Oragir.News-ը ներկայացնում է մարտի 5-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Հայաստանը խնդիր չունի, չի ունեցել ու չի ունենալու Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու ու նրա շահերը վնասելու առումով։ Այս մասին Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ պատասխանելով Oragir.News-ի այն հարցին, թե արդյոք դեպի Արևմուտք կողմնորոշում վերցնելով` իր իշխանությունը Հայաստանի տարածքից չպե՞տք է հանի ռուսական ռազմաբազան։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը պնդեց, թե իր խոսքերը խեղաթյուրում ենք, և ինքը երբեք չի ասել, որ Հայաստանն Արևմուտք է գնում։ Ուշագրավ է, որ ռուսական ռազմաբազայի հարցից հետո Նիկոլ Փաշինյանն ասմունքեց։ «Ինչ վերաբերում է Եվրամիությանն անդամակցելուն, ապա այդ հարցին ԵԱՏՄ–ի առնչությամբ եմ ես արտահայտվել։ Մենք բարեբախտաբար, թե դժբախտաբար դեռևս ճանապարհի այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի։ Եթե տեսնենք, որ այն մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք` ոնց շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք։ Իսկ ընդհանուր առմամբ, ասել եմ ու ասում եմ, որ մենք խնդիր չունենք, չենք ունեցել ու չենք ունենալու Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու ու ՌԴ շահերը վնասելու»,– հայտարարեց Փաշինյանը։ Հարցին էլ՝ իրեն հայտնի է ԵՄ անդամ որևէ երկիր, որի տարածքում ռուսական ռազմաբազա կա՝ Փաշինյանը հորդորեց այս հարցն արհեստական բանականությանն ուղղել, սակայն կառավարության ղեկավարին տեղեկացրինք, որ մենք արհեստական բանականությունից չենք օգտվում։ Հիշեցնենք՝ Հայաստանում ռուսական ռազմաբազան տեղակայվել է մինչև 2044 թվականը․ օրերս Փաշինյանը Լեհաստանում հայտարարել էր, որ ռազմաբազան դուրս բերելու մտադրություն պաշտոնական Երևանը չունի։
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանքից ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Արսեն Բաբայանը: «Արշակ սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Նիկողոսյանի որոշմամբ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Բաբայանը: Հայտնի է, որ Արշակ Սրբազանի նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն։ Վարչական հսկողությունը սահմանվում է Քրեական դատավարության 124-րդ հոդվածով, ըստ որի վարչական հսկողությունը մեղադրյալի տեղաշարժման և գործողությունների ազատության սահմանափակումն է, որի պայմաններում նա պարտավոր է ոչ հաճախ, քան շաբաթը երեք անգամ գրանցվել դատարանի որոշման մեջ նշված վայրի իրավասու մարմնում: Հիշեցնենք՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին դեկտեմբերի 4-ին Քննչական կոմիտե էին հրավիրել՝ նրան վերագրվող ինտիմ տեսանյութի գործով հարցաքննության, սակայն հարցաքննության ավարտից հետո, երբ արդեն փաստաբանի հետ ցանկացել են դուրս գալ շենքից, նրանց դիմավորել են ԱԱԾ աշխատակիցներն ու հայտնել, որ քննիչի որոշում ունեն հոգևորականին ձերբակալելու վերաբերյալ: Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ: Սրբազանին վերագրվող դեպքը տեղի է ունեցել 2018 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հրաժարականի պահանջով «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ: Ըստ մեղադրանքի՝ ակցիայի մասնակիցներից մեկին վարկաբեկելու նպատակով Արշակ արքեպիսկոպոսը ինչ-որ մեկին հրահանգել է թմրանյութ գցել նրա ուսապարկը:
Այսօր՝ Իրանի դեմ շարունակվող պատերազմի 6-րդ օրը, իրանական կողմն անօդաչու թռչող սարքով հարվածել է Ադրբեջանի տարածքին՝ թիրախավորելով Նախիջևանի ինքնավար հանրապետության միջազգային օդանավակայանը: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանից արձակված ԱԹՍ-ն հարվածել է օդանավակայանի շենքին: «Չնայած Ադրբեջանի կողմից Իրանի նկատմամբ ցուցաբերած բարիդրացիական հարաբերություններին, մոլլաների ռեժիմը բացահայտել է իր իրական դեմքը: Հիշեցնենք, որ Ադրբեջանը հրաժարվել է իր տարածքը տրամադրել Իրանի դեմ ռազմական գործողությունների համար, սակայն ենթարկվել է Իրանի հարձակմանը»,- փոխանցում են ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները։ Հարձակումից հետո օդանավակայանին մոտ գտնվող դպրոցների աշակերտները տարհանվել են: Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Բաքուն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել պատասխան գործողություններ, իսկ Իրանի դեսպան կանչվել է արտաքին քաղաքական գերատեսչություն։ Պաշտոնական Թեհրանը հերքել է այս տեղեկությունը՝ նշելով, որ Ադրբեջանի տարածքին չի հարվածել։ Ավելի ուշ թուրքական լրատվամիջոցները գրեցին, որ Ադրբեջանի զինված ուժերն Իրանի սահմանի երկայնքով զորք են կուտակում։ Զորքի տեղակայումը չի սահամանփակվում միայն մի քանի գումարտակի տեղակայմամբ։ Այնտեղ են ուղղվում նաև տանկեր և զրահափոխադրիչներ, իսկ սահմանապահ ուժերի փոխարեն կոմանդո ստորաբաժանումներ։
Մանրամասները՝ տեսանյութում: