Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Թիենծինում բացել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարների նիստը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Իր բացման խոսքում Սի Ծինփինը նշել է, որ անդամ երկրները պետք է դիմակայեն Սառը պատերազմի մենթալիտետին և բուլինգի գործելակերպին։ Նա շեշտել է, որ ՇՀԿ-ն դարձել է միջազգային հարաբերությունների նոր տեսակի մոդել՝ ընդգծելով, որ կազմակերպությունը դեմ է արտաքին միջամտությանը։
«Մենք միշտ կանգնած ենք միջազգային արդարության կողքին», – հայտարարել է նա։ Սի Ծինփինի խոսքով՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունը պետք է ընդլայնի առևտուրն ու ներդրումները։
Նա հավելել է, որ Չինաստանը կաշխատի ՇՀԿ-ի բոլոր գործընկերների հետ, որպեսզի տարածաշրջանային անվտանգության ֆորումը բարձրացնի նոր մակարդակի։ Նիստի բացումից առաջ Սի Ծինփինը զրուցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։