին ստուգումն իրականացվել է 2025 թվականի հուլիսի 24-ից 30-ը։
Ստուգման ընթացքում արձանագրվել է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 25-րդ մասի և ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 451-Ն որոշման հավելված N 2-ի 2-րդ կետի խախտում՝ QR կոդի պարտադիր տեղադրման պահանջի չկատարում։
QR կոդը պետք է լինի ընթեռնելի և վարորդին տեսանելի հատվածում՝ լիցքավորման բաշխիչ աշտարակների կամ վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա»,- տեղեկացնում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։