Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 21:45 23-10-2025

Ստեփան Ասատրյանը մերժվեց, Ավինյանն էլ «պատարագին» չի մասնակցի, Փաշինյանն Ալիևից գոհ է․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հոկտեմբերի 23-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանը հիմա էլ Հայաստանից է իր գնահատանքը հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով ավելի վաղ հայտնել էր, որ իր երկիրը վերացրել է դեպի Հայաստան բեռնափոխադրումների արգելքը։ «Առաջիկայում տեղի են ունենալու ֆունդամենտալ փոփոխություններ, մասնավորապես հիմա մենք տեսնում ենք, գոհունակությամբ պետք է արձանագրենք, որ Հայաստանը քայլ-քայլ շրջափակումը հաղթահարում է»,- կառավարության այսօրվա նիստում ասել է նա։ Փաշինյանը միևնույն ժամանակ ասել է, որ հայկական կոնյակ և շամպայն հասկացություններ չեն կարող լինել։ «Ժողովո՛ւրդ ջան, հայկական կոնյակ հասկացություն չի կարող լինել, ոնց որ չի կարող լինել Դիլիջանի ջերմուկ: Կոնյակ կարող է արտադրվել միայն Ֆրանսիայի Կոնյակ երկրամասում աճեցված խաղողից: Էն որ ես ասում եմ՝ Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվել, հիմք է տալիս ինձ մեղադրելու հերթական անգամ մեր ազգային արմատներից կտրվելու մեջ։ Մենք պետք է այս տեղեկությունն իմանանք՝ կոնյակ կարող է արտադրվել միայն Ֆրանսիայի Կոնյակ երկրամասում աճեցված խաղողից։ Հայաստանում չի կարող շամպայն լինել, որովհետև շամպայն արտադրվում է միայն այն խաղողից, որը Ֆրանսիայի Շամպայն ռեգիոնում է աճում»,– ասել է նա։

Տիգրան Ավինյանը չի մասակցելու կիրակի օրը Հովհաննավանքում կայանալիք այսպես կոչված պատարագին, որը մատուցելու կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը։ Այս մասին Ավինյանն այսօր ասել է լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում՝ պատճառաբանելով, թե այդ օրը գործուղղման է լինելու։ «Ցավոք, կիրակի օրը Երևանում չեմ լինելու, գործուղման մեջ եմ, այլապես մեծ հաճույքով կգնայի և կմասնակցեի պատարագին»,- նշել է նա: Նշենք՝ Ալեն Սիմոնյանը ևս հայտարարել է, որ չի մասնակցելու Ստեփան Ասատրյանի կողմից մատուցվելիք պատարագին։ Այսօր նաև հայտնի դարձավ, որ ամուսնական զույգը հրաժարվել է Աստարյանի պսակադրության արարողությունից՝ այն բանից հետո, երբ իմացել է, որ վերջինս կարգալույծ է արվել։ Նրա փոխարեն արարողությունն իրականացրել է Տեր Սարգիսը։ «Ոստիկանությունը հսկում է , որ վարչապետի յուրայինի ձեռամբ անխոչընդոտ պսակադրությունն անցկացվի: Կողքից նաև հսկող տղամարդկանց խմբեր միացան, որ աջակցեն իրենց Տեր Արամի ոչ օրինական ծեսին»,- հայտնել է լրագրող Սյուզի Բադոյանը։ Հիշեցնենք՝ կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ կմատուցի, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։

Երևանում հոկտեմբերի 21-22-ը կայացած հայ-ադրբեջանական քննարկմանը մասնակցել է նաև 2022 թվականի դեկտեմբերին Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջացքն ապօրինաբար արգելափակած այսպես կոչված էկոակտիվիստ Դիլարա Էֆենդիևան։ Տեղեկությունը հայտնում է FIP փաստերի ստուգման հարթակը: Այդ օրերին Արցախի Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ: Մինչդեռ, Էֆենդիևան 2022 թվականի դեկտեմբերին հրաապարակված տեսանյութում պնդում էր, թե իբր իրենք պատրաստ են միջանցք տալ՝ արցախցիների պատշաճ բուժօգնության համար։ «Ես՝ որպես այս ակցիայի կազմակերպիչներից մեկը, ուզում եմ հաստատել, որ մենք պատրաստ ենք միջանցք տրամադրել շտապօգնության մեքենայի և բժշկական օգնության համար»,- ասել էր Էֆենդիևան, ինչը բնականաբար իրականությանը չէր համապատասխանում։ Հիշեցնենք` ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 22–ին հանդիպել էր ադրբեջանական քաղհասարակության ներկայացուցիչների հետ, որոնք հոկտեմբերի 21-22–ին մասնակցել են «Double tree by Hilton» հյուրանոցում կայացած կլոր սեղանին: Քննարկվել է «խաղաղության օրակարգը»։

Հոկտեմբերի 20-ին Գյումրիի քաղաքապետարանի դիմացից ձերբակալվածներից 15-ը կալանավորվել են, 3 տնային կալանք կա՝ բացակայության արգելքով, 1-ի նկատմամբ վարչական հսկողություն է սահմանվել: Դատարանը երեկվանից էր սկսել քննել կալանքի միջնորդությունները: Կալանավորվածների թվում են նաև քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորը թոռները, մեկը ավագանու Կոմկուս խմբակցության անդամ Գևորգ Ղուկասյանն է, մյուսը՝ Նարեկ Ղուկասյանը: Ղուկասյանի եղբոր ևս մեկ թոռ երեկ է ձերբակալվել, նա անչափահաս է, նրան դեռ մեղադրանք չի առաջադրվել: Ձերբակալված մյուս անչափահասն արդեն մեղադրյալի կարգավիճակ ունի, տնային կալանքի տակ է, երկրից բացակայելու արգելք ունի: Զանգվածային անկարգությունների հոդվածով այս գործը հարուցվեց նույն այն օրը, երբ կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալվեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Նրա աջակիցները հավաքվել էին քաղաքապետարանի մոտ: Երբ Ղուկասյանը ձերբակալվեց ու տեղափոխվեց Երևան, Գյումրի բերված մեծ թվով ոստիկանների ու Ղուկասյանի աջակիցների միջև բախում եղավ, որի արդյունքում էլ եղան բերման ենթարկվածներ: Քննչական կոմիտեն պնդում է, որ մեղադրյալները հնչեցրել են կոչեր՝ արգելափակել համայնքապետարանի վարչական շենքի մուտքերը, որպեսզի հնարավոր չլինի տեղափոխել ձերբակալված ու համայնքապետարանի վարչական շենքում գտնվող անձանց, վնասել են Ոստիկանության մեքենաների անվադողերը, համայնքապետարանի վարչական շենքի գույքը և ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել: Քննչականի փոխանցմամբ՝ 37 ձերբակալվածներից 29-ին է մեղադրանք առաջադրվել:

Մանրամասները՝ տեսանյութում: