Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 22:00 02-02-2026

Փաշինյանը և Ալիևը կպարգևատրվեն, Շահրամանյանի հայցը մերժվեց, Աննա Հակոբյանը շնորհակալ է․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է փետրվարի 2-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կմեկնեն Աբու Դաբի, որտեղ փետրվարի 4-ին նրանց կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։ Այս մասին հայտնել է Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «ՀՀ վարչապետը փետրվարի 4-ին ներկա կգտնվի Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության համար» մրցանակաբաշխությանը»,– նշել է նա։ Հիշեցնենք` Կառավարությունից հունվարի 19-ին հայտնել էին, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն արժանացել են «Զայեդ» մրցանակի։ Մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը այս համատեքստում ընդգծել է Նիկոլ Փաշինյանի շարունակական, հետևողական և սկզբունքային ջանքերը՝ ուղղված խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։ «Զայեդը» միջազգային մրցանակ է, որը հիմնադրվել է 2019 թվականին Արաբական Միացյալ Էմիրություններում` կաթոլիկ և իսլամական աշխարհի առաջնորդների նախաձեռնությամբ։ Այն կրում է ԱՄԷ-ի հիմնադիր առաջնորդի՝ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի անունը։


Դատարանը մերժել է Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ «Հայաստանի պատմություն» առարկայի 9-րդ դասարանի դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության։ Սամվել Շահրամանյանը պահանջում էր «Հայաստանի պատմություն» առարկայի 9-րդ դասարանի դասագրքից հանել տեղեկությունն այն մասին, թե ինքը, որպես նախագահ, ստորագրել է ԼՂ լուծարման մասին հրամանագիրը։ Փաստաբան Ռոման Երիցյանն Արցախի նախկին նախագահի անունից դատարան դիմել է 2025 թվականի սեպտեմբերին։ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աշոտ Հովհաննիսյանի, մերժել է հայցը։ Հիշեցնենք, որ դասագրքում կա «ԼՂ հայաթափումը» ենթավերնագիր, որտեղ արտացոլված է տեղեկություն, թե ԼՂՀ նախագահը ստորագրել է ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր։ Ավելի ուշ փաստաբան Ռոման Երիցյանը մամուլի ասուլիս հրավիրեց, որի ժամանակ էլ տեղեկացրեց, որ դատարանը արձանագրել է՝ Սամվել Շահրամանյանի հայցը մերժվել է, սակայն դա չի նշանակում, որ Արցախի նախագահը պարտություն է կրել։ «Դատարանը պարզ արձանագրել է, որ տվյալ հրամանագիրը կայացվել է ուժի կամ ուժի գործադրման սպառնալիքի ազդեցության տակ և առ ոչինչ է հենց կայացման պահից։ Բացի այդ, դատարանը ընդգծել է, որ պատմության դասագրքում ներկայացված տեղեկությունները ամբողջական չեն և պետք է համալրվեն՝ արտացոլելու իրականությանը համապատասխան։ Սա ներառված է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավական ակտերով»,– ասաց Երիցյանը։ Փաստաբանի խոսքով՝ որոշ լրատվամիջոցներ կարճ տեղեկություն են տարածել, որ հայցը մերժվել է, ինչը ամբողջությամբ ճիշտ չէ․ իրականում դատարանը ճանաչել է որոշ փաստաթղթերի անվավերությունը և պահանջել դրանց համապատասխանեցում փաստերի հետ, ինչը ապահովում է որոշակի արդարություն հայցողի համար։


Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիևը չի բացառել, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը մինչև հունիս կստորագրվի։ «Մինչև Հայաստանում կայանալիք հերթական ընտրությունները, այսինքն` մինչև հունիս, մենք կարող ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- ասել է նա։ Դիմելով խորհրդարանի անդամներին՝ ադրբեջանցի պատգամավորն ընդգծել է, որ դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե «Հայաստանը պարտավորվի, որ իր նոր Սահմանադրության տեքստում Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներ չեն լինի»։ Հասանղուլիևը նաև նշել է, թե «ըստ ադրբեջանական օրենսդրության՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը «Հայրենական պատերազմ է» ճանաչված, ուստի խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար, ըստ Սահմանադրության, անհրաժեշտ է Միլի մեջլիսի համաձայնությունը»։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում: Պայմանագիրը ստորագրելու Բաքվի նախապայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, որը հղում է կատարում մեր պետության հիմնարար փաստաթղթին՝ Անկախության հռչակագրին, որն էլ հիմնվում է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա։ Պաշտոնական Երևանն անհիմն է համարում Բաքվի այդ պահանջը:

Մանրամասները՝ տեսանյութում: