Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հոկտեմբերի 28-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Մասիսի ընդդիմադիր համայնքապետ, ընդդիմության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանն այս պահին վերադառնում է Հայաստան։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ առկա է դատարանի որոշում՝ նրան կալանավորելու վերաբերյալ, ենթադրվում է, որ ՀՀ տարածք մուտք գործելուն պես իրավապահները նրան արգելանքի կվերցնեն։ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության պահանջով ցույցների ժամանակ միջադեպ է տեղի ունեցել ցուցարարների և այլ քաղաքացիների միջև։ Դրա առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց, որոնց թվում՝ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին։ Ըստ մեղադրանքի՝ Համբարձումյանը 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք և զուգորդվել նույն օր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։Համբարձումյանն ի սկզբանե չի ընդունել մեղադրանքը, և չնայած առկա են դեպքի վերաբերյալ տեսանյութեր՝ նա պնդում է, որ դրանցում ինքը չէ։
Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ Եվրոպական խորհրդարանի իսպանացի պատգամավոր, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորը հայտարարել է, որ վերջապես Հայաստանը հավակնում է ԵՄ անդամակցության թեկնածու լինել,սակայն պետք է ուշադրություն դարձնել նաև ներքին խնդիրներին: Նրա խոսքով, խոսքը Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին չէ խոսքը։ «Այլ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի հավաքներին. չեմ եկել ձեզ դատելու համար, բայց 20-40 ոստիկաններով մարդկանց կալանավորում են։ Եթե, օրինակ, կաշառքի համար է՝ այլ է, բայց երբ կարծիքի համար են դատում, սոցցանցերում հայտնած կարծիքի համար, ուշադիր, զգույշ եղեք, սա անընդունելի է»,- նշել է նա: «Որ մարդկանց կարող են ձերբակալել սոցցանցերում ինչ-որ բան գրելու համար, սա արդեն մեթոդ է։ Ժողովրդավարության մեջ մեկ անձի անգամ չի կարելի բանտարկել իր կարծիքի համար, օրինակ՝ գնանք Ստամբուլ։ Դուք չպետք է ոստիկաների ուղարկեք։ Իհարկե, անձը պետք է դատարան ներկայանա, բայց չպետք է դատապարտել և եզրակացնել, որ նա վտանագվոր մարդ է, միայն հիմնվելով նրա կրածիքի վրա։ Հայկական իշխանությունները պետք է ուշադիր լինեն այս հարցերին, եթե դուք հավակնում եք ԵՄ թեկնածու երկիր լինել»,-ասել է պատգամավորը: «Սկզբում ուղարկենք բանտ, հետո տեսնենք՝ ինչ տեղի կունենա։ Տեղյակ եղեք նման դեպքերի մասին, քանի որ շատ խորն ուսումնասիրել ենք այս դեպքերը»,- ավելացրել է նա:
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 30 մլն դրամ գրավով։ Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը։ Արզումանյանը կալանավորվել էր 2022-ի սեպտեմբերի 1-ին։ Գեներալ-լեյտենանտը մեղադրվում է Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Ըստ մեղադրանքի՝ նա, չունենալով նման լիազորություն, «Արեգա» բարձունքից նահանջի հրաման է տվել, ինչի հետեւանքով բարձունքն ու հարակից դիրքերը անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Բացի այդ, Արզումանյանը մեղադրվում է Շուշիի պաշտպանության ընթացքում անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։ Ըստ մեղադրանքի՝ այդ անփութության հետևանքով հակառակորդի զինված ուժերին հաջողվել էր ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ վերցնել Շուշի քաղաքն ու մատույցները։ Շուշիի դրվագով անցել է Արզումանյանին վերագրվող հանցանքի վաղեմության ժամկետը: Սա նշանակում է, որ եթե անգամ դատարանն այս դրվագով նրան մեղավոր ճանաչի, գեներալը, միևնույն է, չի ազատազրկվի: Վերջինս մեղադրանքը չի ընդունում: Հիշեցնենք՝ Արզումանյանը ՊԲ հրամանատար նշանակվեց 44-օրյա պատերազմի վերջին փուլում՝ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ թշնամին մոտեցել էր արդեն Շուշիի մատույցներին։
Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Առ այս պահը երեխայի գտնվելու վայրն անհայտ է։ Աշխատանքներին ներգրավված են Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի Համայնքային ոստիկանության հինգ բաժիններից՝ շուրջ 150, և Փրկարար ծառայությունից՝ 150 ծառայող, ինչպես նաև՝ կինոլոգներ։ Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։ Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից շուրջ 200 կամավոր։ Հարևաններից մեկն անանուն մնալու պայմանով Oragir.News-ին հայտնել է, որ երեխան կորել է նախօրեին՝ մանկապարտեզից վերադառնալուց հետո։ Գյուղացիները նշում են, որ ընտանիքում 5 երեխա կա, սակայն մայրը նրանց մշտապես անուշադրության է մատնել։ Երեխաները միշտ եղել են կեղտոտ հագուստով, սոված, այդ պատճառով էլ ինչպես փոխանցեց մեր աղբյուրը, հնարավոր է երեխաներին տեղափոխեն մանկատուն։
Մանրամասները՝ տեսանյութում: