Ուղիղ եթեր
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 09:30 31-08-2025

Ռուսներն ու չինացիք կփորձեն հայերին խցկել ՇՀԿ. այսքան շուտ մոռացա՞ք

Նիկոլ Փաշինյանը Չինաստանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ ՀՀ-ն հունիսին ՇՀԿ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել։ Այս գագաթնաժողովն ամենամեծն է ՇՀԿ-ի 20 տարվա պատմության ընթացքում։

Ի՞նչ գործ ունի 1991-ի Սեպտեմբերի 21-ին ժողովրդավարական ապագա ընտրած, 2017-ի նոյեմբերի 24-ին SEPA ստորագրած, 2023-ի հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում ժողովրդավարությունը քաղաքակրթական ընտրություն հռչակած Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությունում, որի հիմնադիրներն ու մոդեռատորներն են հակաքաղաքակրթական Ռուսաստանն ու կոմունիստական Չինաստանը։

2009-2013-ը Սերժ Սարգսյանը բանակցում էր ԵՄ-ի հետ ասոցիացման պայմանագիր ստորագրելու ուղղությամբ, բայց սեպտեմբերի 3-ի մութ գիշերը ՀՀ-ն հետդարձ արեց ու մտավ ռուս-բելառուսական հակաքաղաքակրթական դաշինքի՝ Մաքսային միության, հետո ԵԱՏՄ-ի մեջ։ 4 տարի ժողովուրդն ու ազատ աշխարհը կարծում էին, թե ՀՀ-ն 1991-ին նախանշված անկախության ու ժողովրդավարության ուղին է շարունակում, բայց մեկ գիշերվա մեջ ամեն ինչ փլվեց և ազգային ողբերգությունների դուռը բացվեց։

Նույնպիսի հետընթաց է Շանհայի կազմակերպությանն անդամակցելու հայտը։ Եվ ինչպես 2013-ի սեպտեմբերի 3-ին մեկ հարվածով ՀՀ-ն հետ շպրտվեց, նույնպիսի մտավախություն կա, որ այսօր, վաղը ՀՀ-ն, իր կամքին հակառակ, հարկադրաբար, կանդամակցի ՇՀԿ-ին։

ՇՀԿ անդամ երկրներն արդեն քննում են Հայաստանի անդամակցության դիմումը։ Հարկ է նկատի ունենալ, որ ռուս-չինական հակաքաղաքակրթական այս դաշինքին Հայաստանի անդամակցելը ոչ միայն նահանջ է անկախությունից ու ժողովրդավարությունից, այլև հակասում է ՀՀ սահմանադրությանը։

2013-ի սեպտեմբերի 3-ի գիշերային խայտառակության կրկնությունը կանխելու համար 2015-ի ՀՀ սահմանադրության մեջ ավելացվեց հոդված։ 205-րդ հոդվածով սահմանված է, որ վերպետական միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության հարցը լուծվում է հանրաքվեով։ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին հարցրե՞լ է ՇՀԿ-ին անդամակցելու հայտ ներկայացնելուց առաջ։ Քանի՞ հազար ստորագրություն են հավաքել։ ՇՀԿ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենք ընդունե՞լ են։ Նույնիսկ հանրային լսումներ չեն կազմակերպել, քանի որ խայտառակ կլինեին աշխարհով մեկ։

Իսկ ո՞ւր մնաց ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, 60 հազար քաղաքացիների ստորագրությունը մոռացա՞ն, ԵՄ անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքին կողմ քվերակողներն ո՞ւր են, ամնեզիայո՞վ են տառապում, իրենց խորամանկ աղվեսի տեղն են դրե՞լ, թե՞ կարծում են՝ ՀՀ-ն կարող է և՛ ՇՀԿ անդամ լինել, և՛ ԵՄ։ Այդպիսի բան հնարավոր չէ, քանի որ ԵՄ-ն ազատ, ժողովրդավար երկրների դաշինք է, իսկ ՇՀԿ-ում ժողովրդավարությունը քաղաքակրթական արժեք չէ։ Ողջամիտ կասկած կա, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը բլեֆ է, կուտ։ Հակառակ պարագայում՝ Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելու հայտ կներկայացներ, ոչ թե ՇՀԿ-ին դիմում կգրեր։ Իսկ եթե ՀՀ-ին հարկադրել են դիմում գրել, ապա նաև խցկնեն ՇՀԿ, և Փաշինյանին էլ կդարձնեն ֆորպոստի վարչապետ։

Ազգային ինքնասիրություն ունեցողները հիշում են ՀՀ-ի դեմ Ադրբեջանի՝ 2022-ի սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի փաստով հրավիրված ՄԱԿ ԱԽ նիստը, որի ժամանակ Ռուսաստանը լկտիաբար պաշտպանեց Ադրբեջանին, չճանաչեց ՀՀ ինքնիշխան իրավունքները, տարածքային ամբողջականության խախտման փաստը։ Իսկ Չինաստանն էլ ակնարկեց, թե ՀՀ-ն ռուսական ազդեցության գոտի է, հետևապես՝ ռուսներն ավելի լավ գիտեն, թե Ադրբեջանն ինչ է գրավել և ինչու։

Այսքանը հիշողը ռուս-չինական ՇՀԿ-ում ի՞նչ գործ ունի։ Եթե չինական էժան աղբն է հետաքրքիր, ապա այն հիմա էլ առվի ջրի պես հոսում է դեպի Հայաստան։ Իսկ եթե ՔՊ-ն ուզում է աջակցել ռուսներին, մեծացնել Մոսկվայի միջազգային ազդեցությունը, ապա պետք է ազնիվ լինեն ու ասեն, որ ժողովրդավարությունը քաղաքակրթական ընտրություն չէ։ Փաշինյանն այսքան շուտ մոռացա՞վ, որ ՌԴ-ն ու ՉԺՀ-ն ՀՀ ինքնիշխան իրավունքները չէին հարգում, արդարացնում էին ադրբեջակական ագրեսիան, Արցախի զավթումն ու հայաթափումը։

Կարճ ասած՝ տխուր պատմությունը, կարծես՝ կրկնվում է։ Ամեն անգամ, երբ անկախության և ժողովրդավարության առաջընթացի լույս է բացվում, ՀՀ-ն հետքայլ է անում։ Նույնիսկ ինքնապահպանման բնազդը հետ չի պահում Սև սեպտեմբերի 3-ի մեծ ու աղետալի սխալը կրկնելուց։
Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան