Oragir.News-ը ներկայացնում է դեկտեմբերի 23-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ չզեկուցվող հարցերի փաթեթն ընդունելուց հետո լեզվակռիվ սկսվեց Տիգրան Ավինյանի և ընդդիմադիր ավագանիների միջև։ Չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված էր նաև Երևանում «կարմիր գծերի» ու տրանսպորտի վճարների` 2026թ. դրույքաչափերը սահմանելու մասին նախագծերը, չնայած այն բանին, որ դատարանը վերջերս թանկացմանը որոշումը հերթական անգամ ոչ իրավաչափ էր ճանաչել։ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը «Հանրապետություն» և «Հանրային ձայն» խմբակցությունների անդամներին անվանեց ՔՊ-ին ծառայողներ` ընդգծելով, որ «Քաղաքացիական պայմանագիրը» տուգանքի «մատերիալ» է դարձրել ։ «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն էլ նշեց, որ չի ցանկանում քաղաքական խոտանների խոսքերին անդրադառնալ, որոնք օդում կախված են ինչպես ոջիլներ։ Իրավիճակն ավելի լարվեց «Հանրային ձայն» խմբակցության ավագանու անդամ Արտակ Գալստյանի խոսքի ժամանակ։ Նա նշեց, որ ընդդիմության ձայները 33-ն են, իսկ իշխանությանը՝ 32-ը։ Գալստյանը հռետորական հարց հնչեցրեց՝ ընդհանուր չզեկուցվող հարցերի փաթեթը բաղկացած էր 21 հարցից, ու բոյկոտելու դեպքում ինչու են մյուս ընդդիմադիրները միայն «կարմիր գծերի» և հանրային տրանսպորտի մասին հարցերը նշում։ Տիգրան Ավինյանը, որը մի քանի անգամ հայտարարել է, որ բետոնե նյարդեր ունի, հունից դուրս եկավ։ «Շատ եք լոճվում, հարգելի գործընկերներ, ու էդ ձեր լայնքը հեսա կնեղացնենք։ Լավ եմ անում, որ ասում եմ` շատ եք լոճվում։ Ձեր լեզվի ելևէջները մեկ-մեկ խառնում եք։ Մեր համեստությունը, զսպվածությունը, հանգստությունը խառնում եք շատ այլ բաների հետ։ Ինչքան չենք խոսացել, այնքան ավելի եք ոգևորվել։ Նախազգուշացումներ եմ տալիս, բայց դրանք այլ մակարդակների կանցնեն։ Կրկին զգուշացնում եմ ռեպլիկներ թողնողներին, «ապերավատ» լինողներին, ովքեր մտածում են, թե իրենց քուչում են»,- ասաց նա՝ ընդդիմադիրներին հորդորելով ավելի զուսպ լինել։
Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում չեն ընդունել իրենց առաջադրված շինծու մեղադրանքները։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նրանք հանդես են եկել եզրափակիչ խոսքով: Բաբայանը նախորդ նիստին էր սկսել խոսքը: Լևոն Մնացականյանը, անդրադառնալով մեղադրանքներին, ասել է՝ Արցախում կռվել են ոչ թե վարձկաններ, այլ կամավորներ։ Նա նշել է նաև, որ չի մասնակցել որևէ ռազմական գործողության ինչպես 2020, այնպես էլ 2023 թվականներին։ Մնացականյանը հերքել է նաև ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ ադրբեջանական մեղադրողի պնդումը, շեշտելով, որ հայկական կողմը չի հարձակվել ադրբեջանական դիրքերի վրա։ Ավելի վաղ դատարանում խոսել էին Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն ու գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը: Նրանք ևս չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը։ Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում 23 հայ գերի ու պատանդ է պահվում: Նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն են․ նրանց հիմնական մասին մասին, բացառությամբ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ցմահ ազատազրկում է սպառնում։
Կտրուկ վատթարացել է Բաքվի բանտում գտնվող Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի արդարադատության նախարարությունը։ Գերատեսչության տեղեկություններով՝ դեկտեմբերի 22-ին Խաչատրյանի մոտ շնչառական խնդիրներ և սրտի հատվածում ցավեր են ի հայտ եկել։ Ըստ ադրբեջանական աղբյուրների, Խաչատրյանին առաջին օգնությունը ցուցաբերել են բանտի բժիշկները, սակայն «ինտենսիվ թերապևտիկ և վերակենդանացման գործողությունները որևէ դրական դինամիկայի չեն հանգեցրել, ուստի Խաչատրյանը տեղափոխվել է պետական բժշկական հաստատություն»։ Ադրբեջանի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Խաչատրյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ինտենսիվ թերապիան շարունակվում է։ 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը առևանգվել ու գերեվարվել է 2023թ. հուլիսի 29-ին՝ Լաչինի միջանցքի վրա տեղադրված ապօրինի ադրբեջանական անցակետի մոտակայքից՝ շտապ բուժօգնության նպատակով Կարմիր խաչի մեքենայով տարհանվելու ընթացքում: 70-ամյա արցախցուն Բաքուն մեղադրում է Մեշալի գյուղում ադրբեջանցիների ցեղասպանության, նրանց բռնի տեղահանման համար։ Խաչատրյանը դատարանում ասել է՝ չգիտի ինչի մասին է խոսքը։ Մեշալին, որ արցախցիներին հայտնի է Լեսնոյ անվամբ, Խաչատրյանի ծննդավայրից՝ Ասկերանի Պատարա գյուղից մի քանի կիլոմետր է հեռու։ Խաչատրյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։
Մանրամասները՝ տեսանյութում։