Արտաքին 9 ամիս առաջ - 17:17 10-09-2025

Պակիստանը նպատակադրված է միանալ ԵԱՏՄ-ին

Պակիստանը մտադիր է միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և արդեն իսկ իրականացնում է այս հարցի շուրջ նախապատրաստական ​​աշխատանքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Պակիստանի առևտրի նախարարի տեղակալ Նասիր Համիդը:

«Այս պահին մենք դեռ բանակցություններ չենք վարում ԵԱՏՄ-ի հետ: Բայց մենք զբաղվում ենք նախապատրաստական ​​աշխատանքներով և ուսումնասիրում ենք մեզ համար հնարավորությունները», - ասել է նա:

Այս համատեքստում փոխնախարարը շեշտել է, որ Պակիստանը վերջերս դիվանագիտական ​​հարաբերություններ է հաստատել Հայաստանի հետ:

«Այսպիսով, մենք դեռ քննարկում ենք այս հարցը: Եվ հենց լուծումը հայտնվի, մենք պատրաստ կլինենք ԵԱՏՄ-ի հետ մերձենալուն», - հավելել է պաշտոնյան:

Ավելի վաղ ՏԱՍՍ-ի աղբյուրները հայտնել էին, թե Պակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ինչի շնորհիվ «ԵԱՏՄ-ին անդամակցելու կանաչ լույս կստանա»։ Հայաստանի արտգործնախարարությունից արձագանքել էին «անտեղյակ աղբյուրների» հայտարարություններին՝ նշելով, որ Հայաստանի և Պակիստանի միջև արդեն իսկ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներին համահունչ, հետևաբար, «ՄԱԿ-ում ճանաչման խնդիր օրակարգում, բնականաբար, չկա»:

Ձեզ գուցե հետաքրքրի