Համացանցում լուրեր են տարածվում, որ այսուհետ, առնվազն` մինչև 2025 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները, երեխաները զրկված են լինելու անվճար բուժսպասարկումից:
Ըստ այդ տեղեկությունների՝ մինչև այդ ամիսները երեխաներին անվճար բուժսպասարկման ուղեգիր չտրամադրելու բանավոր հրահանգ է իջեցվել, իբրև թե երեխաների համար նախատեսված «պետպատվերի տեղերը սպառվել են»։
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար կապ հաստատեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունը։
«Առողջապահության նախարարության, մասնավորապես պետական առողջապահական գործակալության կողմից իրականացվում է ամենօրյա մոնիթորինգ հերթերի կառավարումը ապահովելու նպատակով։ Սա նորմալ գործընթաց է նաև ամենահարուստ և զարգացած երկրներում։ Եթե ծառայության մատուցումը շտապ և անհետաձգելի է, դա իրականացնում ենք տեղում, եթե պլանային է, իրականացնում ենք հերթագրումով։ Երեխաների մասով պետպատվերը չի սպառվել, հերքում եմ, առհասարակ պետպատվերը չի սպառվել, ուղղակի ունենք հերթագրումներ»,- եզրափակեց նա։