Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 19:33 29-08-2025

Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Չինաստան են գնում, հուշագիրը հրապարակվեց, Դրմեյանն ազատվեց․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է օգոստոսի 29-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Հայաստանի կառավարությունը ստորագրումից շուրջ 20 օր անց հրապարակել է ՀՀ-ԱՄՆ կառավարությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը: Մասնավորապես «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին հատվածում նշվում է, որ երկու պետությունները, շեշտելով աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և դրա միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը, արտահայտում են փոխադարձ հետաքրքրվածություն Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներդրում կատարելու և ՀՀ ենթակառուցվածքների ու սահմանային անվտանգությունը բարելավելու հարցում: Նշվում է, որ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն հաստատում են Հայաստանի ենթակառուցվածքների ու սահմանային անվտանգության մասով կարողությունները և որպես տարածաշրջանային ու համաշխարհային առևտրի արդյունավետ տարանցիկ հանգույց գործելու հնարավորությունը բարելավելու ընդհանուր ցանկությունը, հասել են փոխըմբռնման: «Փոխըմբռնման հուշագրի նպատակն է փոխգործակցել Հայաստանի ենթակառուցվածքների և սահմանային անվտանգության բարելավման ուղղությամբ, այդ թվում՝ մասնակիցների միջև ներդրումների, ռեսուրսների, վերապատրաստման և գործընկերության միջոցով»,- ասված է փաստաթղթում, որի չհրապարակումը օրեր շարունակ տարբեր հարցեր էր աջացնում:

Հրապարակված փաստաթղթում նշվում է նաև, որ երկու երկրները նպատակ ունեն արձագանքելու Հայաստանի ենթակառուցվածքների և սահմանային անվտանգության առաջնահերթություններին, այդ թվում՝ մասնավոր հատվածի ներդրումները խրախուսելով, մաքսային հսկողության արդյունավետությունը և սահմանային անվտանգության հարցում համագործակցությունը և կարողությունների զարգացումն ընդլայնելով, ԱՄՆ-ի ազգային անվտանգության դեպարտամենտի ու Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու Պետական եկամուտների կոմիտեի միջև լավագույն գործելակերպերի փոխանակմանը նպաստելով: Հուշագրի տևողության մասին ասված է, որ այն գործողության մեջ է մտնում դրա ստորագրման ամսաթվից և նախատեսված է, որ գործի մեկ տարի ժամկետով։ Ակնկալվում է համագործակցությունը շարունակել ևս 3 ժամկետներով, եթե մասնակիցներից մեկը մյուսին համագործակցությունը դադարեցնելու իր մտադրության մասին գրավոր չծանուցի դադարեցման ամսաթվից առնվազն 60 օր առաջ։ Մյուս կետերում խոսվում է էներեգետիկ անվտանգության, արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին:

Նիկոլ Փաշինյանն իր քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը աշխատանքային այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։ Այցի շրջանակում Փաշինյանը կմասնակցի Շանհայի համագործակցության կազամակերպության գագաթաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին: Նախատեսվում են մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի և փոխնախագահ Հան Ճենի հետ։ Այցի շրջանակում Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա օտարերկրյա պետությունների գործընկերների հետ։ Չինաստանից հետո էլ Փաշինյանը սեպտեմբերի 4-ից երկօրյա աշխատանքային այցով կգտնվի Ճապոնիայում: Այցի շրջանակում Տոկիոյում նախատեսված է Փաշինյանի և Ճապոնիայի վարչապետւի Շիգերու Իշիբայի հանդիպումը: Սեպտեմբերի 5-ին էլ Փաշինյանը Օսակայում կմասնակցի Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը, որը կանցկացվի «Էքսպո 2025»-ի շրջանակում:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է պաշտոնից: Փաշինյանը երեկ ճեպազրույցի ժամանակ պնդել էր, որ կառավարությունը չի կատարելու «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բռնագանձման քայլերն արգելող Ստոկհոլմի արբիտրաժի հրատապ որոշումը, ապա հայտարարել՝ հակառակ դիրքորոշում ունեցող պաշտոնյաները պետք է լքեն գործադիրը։ «Կառավարությունը ես եմ ... չի կարող որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ: Ընդհանրապես եթե կառավարությունում մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե ոչ, ես ինքս նրանց կհանեմ», - ասել էր նա։ Նշենք, որ կառավարության ղեկավարի ենթակայությամբ գործող Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն ավելի վաղ հայտարարել էր՝ միջազգային արբիտրաժի որոշումը պարտադիր կատարման է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան