Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:53 15-07-2025

Աննա Հակոբյանը եթերից էլ կկրթի, Փաշինյանը նոր կաթողիկոս է փնտրում, 5 մլրդ վնաս Երևանին. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հուլիսի 15-ի լուրերը՝ Քնարիկ Սահակյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, «Կրթվելը նորաձև է» անունով նոր հեռուստանախագիծ կներկայացնեն։ Այս մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից, որտեղ վերջինս նաև տեսանյութ է հրապարակել։ «Շուտով հայաստանյան հեռուստաեթերում։ Կրթվելը նորաձև է»,- տեսանյութին կից գրել է նա: Աննա Հակոբյանը չի հստակեցրել, թե նախագիծը որ հեռուստաալիքով է հեռարձակվելու։

Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանը Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել և հարցաքննվել, իսկ ավելի ուշ նրան մեղադրանք է առաջադրվել։ Թե ինչ մեղադրանք է առաջադրվել նրան և ինչ գործի շրջանակում, դեռ հայտնի չէ։ Հիշեցնենք` 37-ամյա Դիանա Գասպարյանը, որի ընտանիքի անդամները նրա պաշտոնավարման ընթացքում տարբեր աղմկահարույց պատմություններում են հայտնվել, մայիսին որոշեց հրաժարական տալ՝ պատճառաբանելով, թե 7 տարվա պաշտոնավարումից հետո որոշել է ժամանակն այսուհետ նվիրել ընտանիքին: 2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրելով «Հետք»-ի՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել» վերնագրով հոդվածը, նյութերն ուղարկել էր գլխավոր դատախազություն, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Գլխավոր դատախազությունից հաստատել էին քրեական վարույթ նախաձեռնելու փաստը և հայտնել, որ այն միացվել է «Հետք»-ի նույն հրապարակման հիման վրա ավելի վաղ հարուցված վարույթին: 2025 թ. մարտի 22-ին հայտնի դարձավ, որ Դիանա Գասպարյանի ամուսնուն պատկանող գազալցակայանում կրակոց է հնչել, 36-ամյա տղամարդ է մահացել։ Մարտին էլ հայտնի դարձավ նաև, որ Դիանա Գասպարյանը 13,6 մլն դրամի գնման պայմանագիր է կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի հետ, և այդ փաստով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել։

Հայ զինվորականները որպես դիտորդ կմասնակցեն «Agile Spirit 2025» բազմազգ զորավարժություններին։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Զորավարժությունները, որոնք կանցկացվեն հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը Վրաստանի տարածքում, ուղղված են «մարտական պատրաստվածության բարձրացմանը, մասնակից երկրների փոխգործակցության զարգացմանը և օպերատիվ կարողությունների ուժեղացմանը»։ Ծրագիրը ներառում է հրամանատարաշտաբային վարժանքներ, վրաց-ամերիկյան մարտավարական շարասյուն Սենակի-Վազիանի երթուղով, հրաձգություններ, հատուկ գործողությունների ուժերի համատեղ գործողություններ, ինչպես նաև Վրաստանի պաշտպանության ուժերի մարտական պատրաստության կենտրոնի կարողությունների ստուգում։ Զորավարժություններին կմասնակցեն զինվորականներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Հունաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Սլովակիայից, Լիտվայից և Ուկրաինայից։ Հայաստանից բացի, զորավարժություններին դիտորդի կարգավիճակով կմիանան նաև Ճապոնիայի զինված ուժերի ներկայացուցիչները։

ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը՝ Երևան քաղաքի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12.5 միլիոն դոլար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը: «Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ուղեվարձը 100դրամ էր ու իրականացվում էր ավելի պատշաճ, քաղաքացիների վճարում էին բարեխղճորեն։ Տրանսպորտի «բարեփոխում» անվան տակ, քաղաքացիներին դեմ գնալով ՔՊ-ն թանկացրեց ուղեվարձը 150 դրամ ու հիմա կանգնել են փաստի առաջ։ 2025թ հունվար-հունիս ամիսներին տրանսպորտի հավաքագրումը պակասել է 5 մլրդ դրամով, քաղաքացիների արդարացված բոյկոտի արդյունքում։ Ասե՛ք կանե՛նք, կարգախոսով քաղաքացիներին խաբածները ստացան հերթական ապտակը»,- գրել է Ստեփանյանը հավելելով՝ չբարեփոխված թանկացած տրանսպորտի դեմ բոյկոտը շարունակական է լինելու։ «Տուգանող «հսկիչների» մուտքը տրանսպորտ հակառակ էֆեկտն է տալու, տղաներ ու աղջիկներ»,-գրառումն այսպես է եզրափակել նա։ Երևանի քաղաքապետարանից էլ տեղեկացնում են, որ օգոստոսի 1-ից միասնական տոմսային համակարգը շարունակելու է գործել վճարման 3 տարբերակով՝ տրանսպորտային քարտ, անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից) և բջջային հավելված, իսկ մեկանգամյա օգտագործման ուղետոմսերը փաստացի դուրս կգան շրջանառությունից։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու