Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 19:14 16-07-2025

Աննա Հակոբյանը ճիշտ կանի ՀՀ վարչապետի համար էլ մի միջազգային կրթաթոշակ գտնի և իր հետ Չինաստան տանի

Oragir.News-ը Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանին խնդրեց մեկնաբանել վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, հերթական գրառումը, որով վերջինս կոչ է անում լրագրողներին կատարելագործվել։ «Այն լրագրողները, ովքեր կորոշեն կատարելագործվել իրենց մասնագիտության մեջ, կարող են օգտվել «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրից, որի մասին առաջիկա օրերին կհայտարարվի»,- գրել է վարչապետի տիկինը։

Ի՞նչ նպատակ է հետապնդում Աննա Հակոբյանի՝ ամենօրյա ռեժիմով կրթություն քարոզելը, Հայաստանի տարբեր անկյուններում ընթերցանությամբ զբաղվելն ու օրինակ ծառայելը։

«Աննա Հակոբյանի այս և այլ գրառումների առնչությամբ նշեմ, որ կարծում եմ, որ գուցե հարկ չկա, չարժե ընդհանրապես անդրադառնալ թե՛ նրա, թե՛ ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի, մեղմ ասած, տարակուսելի գրառումներին։ Եվ ահա թե ինչու․ նրանք երկուսն էլ հանրային ուշադրության ծարավ են, թեպետ գրեթե ամեն օր հանրության ուշադրության-քննադատության կիզակետում են, սակայն չեն էլ հագենում։ Տեր և տիկին Փաշինյանները, թերևս, առաջնորդվում են հետևյալ սկզբունքով՝ հակագովազդն էլ գովազդ է։

Այդ առումով՝ տևական ժամանակահատված է ես չեմ անդրադառնում Աննա Հակոբյանի դարակազմիկ և ճաճանչափայլ մտքերին, իսկ Նիկոլ Փաշինյանին չեմ կարող չանդրադառնալ, քանի որ նա, ի դժբախտություն Հայաստանի, երկրի փաստացի ղեկավարն է, և նրա յուրաքանչյուր խոսքին հետևում է աղետաբեր գործը։ Իհարկե, Աննա Հակոբյանն էլ մեծապես խառնվել է ՀՀ պետական կառավարմանը և ամուսնու հետ փաստացի կիսում է իշխանությունը։ Նա թերևս միակն է, որի հետ Նիկոլը համաձայնել է իշխանություն կիսել»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով վերոնշյալ հարցերին, Նարինե Մկրտչյանը նկատեց․

«Նշեմ, որ Աննա Հակոբյանը լրագրողներին և մյուսներին կրթելու խորհուրդներ կարող էր տալ թե՛ իր, թե՛ ամուսնու բառապաշարը հղկելուց, ցածրակարգ բառամթերք օգտագործելուց հրաժարվելուց հետո։ Նման զազրելի բառապաշարով քաղաքական հակառակորդներին այպանելով, կրթվելու անհրաժեշտության մասին չեն խոսում։ Կրթվելը ոչ թե նորաձև է, այլ անհրաժեշտ։ Տեր և տիկին Փաշինյանների դեպքում՝ նույնպես։

Աննա Հակոբյանը ճիշտ կանի՝ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող իր նոր առաքելության կենսագործման ճանապարհին ամուսնու՝ ՀՀ վարչապետի, համար էլ մի միջազգային կրթաթոշակ գտնի և իր հետ Չինաստան տանի»։