ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Թեհրանը բաց է միջուկային համաձայնագրի շուրջ անկեղծ բանակցությունների համար, բայց դրանք չի վարի սպառնալիքների ներքո և մերժում է եվրոպական «եռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) ծրագիրը՝ «անիրատեսական նախապայմանների» պատճառով։
Դրա փոխարեն նա աջակցել է Ռուսաստանի և Չինաստանի առաջարկին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի կարճ տեխնիկական երկարաձգման վերաբերյալ։
ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողների հետ զրույցում Իրավանին «եվրոպական եռյակի» ծրագիրը անվանել է «երեսպաշտական քայլ»։
«Նրանք պահանջում են պայմաններ, որոնք պետք է լինեն բանակցությունների արդյունք, այլ ոչ թե դրանց մեկնարկային կետ»,- ասել է նա։
Դիվանագետը շեշտել է, որ Իրանը «երբեք չի ենթարկվի» ճնշման մարտավարությանը, որը, ըստ նրա, նախատեսված է «պարտադրելու և թելադրելու», այլ ոչ թե խնդիրներ լուծելու համար։