Oragir.News-ը ահազանգ է ստացել քաղաքացիներից մեկից, որը նշել է՝ Վրաստան մեկնելու համար նախապես ամրագրում է կատարել Booking հարթակի միջոցով, սակայն տեղ հասնելուն պես պարզվել է՝ ամրագրումը գոյություն չունի, և ինքը խաբված է։
Նմանատիպ բողոքներ տարածվել են նաև սոցիալական ցանցերում։ Նման դեպքերի առնչությամբ
Oragir.News-ը կապ հաստատեց մի շարք տուրիստական ընկերությունների հետ՝ պարզելու՝ իրենք արձանագրե՞լ են այդպիսի բողոքներ։
AvaTravel տուրիստական գործակալությունից մեզ հետ զրույցում պարզաբանեցին․ «Մենք արդեն 7 տարի է, ինչ աշխատում ենք, և նման դեպք երբեք չի եղել։ Տուրիստական ընկերությունները հիմնականում համագործակցում են հստակ գործընկերների՝ տեղական օպերատորների կամ հյուրանոցների հետ, ինչի շնորհիվ նման թյուրիմացություններ չեն կարող առաջանալ։ Եթե մարդը առանձին է ամրագրում՝ առանց ստուգելու աղբյուրը, հնարավոր է նման խնդիր լինի։ Մեզ հետ նման բան երբեք չի եղել»։
Great Tours տուրիստական ընկերությունից ևս արձագանքել են՝ նշելով, որ հատկապես Վրաստանի ուղղությամբ ակտիվ չեն աշխատում, սակայն ընդհանուր փորձից կարող են վերլուծել, թե նման խնդիրն ինչից կարող է առաջանալ․ «Որոշ մարդիկ պարզապես ընտրում են ամենամատչելի տարբերակները՝ առանց ստուգելու ամրագրման հարթակը կամ հյուրանոցը։ Դա կարող է հանգեցնել նրան, որ գումարը վճարվում է, սակայն ամրագրում, փաստորեն, չի լինում։ Բացի այդ, Վրաստանի որոշ հյուրանոցների համակարգերը ոչ միշտ են պատշաճ կերպով աշխատում Booking հարթակում ամրագրման պահին։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում նաև ամրագրման հաստատումից հետո ուղղակիորեն կապ հաստատել հյուրանոցի հետ՝ ճշտելու համար՝ ամրագրված անունն առկա՞ է իրենց համակարգում»։
Ըստ Great Tours-ի՝ տուրիստական ընկերությունների 90%-ը սովորաբար չի օգտվում Booking-ից՝ նախընտրելով աշխատել ուղիղ գործընկերների կամ խոշոր հյուրանոցային ցանցերի հետ՝ միջնորդավճարների և առավել մատչելի գների պայմանով։
Նշենք նաև, որ փորձել ենք դիմել «Anriva Tour» տուրիստական ընկերությանը՝ մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն այնտեղից չեն արձագանքել։