«Դատախազությունը ՀՀԿ-ական նախկին պատգամավորի ընտանիքից պահանջում է 7 մլն դոլարի ապօրինի գույքի բռնագանձում։
Կառավարությունը այդ նույն պատգամավորի որդու ընկերությանը տալիս է 6 մլն դոլար՝ համերգ կազմակերպելու համար։
Կարող էին չէ՞ 7 մլն տալ։ Չեն տվել»,- այս մասին սոցցանցի իր էջում գրառում է կատարել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:։
Ավելի վաղ մամուլում հրապարակումներ եղան, որ Ջենիֆեր Լոպեսի համերգը կազմակերպած «Դոպինգ սփեյս» ընկերության, բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է Մակար Պետրոսյանին, որը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ-խմբ.) որդին է:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը պահանջել է Ալեքսան Պետրոսյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի արտադարամասը,
Արմավիրի մարզի Արտամետ գյուղում գտնվող 2 հողակտորները,
Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղում գտնվող 4 հողակտորները,
Արմավիրի մարզի Լենուղի գյուղում գտնվող 2 հողակտորները,
«ՄԱՊ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի 60,9 տոկոսը կամ 19.914 հատ բաժնետոմսեր։
«61 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
1 մլրդ 298 մլն 273 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ»,- նշված է Դատախազության 2023 թվականի հաղորդագրության մեջ։
Քանի որ, վերոնշյալ թեման Ջենիֆեր Լոպեսի համերգով պայմանավորված դարձյալ առաջին պլան մղվեց,
Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ Գլխավոր դատախազությունից․ մասնավորապես՝ ուզում էինք հարցնել՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավորի գույքի բռնագանձման գործընթացն ի՞նչ փուլում է, սակայն դատախազությունից մեր զանգերին չպատասխանեցին։
Փաստացի բավական պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում. մի կողմից՝ հորն իբր հետապնդում են ու ունեցվածքը բռնագրավում՝ արդարություն հաստատելու վերաբերյալ լոզունգների ներքո, մյուս կողմից՝ նույն մարդու որդուն պետական բյուջեի հաշվին հարստացնում են՝ օգնելով աշխատել հնարավորինս շատ փող։
Բնական հարց է առաջանում՝ արդյոք այս ամենը չի՞ վկայում այն մասին, որ իրականում գործ ունենք յուրատեսակ աչքակապության հետ, քանի որ տպավորություն է՝ «տակից» լավ էլ համագործակցում են «հալածվող» օլիգարխների հետ՝ կիրառելով երկակի ստանդարտներ։