Օրեցօր առավել մտահոգիչ է դառնում թմրանյութերի շրջանառության ծավալների աճը Հայաստանում, ինչը ուղեկցվում է այդ ոլորտում ներգրավված մարդկանց թվի անընդհատ ավելացմամբ։
Թմրանյութերը ոչ միայն մեծացնում են կախվածության, ֆիզիկական և հոգեկան առողջական խնդիրների և սոցիալական օտարացման ռիսկը, այլև դառնում են ազգային անվտանգության խնդիր։ Տարեցտարի աճում են ինչպես թմրանյութերի տարածման դեպքերը, այնպես էլ դրանցում ներգրավված մարդկանց թիվը։
Սարսափեցնող է հատկապես այն հանգամանքը, որ թմրանյութերի ցանցերն իրենց գործունեության մեջ ներգրավվում են երիտասարդների և դեռահասների՝ օգտագործելով նրանց սոցիալական խոցելիությունը։
Սա ամենը չէ։
Oragir.News-ի ընթերցողներից մեկը փոխանցել է լուսանկարներ, որոնցում երևում է, որ թմրամիջոցներ տարածողները Telegram-ով ոչ միայն ուղղակի թմրանյութ են առաջարկում, այլև երիտասարդներին նման «պարզ աշխատանք» առաջարկում՝ բարձր աշխատավարձով, օրական նվազագույնը 20 «բեռի» տեղադրում, խստագույն հսկողությամբ։ Ըստ այդ առաջարկների՝ նորեկ տարածողները պետք է կցվեն, այսպես կոչված՝ «խնամակալների», որոնք կթելադրեն տեղակայման վայրերը և այլ մանրամասները, կհետևեն նորեկներին և կզեկուցեն «վերևներին»։



Մտահոգիչն այն է, որ տելեգրամյան թմրավաճառները թիրախավորում են երիտասարդներին։ Այս հանցագործ բարդ ցանցը կարող է լրջորեն քայքայել հասարակությունը։ Քայքայմանը կարող են նպաստել գործազրկության բարձր մակարդակը, արժեքահեն դաստիարակության պակասը, ինչպես նաև որոշ պաշտոնյաների վատ օրինակը, որոնք, ըստ մամուլի, հակում ունեն դեպի թմրանյութերը։
Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով
Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել ոստիկանություն՝ հետաքրքրվելով՝ որքա՞ն է թմրանյութերի տարածման դեպքերի թիվը այս տարվա ընթացքում, ո՞ր տարիքային խմբի անձիք են հիմնականում ներգրավված թմրանյութերի սպառման և տարածման գործընթացներում, ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում Ոստիկանությունն այս ուղղությամբ։
Պատասխանը ստանալուն պես՝ այն կհրապարակենք։