Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 18-ի ուղերձը նոր բան չէր պարունակում։ 29 րոպեանոց խոսքում անելիքների մասին խոսք չկար, քաղաքական բովանդակություն չկար։ Փոխարենը կային արդարացումների, մանիպուլյացիաների շարք և ոգևորություն։
Փաշինյանը ոգևորվել էր, որ խաղաղության պարագայում ՀՀ անկախությանը ոչինչ չի սպառնում, ՀՀ-ն կարող է հարատևել։ Սակայն, քաղաքագիտական և պատմական ռեալություն է, որ պետությունները կործանվում են ոչ միայն պատերազմների արդյունքում, այլև հեղափոխությունների։ Այսինքն՝ քանի դեռ ՀՀ-ում կան հեղափոխականներ, մասնավորապես՝ ՔՊ-ականներ, ապա Հայաստանի կործանման ռիսկ կա։
Փաշինյանն ամիսներ առաջ խոստովանել է, որ 2018-2022-ը եղել է ֆորպոստի վարչապետ։ Այս ընթացքում ՀՀ իշխանությունն չնչին քայլեր է արել ՀՀ-ն ֆորպոստի կարգավիճակից դուրս բերելու ուղղությամբ։ Ու եթե վաղը ֆորպոստատերն ու նրա դաշնակիցները որոշեն փակել Հայաստանը, Փաշինյանը, որպես ամենաֆորպոստի վարչապետ, հավանաբար, չի դիմադրելու։ Այսինքն՝ վաշինգտոնյան համաձայնությունները գուցե խաղաղություն բերեն ժողովրդին, սակայն անվտանգային ռիսկերը մնում են, քանի որ ՔՊ-ական իշխանությունները անկախության և ժողովրդավարության ուղղությամբ բարեփոխումներ չեն իրականացնում։
Չափազանցված է նաև խաղաղության խաչմերուկի մասին ոգևորությունը։ Ներկայումս կարելի է խոսել միայն Թրամփի միջանցքի բացման իրական հեռանկարի մասին, որը կմիացնի Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Այսինքն՝ խաչմերուկի մեկ ուղղության բացման մասին կա խոսք, որից ՀՀ-ն շատ քիչ է շահելու։ Իսկ Հայաստանի համար իրոք կարևոր՝ Հարավ-հյուսիս ճանապարհի գործարկման հեռանկարը մշուշոտ է։ Հետևաբար՝ խաչմերուկի մասին խոսքը դեռ օդ է։
Հանրային լայն արձագանք է ստացել Փաշինյանի ուղերձի հետևյալ հատվածը. «Օգոստոսի 11–ին հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրված տեքստը, եւ արդեն մի քանի տարի դրա շուրջ հյուսվող դավադրությունների տեսությունները պարզապես փլուզվեցին խաղաքարտերի տնակի նման՝ այդ հրապարակման արդյունքում։ Մեր քաղաքացիները գոհունակությամբ են ընդունել համաձայնագրի նախաստորագրված տեքստը»։
Այստեղ պարզվում է, որ Փաշինյանի հիմնական վախը կապված է եղել ժողովրդի դիմադրության հետ։ Այսինքն՝ նրանք, հավանաբար, վախենում էին, թե ժողովուրդը, Բագրատ սրբազանի առաջնորդությամբ՝ կարող է Վաշինգտոնի համաձայնությունները որակել նոր պարտություն, նոր կապիտուլյացիա, բողոքի ցույցեր անել, պահանջել Փաշինյանի հրաժարականը և այլն։ Կարելի է ասել, որ Փաշինյանին ուրախացրել են ոչ թե վաշինգտոնյան համաձայնագրերն, այլ այն, որ «մեր քաղաքացիները գոհունակությամբ են ընդունել…», բողոքի ցույցեր չկան։
Ինչպե՞ս է Փաշինյանը գնահատել, թե քաղաքացիները գոհունակությամբ են ընդունել՝ հարցում է անցկացրե՞լ, ԱԱԾ-ն է զեկուցե՞լ, թե՞ երազ է տեսել։ Որևէ փաստ, տվյալ մեջբերված չէ։ Կողմնակալ դիտորդը կարող է ասել, որ սա լիազորությունների չարաշահում է, Փաշինյանը անհիմն կերպով խոսում է քաղաքացիների ընկալման մասին։ Եվ սրանից բռնապետության հոտ է գալիս։
Իսկ եթե մեր քաղաքացիներն իրոք գոհունակությամբ են ընդունել համաձայնագրի նախաստորագրումը, ապա առաջիկա օրերին բանտից կազատվեն Բագրատ և Միքայել սրբազանները։ Ի՞նչ իմաստ ունի նրանց անազատության մեջ պահելը, երբ մեր քաղաքացիները գոհունակությամբ են ընդունել համաձայնագրի նախաստորագրումը։ Ավելին՝ եթե նրանք մնան բանտում, ապա հիմք կլինի ենթադրելու, որ Փաշինյանը կեղծում է, ասելով, թե մեր քաղաքացիները գոհունակությամբ են ընդունել։
Թաթուլ Մկրտչյան